Լրահոս
Օրվա լրահոսը

ՅՈՒՆԻՍԵՖ-ի Բարի կամքի դեսպան Նատալիա Օրեյրոյի հետ քննարկվել են «Միասին հանուն Հայաստանի» ծրագրի մանրամասները

Ապրիլ 06,2019 18:41

Այսօր Երևանում տեղի ունեցավ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչների հանդիպումը հանրահայտ երգչուհի, դերասանուհի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի Բարի կամքի դեսպան Նատալիա Օրեյրոյի հետ, որի ընթացքում քննարկվեցին «Միասին հանուն Հայաստանի» ծրագրի մանրամասներն ու հեռանկարները: Ծրագիրը, որը մեկնարկել է այս տարի, կյանքի է կոչվել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ու արգենտինյան գրասենյակների, «Հայաստան» համահայկական հիմնադրամի արգենտինյան գրասենյակի և Արգենտինայի հայ համայնքի համատեղ ջանքերով:

«Որպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի Բարի կամքի դեսպան, պետք է նշեմ, որ բարեգործությունը սահմաններ չունի: Շատ ուրախ եմ, որ ՅՈՒՆԻՍԵՖ Արգենտինան, ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանը և «Հայաստան» համահայկական հիմնադրամը միավորել են իրենց ջանքերը հանուն այս գեղեցիկ երկրի երեխաների: Հրավիրում եմ բոլորին, որպեսզի աջակցեն «Միասին հանուն Հայաստանի» նախաձեռնությանը»,- հանդիպմանը նշել է Նատալիա Օրեյրոն:

Ի հիշատակ Սպիտակի ավերիչ երկրաշարժի՝ 2018 թ․-ի նոյեմբերին ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի արգենտինյան գրասենյակները ստորագրել են համաձայնագիր՝ համատեղելու ջանքերը հանուն հայ երեխաների և երիտասարդների առողջության, կրթության և պաշտպանության և այս նպատակով ֆոնդահայթայթման աշխատանքներ իրականացնելու: 2018 թ․-ի դեկտեմբերի 7-ին երկու կողմերը կազմակերպել են գալա ընթրիք, որին մասնակցել են Արգենտինայի կառավարության, մասնավոր հատվածի և հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ, ինչպես նաև հայտնի անձինք և մտավորականներ: Ընթրիքի ընթացքում հանգանակվել է 9,262,000 արգենտինյան պեսո:

2019 թ․-ին այս գումարը կուղղվի անմիջապես Սպիտակ՝ չորս ուղղություններով: Այսօր արդեն ՅՈՒՆԻՍԵՖ-ը Սպիտակում կառուցում է առաջին ներառական խաղահրապարակը հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաների և դեռահասների համար և բարելավում է քաղաքում մանկաբուժական ծառայությունների որակը: Շուտով կսկսվեն երիտասարդների վերապատրաստման և նրանց 21-րդ դարի հմտություններով վերազինելու աշխատանքները, որը կօգնի երիտասարդներին ավելի վստահ կերպով մուտք գործել աշխատաշուկա:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև կաշխատի Սպիտակի վերջերս վերակազմավորված երեխայի զարգացման ցերեկային խնամքի կենտրոնում՝ բարելավելու պայմաններն ու վերականգնողական և կրթական ծառայությունների որակը:

 

ՅՈՒՆԻՍԵՖ ՀԱՅԱՍՏԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930