Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լեւոն Իգիթյանը 3 տարի կտրվել է ընդունելության քննությունից, 4-րդ տարին ընդունվել է «շպարգալկաների» շնորհիվ

Ապրիլ 06,2019 23:07

Ճարտարապետ Լեւոն Իգիթյանը վաղ տարիքից սիրել է նկարել եւ երազել է դառնալ ճարտարապետ:

«Մենք դպրոցում մի քիմիայի դասատու ունեինք, նախ գեշ կին էր, երկրորդ քիմիայից զզվում էի, այդ պատճառով նրան չէի սիրում: Բայց ինքը ձեւը գտել էր, ինձ հանձնարարում էր աղյուսակներ նկարել իր առարկայից, երեք էր դնում, պրծնում էի: Մի օր ասաց՝ դասից հետո մնա, հետո հարցրեց, որ ավարտես ինչ ես դառնալու, ասացի՝ ուզում եմ ճարտարապետ դառնամ, ասաց՝ լավ քեզ քիմիան պետք չի լինելու»,- Aravot.am-ին պատմեց ճարտարապետը:

Երբ վեցերորդ դասարանի աշակերտ էր, Լեւոն Իգիթյանն ամեն օր դասերից հետո գնում էր հանրապետության հրապարակ. այդ տարի այնտեղ կառուցվում էր Արտաքին գործերի նախարարության շենքը. ապագա ճարտարապետը սիրում էր հետեւել շինարարական աշխատանքներին:

Նրա պատմելով՝ ինքը միշտ շինհրապարակի ներքեւում կանգնում էր ու հետեւում շինաշխատանքներին. «Այնքան էի գնում, գալիս, որ շինարար վարպետների հետ ընդմիջմանը հաց էի ուտում, մի օր այդ շենքի հեղինակն էր եկել, մեծ ճարտարապետ, անհասանելի մանկավարժ Սամվել Սաֆարյանը, տեսավ պիոներական վզկապով, պայուսակս ձեռքիս այնտեղ նստած եմ, ասաց էս երեխեն ինչի է ստեղ անում, ասացին ամեն օր գալիս է, նայում է մեր աշխատանքը, ուզում է ճարտարապետ դառնա, գրկեց ինձ, ասաց տղա ջան լավ մասնագիտություն է, ու հետո ամեն անգամ, երբ գալիս էր, ինձ միշտ գրկում էր»:

Դպրոցն ավարտելուց հետո Լեւոն Իգիթյանը դիմեց պոլիտեխնիկ ճարտարապետության բաժին, բայց երեք տարի անընդմեջ կտրվեց ընդունելության քննությունից. սկսեց աշխատել. նախ դպրոցում որպես գծագրության ուսուցիչ, հետո գործարանում, ավելի ուշ «Հայպետ նախագիծ» ինստիտուտում՝ որպես գծագրող. «Այդ տարիներին մեծ ճարտարապետների ճանաչեցի, նրանց հետ նույն արվեստանոցում նստած գծագրում էի: Ինձ առաջին գործը տվեց մեր նախագահ Արմեն Սարգսյանի հայրը՝Վարդան Սարգսյանը, ինքը նախագծում էր Սեւանի Ախթամար հյուրանոց-ռեստորանը, երբ շենքի ճակատն արդեն գծած էր, ինձ առաջադրանք տվեց՝ գույն բացելը սովորեցրեց ու մագլցող կանաչներ պետք է նկարեի ճակատին»:

Ճարտարապետության բաժին ընդունվելու չորրորդ փորձը Լեւոն Իգիթյանի համար հաջողությամբ ավարտվեց. «Չորրորդ տարին որոշել էի՝ եթե նորից չընդունվեմ, էլ չեմ գնալու, ինձ այնքան «շպարգալկա» էին տվել, որ ոչ թե պետք է արտագրեի, այլ արտանկարեի, մտածեցի՝ դե ոնց էլ լինի մի թեման կհամընկնի ու համընկավ: Քննության ժամանակ սկսեցի փնտրել «շպարգալկեն», որ օգտվեմ ու չնկատեցի, որ հետեւս կանգնած է դասախոսը, հանեցի «շպարգալկեն» ու նայում եմ, մեկ էլ ուսիս խփեց, վախեցա, բռնվեցի, մեկ էլ ականջիս ասաց՝ դիր, արտագրի, հասկացել էր՝ չորրորդ տարին նույն մարդուն տեսնում է, հազիվ երեք ստացա, այդ տարին ընդունվեցի»:

