Լրահոս
Օրվա լրահոսը

Մալերի 9-րդ սիմֆոնիա. լարման ներդաշնակություն

Ապրիլ 07,2019 13:09

Ապրիլի 6-ին Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը ներկայացրեց Գուստավ Մալերի 9-րդ սիմֆոնիան: Ինչպես Բեթհովենի, Շուբերտի եւ Բրուքների 9-րդ սիմֆոնիաները, դա կոմպոզիտորի վերջին խոշոր ստեղծագործությունն է, եւ բնական է, որ Մալերի ստեղծագործության մեջ էլ երաժշտագետները փնտրում են «կյանքին հրաժեշտ տալու» մոտիվներ: Մանավանդ, որ ինքը՝ Մալերը, նման մեկնաբանություններ է արել:

Սակայն ցանկացած մեծ կոմպոզիտորի ցանկացած նշանավոր գործ ավելին է, քան տվյալ մարդու անձնական հանգամանքների արտացոլումը: 9-րդ սիմֆոնիան գրելու ընթացքում ավստրիացի երաժշտի այդ «անձնական հանգամանքներն» իսկապես տխուր էին՝ մահացել էր նրա 4 տարեկան դուստրը, կնոջ՝ Ալմայի հետ հարաբերությունները ճգնաժամ էին ապրում, Մալերի մոտ բժիշկներն ախտորոշել էին սրտի անբուժելի հիվանդություն: Ստեղծագործական առումով էլ ամեն չէ, որ հարթ էր ընթանում: Մալերը ստիպված էր թողնել Վիեննայի օպերան, որը ղեկավարում էր 10 տարի, հրավիրվել էր Մետրոպոլիտեն օպերա, որի ղեկավարության հետ, սակայն, լեզու չէր գտնում, Նյու-Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ աշխատանքն էլ առանձնապես չէր ստացվում:

Բայց իր 9-րդ սիմֆոնիայով Մալերը մեզ շատ ավելի կարեւոր բաներ է պատմում, քան իր անձնական «դարդերը»: Դա, կարելի է ասել, 19-րդ դարի մշակույթի, մտածողության, փիլիսոփայության ամփոփումն է (սիմֆոնիան ավարտին է հասցվել 1909 թվականին, իսկ առաջին անգամ կատարվել է 1912 թվականին՝ արդեն կոմպոզիտորի մահվանից հետո): Դա նաեւ մի «դուռ» է դեպի 20-րդ դար՝ դարձյալ ոչ միայն երաժշտական առումով:  Լրագրողական հոդվածում հնարավոր չէ դրան ավելի մանրամասն անդրադառնալ՝ ասեմ միայն, որ այդ ստեղծագործությունը հասկանալու համար ցանկալի է, որ ունկընդիրը կարդացած լինի Դոստոեւսկի, Կաֆկա, լսած լինի Ալբան Բերգի, Շոստակովիչի երաժշտությունը:

Մալերի այս սիմֆոնիան հսկայածավալ ստեղծագործություն է, տեւում է մոտ 80 րոպե, եւ պարզապես «համերգային» տրամաբանության մեջ չի տեղավորվում: Առավել եւս ուրախալի է, որ շաբաթ օրը «Արամ Խաչատրյան» դահլիճը գրեթե ամբողջությամբ զբաղեցված էր երաժշտասերներով եւ, որն ավելի ուրախալի է՝ շատ էին երիտասարդները: Նման գործերի կատարումը հսկայական լարում է պահանջում ե՛ւ ունկնդիրներից, ե՛ւ երաժիշտներից: Ինձ թվում է, դիրիժորի հիմնական խնդիրն է «բաց չթողնել» հանդիսատեսի ուշադրությունը, անընդհատ պահել նրան երաժշտության տարերքի, «մագնետիզմի» մեջ:

Դա հատկապես դժվար է վերջին՝ 4-րդ մասում՝ այդ Adagio-ն տեւում է մոտ 20 րոպե, եւ տեմպը նշելիս կոմպոզիտորը նշել է՝  «շատ դանդաղ, ընդ որում՝ զուսպ», այսինքն՝ դիրիժորն այստեղ պետք է անընդհատ ինքն իրեն զսպի: Այս խնդիրը թե՛  վերջին մասում, թե՛ ամբողջ սիմֆոնիայում փայլուն կերպով կատարեց Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ: Ընդհանրապես երաժիշտների եւ ունկնդիրների «լարման ներդաշնակություն» նպատակը դիրիժորը կարողացավ իրագործել:

Մալերի 9-րդ սիմֆոնիան, որքան հիշում եմ, կատարվել է Երեւանում 1970-ական թվականներին: Բոլոր դեպքերում ես այդ ստեղծագործությունը «կենդանի կատարմամբ» չէի լսել: Լսել էի բազմաթիվ ձայնագրություններ՝ Բերնսթայնի, Բարենբոյմի, Աբադոյի, նաեւ խորհրդային դիրիժոր Կիրիլ Կոնդրաշինի  ղեկավարությամբ: Այդ մեկնաբանություններն, իհարկե, հրաշալի են: Սակայն ակնհայտ է, որ ընկալումը վինիլային սկավառակով, CD-ով կամ youtube-ով էապես տարբերվում է համերգային դահլիճում «երաժշտության արարմանը» ներկա գտնվելուց: Մալերի 9-րդ սիմֆոնիայի դեպքում դու ոչ թե գնում ես «համերգի», այլ ավելի շուտ՝ «ծրագրի», եթե ուզում եք՝ «ներկայացման»:

Երազում եմ այն ժամանակների մասին, երբ նման ստեղծագործությունների կատարումը Երեւանում դառնա լուրջ իրադարձություն հնարավորինս լայն շրջանակների համար:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930