Լրահոս
Օրվա լրահոսը

Կանխավ հայտնի քո ճակատագիրը (աբորիգենի աբսուրդ հուշերից)

Ապրիլ 06,2019 21:27

Պատերազմը մեզ երջանիկ դարձրեց: Հետևելով Պատվիրանին, մենք սիրում էինք թշնամուն և առանձնահատուկ հաճույքով էինք ջարդում նրա գլուխը: Աննախադեպ այս իրավիճակում մենք հասկացանք հանկարծ, որ չենք կարող երջանիկ ապուշներ լինել առանձին-առանձին՝ միմյանց հեղինակազրկելով ու ստորացնելով: Ուստի պետք է երջանիկ ապուշներ լինենք կուռ միասնության մեջ, որպեսզի մեր սիրելի պատերազմը հանկարծ չավարտվի: Այս նպատակին հասնելու համար աբորիգենների Պաշտպանության նախարարը հանդես եկավ հոգեզառանցական հայտարարությամբ.

– Սիրելի ժողովուրդ: Ահա ջանք ու եռանդ չեմ խնայում, զօր ու գիշեր թքում եմ թշնամու փշալարերին՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով, և թշնամության նորանոր պայմանագրեր եմ կնքում մեզ հետ սիրով պատերազմող պետության հետ: Ամեն օր ապտակեք ձեր հարևաններին ու կռվեք իրար հետ, որպեսզի կատաղած լինենք ազգովի ու անկառավարելի լինենք:

– Չար սատանա,- օրհնում էին պառավները՝ միմյանց լուծողական հյուրասիրելով,- սրա վերջը ի՞նչ կլինի:

Վերջը չգիտեմ, հարգելի ընթերցող, բայց սկիզբը չափազանց խոստումնալից եղավ:

Մենք  հոգս չունենք այլևս, քանզի իմացյալ մահն անմահություն է: Ուստի անգիտակցաբար ապրում ենք մինչ օրս, որովհետև գիտակցաբար մահացել ենք առ այս:

– Հիմա մենք ո՞ղջ ենք, թե՞ ընդհակառակը,- իսկապես հուզվում էին երկրորդական նշանակության մարդիկ:

– Մենք անմահ ենք,- ի միջի այլոց բացատրում էին կարևորները:

Այս նպատակին հասնելու համար, աբորիգենների պետության նախագահը կազմալուծեց պետության համար վտանգ ներկայացնող Ազգային ակադեմիան՝ շենքը հողին հավասարեցնելով, իսկ գործազուրկ խեղճ ու կրակներին, որ գիտնականներ էին ի դեպ,  մեկտեղ խաչասերեց՝ ճակատագրերի գիտահետազոտական ինստիտուտ կազմավորելով:

Եվ այսպես, ծննդատնից դուրս գրվող յուրաքանչյուր կին, օրենքի տառին հնազանդվելով, իր երեխային նախ տանում էր  ճակատագրերի գիտահետազոտական ինստիտուտ, որտեղ հմուտ մասնագետը համապատասխան նշումներ էր կատարում ապագա զինգրքույկի մեջ և համապատասխան ճակատագիր էր գրոտում երեխայի ճակատին: Տվյալ գործողությունից հետո գալիս էին եկեղեցու գաղտնի ծառայության սարկավագներն ու մկրտում էին երեխային՝ մյուռոնը, մկրտության ջուրը, քավորի անձնագիրն ու ճակատագիրը երկինք ուղարկելով:

Տոն և անձրևոտ օրերին երկինքը ճակատագիր չէր ընդունում:

– Դուք հասկանո՞ւմ եք, որ այս ամենը ցնդաբանություն է,- հանկարծ հոխորտում էին թերահավատ մարդիկ, որ հայելու մեջ չէին նայել իրենց ծննդյան փուչ օրից (Հ.Թ.) ու չէին կարդացել սեփական ճակատագիրը:

– Երանի ձեզ նմաններին,- հերսոտում էին հոգսաշատ մարդիկ, որ հայելու առաջ էին կանգնում ամեն օր, առնվազն՝ երեք անգամ ու արտասվում էին մեծ-մեծ արցունքներով՝ սեփական ճակատագիրը վերընթերցելիս:

