Լրահոս
Օրվա լրահոսը

Նարնջով եւ կիտրոնով կեքս՝ առանց ձվի եւ կաթնամթերքի

Ապրիլ 07,2019 12:30

Այս խմորեղենը վեգանների եւ պահք պահողների, ինչպես նաեւ կաթնամթերք եւ ձու չուտողների համար է, սակայն դա չի նշանակում, որ մյուսները չեն կարող ուտել, քանի որ իսկապես շատ համեղ է, եւ եթե չիմանաք բաղադրությունը, մտքներովդ չի անցնի, որ ինչ-որ բան պակաս է այս թխվածքի մեջ:

Անհրաժեշտ մթերքները

Նարինջ- 1 հատ

Կիտրոն- 1 հատ (կեսը՝ խմորը, կեսը՝ ջնարակի (глазурь) համար)

Ջուր-0,5 բաժակ

Արեւածաղիկի կամ եգիպտացորենի յուղ- 1 բաժակ

Սպիտակաձավար- 1 բաժակ

Շաքարավազ-1 բաժակ

Ալյուր- կես բաժակից քիչ ավելի

Սոդա-1 թեյի գդալ

Չամիչ կամ կտրատած չրեր- 1-2 ճաշի գդալ

Շաքարի փոշի-2 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը

Նարինջն ու կիտրոնը լավ լվացեք: Կիտրոնը կիսեք, մի կեսը պահեք ջնարակի համար: Մանր անցքերով քերիչով քերեք նարնջի եւ կես կիտրոնի կեղեւները, ապա քամեք հյութը: Կլինի մոտավորապես 0,5 բաժակ հյութ, ավելացրեք սառը ջուր, որ բաժակը լցվի մինչեւ վերջ:

Խորը թասի մեջ լցրեք չոր մթերքները՝ բացի ալյուրից, այսինքն՝ սպիտակաձավարը, շաքարավազը, չամիչն ու սոդան: Վրան ավելացրեք բուսայուղը, քերած կեղեւները եւ քամած հյութը՝ ջրով բացած: Փայտե կամ սիլիկոնե գդալով լավ խառնեք, գդալ- գդալ ավելացրեք ալյուրը, որ դառնա բիսկվիթի խմոր: Կարող է պետք գալ  մինչեւ կես բաժակ ալյուր: Հենց զգաք, որ խմորն արդեն բավականաչափ պինդ է, բայց ծորուն, այլեւս մի ավելացրեք ալյուր:

Կեքսի ամանի մեջ տեղադրեք մի թեթեւ թրջած եւ քամած յուղաթուղթը, վրան լցրեք խմորը եւ դրեք 180 աստիճան տաքացրած ջեռոցը: Պատրաստ կլինի մոտավորապես 30-40 րոպեից: Պատրաստվածության աստիճանը ստուգեք փայտե չոփիկով:

Մինչ խմորը եփվում է, պատրաստեք ջնարակը: Փոքր ամանի մեջ լցրեք շաքարի փոշին եւ կաթիլ-կաթիլ ավելացրեք կիտրոնի հյութը՝ ակտիվ խառնելով: Հենց դառնա ջնարակի խտության զանգված, այլեւս մի ավելացրեք կիտրոնահյութ: Եթե պատահաբար ավելի ջրիկ է ստացվել, շաքարի փոշու քանակն ավելացրեք:

Եփված կեքսը թողեք գոլանա, գոլ վիճակում վրան քսեք սպիտակ ջնարակը: Կարող եք նաեւ զարդարել նարնջի կամ կիտրոնի կտորներով:

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930