«Փաստինֆո» – Ապրիլի 5-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, դատապարտել 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկմամբ եւ համաներմամբ ազատ արձակել պատիժը կրելուց։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Բաբայանի պաշտպան Արմեն Մելքոնյանից։
Մելքոնյանի խոսքով՝ պաշտպանական կողմը քննարկում է որոշումը ստանալուց հետո այն բողոքարկելու հարցը. «Մեր միակ պահանջը Էդուարդ Բաբայանին արդարացնելն էր»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց նա։
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի նախկին թիկնապահ, ներկայումս պատգամավոր Էդուարդ Բաբայանին մեղադրանք էր առաջադրվել 2018 թվականի հուլիսի 2-ին ԲՀԿ առաջնորդ, ԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օլիմպավան» մարզասրահում տեղի ունեցած միջադեպի գործով. վիճաբանության ժամանակ, ըստ մեղադրանքի, Բաբայանը բռնություն է գործադրել աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր Նիկոլայ Հարությունովի հոր՝ Վյաչեսլավ Հարությունովի նկատմամբ՝ պատճառելով ծանր մարմնական վնաս։
Քրեական գործով դատավարությունն սկսվել էր մարտի 21-ին, եւ դատարանը որոշել էր դռնփակ իրականացնել ապացույցների՝ տեսաձայնագրությունների հետազոտման փուլը, որը պետք է շարունակվեր նաեւ ապրիլի 5-ին։ Սակայն այդ օրը, պարզվում է, դատարանը ավարտել է ընդհանրապես ապացույցների հետազոտումը, այդ թվում՝ ամբաստանյալի հարցաքննությունը։ Այնուհետեւ մեղադրող եւ պաշտպանող կողմերը հանդես են եկել ճառերով, ինչից հետո դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, ապա՝ հրապարակել դատավճիռը։