Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք փորձում ենք վերականգնվող էներգիայի միջոցով կանաչ գույն ավելացնել՝ բացարձակ կանաչ և հիասքանչ ապագայի համար»․ Արմեն Սարգսյան

Ապրիլ 06,2019 19:29

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որն աշխատանքային այցով գտնվում է Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում, այսօր մասնակցել է Համաշխարհային տնտեսական համաժողովի՝ Մերձավոր Արևելքին և Հյուսիսային Աֆրիկային նվիրված հանդիպման քննարկումներից մեկին, որը կրում էր «Նոր էներգիա Մերձավոր Արևելքի համար» խորագիրը:

Քննարկման ընթացքում նախագահը խոսել է ժամանակակից աշխարհում առկա էներգիայի աղբյուրների մասին՝ այս համատեքստում կարևորելով բնական միջավայրը չվնասելու սկզբունքը: Որպես էներգիայի աղբյուր՝ խոսելով ածուխի, նավթի ու գազի մասին՝ նախագահ Արմեն Սարգսյանը կարևորել է վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ պետք է օգտագործել միջուկային էներգետիկան:

«Միջուկային էներգիան կարևոր է: Մեր անցյալը սև էր, քանի որ մենք այրում էինք ածուխը, օրգանական հանածո վառելիքները, այսօրվա մեր մոխրագույն ներկայությանը մենք փորձում ենք վերականգնվող էներգիայի միջոցով կանաչ գույն ավելացնել, որպեսզի ունենանք բացարձակ կանաչ և հիասքանչ ապագա: Հարցն այն է, թե արդյոք միջուկային էներգիան լինելու է դրա մասը, թե ոչ: Իմ անձնական կարծիքով այն պետք է լինի, քանի որ դա կարագացնի այդ գործընթացը: Ոչ ոք մաթեմատիկական հաշվարկ չի արել, թե ինչ վնասներ ենք հասցնում մոլորակին, շրջակա միջավայրին ու կլիմային վառելիք ու ածուխ այրելով: Կլիմային հասցվող վնասները հսկայական ազդեցություն են գործելու մոլորակի վրա»,- նշել է Արմեն Սարգսյանը: Նրա համոզմամբ՝ միջուկային էներգիան ունի ապագա:

«Հայաստանը շատ երկրների նման ունի խիստ հավասարակշռված էներգետիկ պորտֆոլիո`սկսած ատոմային էլեկտրակայանից: Սա Խորհրդային Միության ժամանակներում կառուցված կայան է, որն այս ամբողջ տարիների ընթացքում նորմալ աշխատել է, կանգուն է մնացել երկու մեծ երկրաշարժերից հետո:

Մենք Հայաստանում ևս առաջ ենք մղում վերականգնվող էներգիան: Հայաստանն արտահանում է էլեկտրականություն»,- ներկայացրել է Արմեն Սարգսյանը:

Որպես էներգետիկայի աղբյուր՝ նա խոսել է ջրի մասին: «Ուզում եմ խոսել ջրի մասին՝ որպես բնական ռեսուրս: Այն շատ կարևոր է: Բոլոր երկրները, որոնք խոսում էին հարուստ բնական պաշարներ ունենալու մասին, հարուստ էին արևով, քամիով, նավթով, սակայն ոչ ջրով: Մինչդեռ ջուրը խիստ կարևոր է, քանի որ 50-100 տարի անց այն լինելու է էներգիայի աղբյուր: Այն օգտագործելու ենք ոչ միայն խմելու, այլև էներգիա ստեղծելու համար:

Ես Հայաստանը համարում եմ Մերձավոր Արևելքի մի մաս: Թեպետ Հայաստանը չունի նավթ և գազ, սակայն այն ունի ջրի հսկայական ռեսուրսներ: Ցավոք սրտի, մենք հավանաբար օգտագործում ենք ջրի մեր պաշարների 10-20 տոկոսը, իսկ մնացած մասը վատնվում է: Ջուրը կարևոր է»,- ասել է Հանրապետության նախագահը:

Նա հայտարարել է, որ եթե դրամատիկ փոփոխություններ կամ քայլեր չանենք, ճանապարհը ածուխից հրաժարվելու և վերականգնվող էներգիային անցնելու շատ երկար կլինի, և այդ ընթացքում մենք կվնասենք միջավայրն ու կլիման: «Իսկ կլիմային հասցնող վնասները պասիվ վնասներ չեն լինելու, դրանք դրամատիկ են լինելու՝ առաջացնելով երաշտներ, խնդիրներ սննդի հետ կապված, կպակասի ջուրը, ավելի շատ անապատներ ու ցունամիներ կլինեն:

Մենք պետք է փորձենք գտնել այլ լուծումներ և այդ լուծումները կարող են ավելի շատ հիմնված լինել հիդրոէներգիայի, նոր տեխնոլոգիաների վրա: Պետք է օգտագործվեն նոր տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը: Սրանք փոքր դետալներ են, որոնք վաղը՝ 21-րդ դարում կարևոր են լինելու: Մենք չենք կարող ուղղակի անտեսել միջուկային էներգիան միայն այն պատճառով, որ վախենում ենք դրանից: Ես համաձայն եմ այն մտքի հետ, որ մենք չունենք շատ ժամանակ: Մենք պետք է զուգահեռ գործընթացներ իրականացնենք՝ ոչ միայն պայքարենք ածուխի օգտագործման դեմ, այլև ավելի ճիշտ օգտագործենք նավթն ու գազը, օգտագործենք վերականգնվող էներգիան, հիդրոէներգիան, միջուկային էներգիան ու առավելագույնս օգտագործենք նոր տեխնոլոգիաները, տվյալների կառավարումը, քանի որ մենք շատ ժամանակ չունենք»,- ասել է Արմեն Սարգսյանը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930