Ամբողջ այս ժամանակահատվածում թշնամին սիրո խոստովանություններ էր տարածում աշխարհով մեկ՝ տեղեկատվական պատերազմ թեժացնելով, իսկ աբորիգեն լրագրողուհիները նրանց պատասխանում էին մարդասիրական դաժանությամբ, ինչը շատ ցայտուն ցայտում էր նրանց կիսատ-պռատ լրատվությունից:

– Տեսա՞ք,- վիրավորվում էր թշնամի կողմը՝ խաղաղության աղավնու գլուխը պոկելով,- տեսա՞ք մեզ ոնց անարգեցին: Բանակցություններ չեն լինելու այլևս: Պատերազմ ու՝ վերջ: Մենք ձեզ շատ ենք սիրում:

– Թքել եմ բոլոր բանակցությունների վրա,- մեղմ զայրանում էր աբորիգենների Պաշտպանության նախարարն ի պատասխան: Նո՛ր պատերազմ՝ նո՛ր տարածքների դիմաց: Մենք ձեզ ավելի շատ ենք սիրում:

Համանման հայտարարություններից հետո ճակատագրերի գիտահետազոտական ինստիտուտը կաթվածահարվում էր:

– Ա՜խ, անտեր մնացինք, բա մեր երեխաների ճակատագիրն ո՞վ կգրի,- հուզվում էին տակավին հղիներն ու հղիության իններորդ ամսում հասունացողները՝ յուրաքանչյուր կաթվածից հետո:- Շան չարչարանք քաշեցինք մինչ հղիանալը: Ախր սա ի՞նչ կյանք է: Ապրում ես քեզ համար և հոգս էլ չունես առանձնապես, բայց օրերից մի օր բռնում հղիացնում են: Սա դեռ ոչինչ: Ամենադժվարը հիմա է լինելու, քանզի կյանք մտնող երեխան չի կարող ճակատագիր չունենալ ընդհանրապես կամ գոնե ընդհանուր գծերով:

– Հանգի՛ստ, հանգի՛ստ,- հոխորտում էին հանրապետության պառավները, որ իրենց կյանքն էին անիծում օրն ի բուն և լուծողական էին ընդունում կանոնավոր հաճախականությամբ, որպեսզի ճակատագիր լուծեն: Նրանք ընդհանրապես դուրս չէին գալիս զուգարաններից, իսկ մատաղ սերունդը դռներն էր կոտրում՝ հստակ արտահայտելով իր պահանջն առ այն, որ հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի ունի զուգարան գնալու իրավունք և սեփական ճակատագրից մի մասնիկ կղկղելու իրավունքն ունի:

Սակայն չշեղվենք:

Պատերազմի շնորհիվ մեզանում բարգավաճում էին առևտուրը, կրոնն ու ստախոսությունը, իսկ սկանդինավյան երկրները մեռնում էին նախանձից, որովհետև ամենաերջանիկ ժողովուրդն աշխարհում մենք ենք: Պատերազմը պետության արդարացումն է, քանզի երկրում առկա քաղցը, հոգևոր ու բարոյական սնանկությունը պատասխանատվություն են պահանջում, իսկ պատերազմը փրկում է չինովնիկին պատասխանատվության կառափնարանից: Կարծում եք չափազանցնո՞ւմ եմ: Բնավ ոչ, սիրելի աբորիգեններ, այլ կարող եմ ի լրումն ասել, որ պլատոնական սիրո ժամանակահատվածում հակամարտող կողմերը պապանձվում էին՝ «Հրադադար» ռեժիմը կիրառելով, իսկ ռազմական գործողությունները գլուխ էին բարձրացնում այնժամ, երբ սեռական ցանկություններն էին բոցավառ:

Ամբողջ այս պատմությունը մի ելակետ ունի:

Հետևելով Պատվիրանին, մենք քրիստոնեական սիրով ենք սիրում թշնամուն և ջարդում ենք նրա գլուխն առանձնահատուկ հաճույքով: Աննախադեպ այս իրավիճակում մենք հասկացանք հանկարծ, որ չենք կարող երջանիկ ապուշներ լինել անհատապես, այլ պետք է երջանիկ ապուշներ լինենք կուռ հնազանդության մեջ, որպեսզի խաղաղության գնդակներով գնդակահարվողները աննկատ մեռնեն մեզանում, իսկ մեր սիրելի պատերազմն արդարացնի նրանց քաղաքացիական մահը:

Ահա հենց այս ճանապարհն ընտրեցինք, և պատերազմը մեզ երջանիկ դարձրեց:

 

Սմբատ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930