Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ԵԿՄ համագումարին ներկա չէին ՀՀԿ-ի հետ կապ ունեցող անդամները

Ապրիլ 07,2019 16:36

«Ես չեմ կարող լինել և′ կուսակցության, և′ ԵԿՄ վարչության նախագահ: Մեր կուսակցության կանոնադրությամբ՝ ՔՊ-ի վարչության նախագահը  առավելագույնը երկու տարի կարող է պաշտոնավարել: Իմ ժամկետը լրացել է. մայիսին ՔՊ-ի համագումարն է , ես այդ ժամանակ իմ լիազորությունները վայր կդնեմ»,-ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումարից հետո հրավիրված ասուլիսին հայտարարեց ԵԿՄ վարչության նորընտիր նախագահ Սասուն Միքայելյանը՝ պատասխանելով հարցին, ինչպե՞ս եք անելու, որ ԵԿՄ-ն չքաղաքականացվի, քանի որ ինքն իշխող դաշինքի վարչության նախագահն է:

Սասուն Միքայելյանը վստահեցրեց՝ երբևէ չկասկածեք, որ ինչ-որ ժամանակ կարող է ԵԿՄ-ն դառնալ կուսակցության կցորդ. «Այսօրվա իշխանությունները ժողովրդավար իշխանություններ են և ուսթսուն տոկոս վստահության քվե են ստացել: Մենք երբեք չենք խանգարի իշխանությանը, բայց նրանց կցորդը չենք դառնա: Տեսաք՝ ինչ եղավ, երբ փորձեցին երկրապահին ծառայեցնել իշխանությանը: Նման բան չի լինի»:

Հիշեցմանը՝ «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Արա Խուդավերդյանը մտահոգություն էր հայտնել, որ ազատամարտիկների իրավունքների ոտնահարմամբ է համագումարը կազմակերպվել, Սասուն Միքայելյանն արձագանքեց՝ նշելով, որ այդ հարցին կպատասխանի ԵԿՄ վարչության փոխնախագահ Արա Կետիկյանը: Նա նշեց. «Աշխատանքային խումբն աշխատել է՝ համաձայն կանոնադրության: Կոռնիձորի հրամանատարի կողմից մեզ նամակ է ուղարկվել, մենք պատասխանել ենք օրենքի և կանոնադրության տառին համապատասխան: Յուրաքանչյուր պատվիրակ ընտրվում է  տարածքային ժողովների արձանագրության հիման վրա: Նրանց պատասխանել ենք, և այլևս պատասխան չենք ստացել: Ուրախ կլինեինք՝ թե′ ջոկատի տղերքին, թե′ իրենց, որ ընտրվեին պատվիրակ համագումարին»:

Սասուն Միքայելյանը տեղեկացրեց՝ իր գործունեության առաջնային քայլերից է լինելու այն, որ տարիների ընթացքում այն ջոկատները, որոնք մնացել են ստվերում, նրանց ճակատագրերի հետ չխաղալ. «Ժողովրդին պետք է պարզ լինի, թե այս տարիների ընթացքում որ ջոկատն, ինչ մարտական գործունեություն է ծավալել, որ բարձրացնենք Երկրապահի դերը: Չմտածեք, որ մենք կոմպլեքսների մեջ ենք. ես եկել եմ իմ մարտական ընկերների առաջարկով, որ համախմբվենք: Թյուրըմբռնումով են մոտենում երկրապահին, ամենակարևորը դա պետք է վերականգնվի»:

Դիտարկմանը՝ այսօր նոր անդամներ կային համագումարին, բայց ՀՀԿ-ի հետ կապ ունեցող ԵԿՄ անդամները, օրինակ, Տարոն Մարգարյանը, Սեյրան Սարոյանը, ներկա չէինք և հարցին՝ նրանց չե՞ն հրավիրել, Արա Կետիկյանը պատասխանեց. «Որևէ մեկի անձի դեմ ոչինչ չունենալով՝ ուզում եմ հատուկ նշել, որ վարչության անդամները հրավիրվողի դերում չեն, այլ հրավիրողի: Հավատացեք վերջին ութ-ինը ամիսների ընթացքում որոշակի ճգնաժամ կար: Այն վարչության անդամները, որոնք ակտիվ կանգնել են կառույցի կողքին, ներկա են, մնացածն իրենց հարցրեք»:

Հիշեցմանը Մանվել Գրիգորյանի պաշտպանները պնդեցին, որ Մանվել Գրիգորյանի առանձնատունը պահեստ է ծառայել ԵԿՄ համար և հարցին՝ այս խնդրով ո՞րն է Սասուն Միքայելյանը կարծիքը, նա պատասխանեց. «Այդ հարցերով մեր իրավապահներն են զբաղվում: Գործը դատարանում է, և հարցի պատասխանը կստանաք»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930