Լրահոս
Օրվա լրահոսը

Էջմիածինը դարձնել ուխտագնացության մոդել Հայաստանի այլ ուխտավայրերի համար

Ապրիլ 06,2019 19:13

Նպատակ ունենալով Հայաստանում և տարածաշրջանում ստեղծել կանաչ ուխտագնացության քաղաքի մոդել` Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի նախաձեռնությամբ, Կլոր սեղանը, Էջմիածնի քաղաքապետարանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը համատեղ ծրագիր են ներկայացրել Կրոնների և բնապահպանության դաշինքին:

Ծրագրով նախատեսված է հոգևոր մայրաքաղաք Էջմիածնում ուխտագնացությունը  դարձնել  շրջակա միջավայրը  չխաթարող ու ավելի գրավիչ՝ Էջմիածինը աստիճանաբար դարձնելով  ուխտագնացության մոդել Հայաստանի այլ ուխտավայրերի համար:

Բազմաթիվ ծրագրերից Էջմիածինն աշխարհի սրբազան 5 քաղաքների ներկայացրած   ծրագրերի շարքում է, որոնք հետաքրքրել են Կրոնների և բնապահպանության դաշինքին: Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանի, ծրագրերի պատասխանատու Կարինե Բաղդասարյանի և դաշինքի ներկայացուցիչ Սարա Բարնվինի հետ քննարկել է Էջմիածնի հնարավորություններն այդ ծրագրում ընդգրկվելու հարցում:

Քննարկված ծրագիրն իր մեջ ներառնում է տարբեր ոլորտներ` կանաչապատում, ոռոգում, թափոնների կառավարում, վերականգնվող էներգիա, էկո սնունդ, կրթություն, B&B (հյուրատնային բիզնես) ցանցի ընդլայնում և այլն:

Նախքան Էջմիածնի քաղաքապետարանում հյուրընկալվելը Սարա Բարնվինն այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմ, եղել Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ թեմին կից գործող Իջևանի Արևիկ սոցիալ-կրթական կենտրոնում, հանդիպել Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին, ինչպես նաև՝ այցելել Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ Արագածոտնի թեմին կից Աշտարակում գործող «Սբ. Մարիանե» սոցիալական կենտրոն:

Կրոնների և բնապահպանության դաշինքն ամբողջ աշխարհում իրականացնում է կանաչ ուխտագնացության զարգացմանը նվիրված «Սրբազան քաղաքներ» (Sacred Cities) նախագիծը: Դրա շրջանակում միջկրոնական «Հավատքահեն ներդրումներ» (Faith Invest) նախաձեռնությունը մրցույթի միջոցով ընտրված սրբազան վայրերում իրականացնում է ներդրումներ, որոնք ուղղված են բնության պահպանությանը և սրբավայրերի համայնքների եկամուտներն ավելացնելուն:  Օրինակ՝ անցած տարիների ընթացքում նախաձեռնության ներդրումների շնորհիվ մահմեդականների սրբազան Մեքքա քաղաքը Հաջի օրերին ազատվել է հարյուր միլիոնավոր պլաստիկ շշերից: Դա իրականացել է ուխտագնացության ամբողջ երթուղիով ջրի դիսպենսեր սարքերի տեղադրման և ջուրն այդ կերպ վաճառելու շնորհիվ:

 

ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԿԼՈՐ ՍԵՂԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930