Հայաստանի հեծանվային սպորտի հավաքականը նոր համալրում ունի: Մոտ մեկ ամիս գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանի ղեկավարությամբ այստեղ է մարզվում Սանկտ-Պետերբուրգից Հայաստան տեղափոխված հայ հեծանվորդուհի Կարինա Մինասյանը:
Չնայած երիտասարդ տարիքին (ծնվել է 2000 թվականին) նա Ռուսաստանի հավաքականի կազմում 2017 թվականին թիմային մրցավազքում եղել է Եվրոպայի բրոնզե մրցանակակիր, իսկ անցած տարի, երբ մեր Էդգար Ստեփանյանը Շվեյցարիայում նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը, Կարինա Մինասյանը դարձավ արծաթե մեդալակիր:
Արմեն Գյոզալյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ Կարինայի ընտանիքը որոշել է տեղափոխվել Հայաստան, եւ հիմա աղջնակը այստեղ է: «Կարինան մարզվում է Էդգար Ստեփանյանի եւ հավաքականի հետ միասին: Նա ցանկանում է Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել Եվրոպայի, աշխարհի առաջնություններին, աշխարհի գավաթի փուլերին: Ներկայումս զբաղվում ենք նրա քաղաքացիության եւ հայկական անձնագիր ստանալու հարցերով: Որքան արագ այդ հարցը լուծվի, այնքան շուտ կսկսի Հայաստանի դրոշի ներքո հանդես գալ»,- ասում է մարզիչը: Արմեն Գյոզալյանը նաեւ տեղեկացրեց, որ Կարինա Մինասյանի՝ Ռուսաստանի հավաքականում գրանցած արդյունքները չեն փոխանցվում Հայաստանի ֆեդերացիային»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