Լեւոն Իգիթյանը բուհը մի կերպ ընդունվելուց հետո էլ երկու անգամ հեռացվել է՝ տարբեր դասախոսների հետ ունեցած լարված հարաբերությունների պատճառով. «Նոր ընդունվել էինք, ընդմիջում էր, լսարանում նստած էինք, դասընկերներիցս մեկը դասախոսներից մեկի մասին հարցրեց՝ ինքը լա՞վ ճարտարապետ է, ես էլ զուսպ չէի, ասացի՝ էշի մեկն է, ինքը տեսաբան է, ինչը գրել է Թորմանյանից է արտագրել, ինքը մի բան է նախագծել՝ մի ախմախ տուն է, ինքն էլ մեջն ապրում է, ընդմիջումն ավարտվեց, ներս մտավ այդ նույն դասախոսը ու բարկացած ասաց՝ Իգիթյան, վեր կաց, կանգնեցի. այ դու իմանո՞ւմ ես՝ չորս տարի տանջվել ես, երազանքդ կատարվել է, ոնց ընդունել ենք, նենց էլ այս պատուհանից դուրս կշպրտենք, ափռ- ցփռ որ քո դասախոսների մասին դուրս չտաս, կսովորես »:

Լեւոն Իգիթյանը մի ուրիշ դասախոսի հետ էլ, ում հետ լարվածություն է ունեցել, մի տհաճ միջադեպ հիշեց, թեեւ նրա առարկայից քննություն հանձնելիս հինգ է ստացել, բայց դասախոսը վատ է արտահայտվել իր մասին. «Ասաց՝ էս տղան լավ մարդ չի, ես իրան հինգ եմ նշանակում, բայց ինքը լավ մարդ չի, հիշեք»:

Դասախոսների հետ ունեցած լարվածության արդյունքում էլ Իգիթյանը երկու անգամ դուրս է մնացել բուհից. առաջին անգամ՝ երրորդ, երկրորդ անգամ՝ հինգերորդ կուրսում. « Հետո եմ իմացել, որ այնպես արեցին, որ երեք առարկայից պարտք մնամ: Նրան ասել են՝ նա երկուս դրեց, նրան ասացին, նա էլ երկուս դրեց… հեռացրին»:

 

Մեր դիտարկմանը, թե ձեր անձը հանրության շրջանում կապվում է Երեւանի պատմական հուշարձան շենքերի քանդման հետ, պարոն Իգիթյանը չհամաձայնեց. «Բոլոր նախահեղափոխական շենքերը սեւ շենքերը հիմնականում ազգային ճարտարապետական դեմք չեն…Սեւան հյուրանոցի քանդելուն կտրականապես դեմ եմ եղել, այն ժամանակվա գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն էլ էր դեմ, միլիարդատեր Վաչե Մանուկյանն էր առել էդ շենքը, գլխավոր ճարտարապետին էսքիզ էր բերել, որ այդ շենքը պետք է քանդեր, Նարեկ Սարգսյանն ասել էր՝ չեմ ստորագրի ձեր նախագիծը, Վաչե Մանուկյանն ասել էր, այն փաստաթուղթը, որով ձեւակերպված է իմ գնելը, կետ չկա, որ իրավունք չունեմ քանդել, ասել էր՝ դու կարգելես, միջազգային դատարանում կշահեմ:

Նարեկ Սարգսյանն ասել էր՝ քո նոր նախագիծը չեմ հաստատի, մի քանի հանդիպումից հետո Նարեկ Սարգսյանը փոխզիջման առաջարկ էր արել՝ շենքը պահպանում ես, հետեւի մասից թույլ կտամ շենքն աճեցնել, բայց շենքը պետք է մնա, էդպես բարիշել էին: Նարեկ Սարգսյանը դուրս եկավ աշխատանքից, Վաչե Մանուկյանը քանդեց, դե թող պատասխանեին: Փակ շուկան ֆանտաստիկ շենք է, դա գլուխգործոց է: Հին Հայաստանի միջոցներն են օգտագործված: Ես ասել եմ, համոզված եմ, որ այդ մարդը (խմբ. նկատի ունի Սամվել Ալեքսանյանին) իր տանը մի գիրք չունի, գռեհիկ մարդ է… դա գտած շենք էր, թե՛ ինժեներական տեսանկյունից, թե՛ ներսի ինտերիերը, հիմա էլ նկարները նայում եմ, ապշում եմ, ինքը թույլտվություն էր ստացել միայն ստորգետնյա ավտոկայան սարքել, բայց ներսում էլ փոփոխություններ արեց, դե թող արգելեին, իշխանություն պետք է լինի»:

Մեր հարցին, թե դուք այդ իշխանության քաղաքական ուժի ներքո եք իրականացրել ձեր հասարակական գործունեությունը ավագանու կազմում, փոշմանե՞լ եք, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես բազմիցս ասել եմ՝ եթե Երեւանի ֆենոմենը չլիներ, ես Հայաստանից կգնայի, իսկ եթե մարդիկ համարում են, որ ես կարող եմ օգտակար լինել իմ քաղաքին, որ կուսակցությունն էլ ինձ առաջարկեր, ես կհամաձայնեի, բացի ՀՀՇ-ից»: Նա նաեւ վստահեցրեց, որ ոչ մի շենքի քանդման հարց ավագանու կազմում չի քննարկվել:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930