Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Լևոն Տեր-Պետրոսյանն էր հարթակում Մանվե՜լ, Մանվե՜լ կանչում, որ Մանվելը գա՝ միանա». Արամ Սարգսյան

Ապրիլ 07,2019 17:27

«ԵԿՄ-ն մեծ կառույց է. մեկ-երկու կամ հինգ մարդ էլ կարող են նման կարծիք ունենալ, այդպես է ցանկացած կառույցի ընտրության, ներկուսակցական խնդիրների ժամանակ: Դա բացթողում և խախտում չեմ համարում»,- Aravot.am-ի հիշեցմանը՝ որոշ ազատամարտիկներ պնդում են, որ ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումարն անցկացվեց ազատամարտիկների իրավունքների խախտմամբ, այսպես պատասխանեց ԵԿՄ նորընտիր վարչության անդամ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նա հավաստիացրեց՝ այստեղ են ազատամարտի մասնակիցների ջոկատների իննսուն տոկոսն ու ավելին և միաձայն ընտրեցին Սասուն Միքայելյանին:

Մեր հարցին՝ ԵԿՄ-ն այժմ վստահելի՞ ձեռքերում է, Արամ Սարգսյանը պատասխանեց. «ԵԿՄ-ն հնարավորություն ունի այս պահին համալրվելու, ուժեղանալու: Նախկինում, նախորդ իշխանությունները, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը ոչ լեգիտիմ լինելով, որոշ ժամանակ երկրապահի լուրջ հեղինակությունից վախենալով, կառույցը մասերի բաժանեցին, փորձեցին թուլացնել: Այսօրվա իշխանությունը լուրջ հեղինակություն ունի, նման վտանգ չկա: ԵԿՄ հեղինակությունն այսօրվա  իշխանությանը չի վտանգում, հետևաբար խանգարող չկա. դաշտն ազատ, մաքուր է»:

Մեր հիշեցմանը՝ կարծիքներ կան, որ ԵԿՄ-ն չձերբազատվեց «մանվելիզմից», Արամ Սարգսյանն այսպես արձագանքեց. «Ես չեմ ընդունում մանվելիզմ և այլ տեսակի մոտեցումներ և բնորոշիչներ: ԵԿՄ-ում ներգրավված անհատներն իրենց միասնական կերպարով այս երկրի արժանի քաղաքացիներն են և իրավունք են ունեցել մշտապես և ունեն մասնակցելու երկրի տնտեսական, ներքաղաքական խնդիրներին և իրենց տեսակետն ասելու»:

Դառնալով 2008-ի նախագահական ընտրություններին՝ Արամ Սարգսյանն ասաց. «Այդ ժամանակ երկրապահը, Մանվել Գրիգորյանն իշխանության կողմը չի եղել: Բոլորդ հիշում եք՝ Լևոն Տեր-Պետրոսյանն էր հարթակում Մանվել, Մանվել կանչում, որ Մանվելը գա միանա: Իշխանությունն էլ ամսի 24-ին հոդված դրեց ԱԱԾ-ում բռնի ուժով և զինված ուժով հեղաշրջում կազմակերպելու առումով: Այլ բան չէր մնում այդ առումով, որ այն մարդիկ, որոնք ԵԿՄ-ում էին հավաքված, որոնց մեղադրում էին զենքով իբր իշխանափոխություն անելու, զենքը դնեին և դռները փակեին: Վստահաբար ասում եմ, որ այսօրվա ԵԿՄ վարչության անդամ Արայիկ Կետիկյանը մարտի 1-ին գիշերվա ժամը մինչև երկուսն ինձ հետ քաղաքապետարանի դիմացի հրապարակում է եղել և բազմաթիվ երկրապահներ: Այնպես որ, բացարձակ այդպես չէ, որ ԵԿՄ-ն իշխանության կողքին է եղել»:

Դառնալով դժգոհություններին՝ Արամ Սարգսյանն ասաց, որ եթե նրանք ասելիք ունեն, առաջնորդ են ու եթե նպատակահարմար կհամարեն, թող գան, ԵԿՄ-ի հետ համագործակցության հուշագիր ստորագրեն, այնպես, ինչպես ապրիլյանի տղերքը, ինչպես երդվյալ ազատամարտիկներն ու  ազատամարտի վետերանները:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930