Ապրիլի 6-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նկուղը Ad libitum ազատ արվեստակիր ուսանողների նախաձեռնության և Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի համագործակցության արդյունքում ցուցասրահի էր վերածվել։
«Ազատությունը արվեստի միջոցով» խորագիրը կրող ցուցահանդեսում ցուցադրված էին Հայաստանի 10 բուհերի ուսանողների աշխատանքներ։
Ցուցահանդեսի մեկնարկը տրվեց Վիվալդիի հնչյունների ներքո։
Ad libitum նախաձեռնության ներկայացուցիչ Հայկ Մակյանի խոսքով՝ նկուղում ցուցահանդես կազմակերպելն արվեստի հզոր ներգործության ուժը ցուցադրելու յուրատեսակ միջոց էր։
Նա ցուցահանդեսը «ստեղծագործ ակտիվիզմ» անվանեց. «Այս նախաձեռնությունը կարևոր էր բուհերի միջև ազատ համագործակցության ստեղծման առումով։ Հայտնի է, որ միջբուհական համագործակցությունները հիմնականում կազմակերպվում են նախարարության կողմից, կամ իրագործվում են որոշակի հուշագրեր ստորագրելուց հետո։ Տվյալ ցուցահանդեսը ուսանողի ինքնակազմակերպման արդյունքն է։ Հենց ինքնակազմակերպման ոգին ենք անվանում ազատություն»,- ասաց Հայկը։
«Հանուն ազատության» հիմնադրամի ներկայացուցիչ Եվա Թովմասյանի խոսքով՝ միջոցառումներ կազմակերպելիս պետք է կարևորել դրանցում մարզաբնակ ուսանողների ներգրավվածության հարցը։
«Հաճախ եմ նկատում, որ նմանատիպ միջոցառումներին մասնակցելու հնարավորություն առավել հաճախ ստանում են երևանաբնակ ուսանողները։ Մարզաբնակներին ներգրավելու հնարավորությունը տվյալ ցուցադրության գլխավոր առանձնահատկություններից մեկն եմ համարում»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Ցուցահանդեսին ներկա էին կոներվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը, ԿԳՆ փոխնախարար Արևիկ Անափիոսյանը, արվեստագետներ Արման Գրիգորյանն ու Հովհանես Մարգարյանը։
Արման Գրիգորյանը նկատեց, որ ցուցասրահում պատկերված նկարները հիմնականում դասական արվեստի ուսումասիրության արդյունք էին։ Նա ժամանակակից տեխնոլոգիաների (ֆոտո, վիդեո, լուսանկար) օգտագործման բացակայությունը գովելի համարեց։
Նրա այս դիտարկմանը հակադարձեց արվեստագետ Հովհաննես Մարգարյանը, որն ուսանողներին հորդորեց ձեռքի արվեստից կախված չլինել և օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաների տրամադրած հնարավորությունները։
Անդրադառնալով ազատության արվեստին՝ խոսեց գրաֆիտիից, որը, նրա խոսքով, անհատի համարձակության դրսևորման միջոց է և մասնակիցներին խորհուրդ տվեց առավել համարձակ լինել։
«Ձեր ոչ թե կառուցելու, այլ կարծրատիպեր քանդելու ժամանակն է»,-ասաց Հովհաննես Մարգարյանը։
Արևիկ Անափիոսյանի խոսքով՝ արվեստը կրթության այլ բնագավառների հետ հավասար պիտի գնահատվի. «Բոլորս կարևորում ենք մաթեմատիկան, լեզուների իմացությունը, բայց եկել է ժամանակը գիտակցելու, որ արվեստը ևս լեզու է և շատ բաներ միայն այդ լեզվի շնորհիվ են մեզ հասկանալի դառնում»։
Նաև խոստացավ, որ կրթության և գիտության ոլորտում սպասվող բարեփոխումները կներառեն նաև այս ոլորտը։
Էլինա ԱՍԱՏՐՅԱՆ