ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանի շնորհավորական ուղերձը՝ երկրաբանների մասնագիտական տոնի առթիվ․
Սիրելի՛ երկրաբաններ,
Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Երկրաբանի օրվա առթիվ: Այս տոնը լավ առիթ է՝ անդրադառնալու հանքահորերում աշխատողների, օգտակար հանածոների ուսումնասիրությամբ, արդյունահանմամբ զբաղվողների կարևոր ու պատասխանատու աշխատանքին, վերլուծելու առկա խնդիրներն ու նախանշելու անելիքները:
Մեր երկրի տնտեսության զարգացումն ու առաջընթացն անհնար է պատկերացնել առանց երկրաբանների նպատակաուղղված աշխատանքի: Ձեր նվիրյալ և արհեստավարժ աշխատանքի շնորհիվ է, որ հնարավոր է դառնում բացահայտել հանքարդյունաբերության զարգացման ներուժը, գնահատել օգտակար հանածոների արդյունահանման հնարավորություններն ու միևնույն ժամանակ մշակել ընդերքի պաշարների պահպանման լուծումները:
Կարդացեք նաև
Սիրելի՛ երկրաբաններ, մեծ է ձեր ավանդը Հայաստանի գիտության և տնտեսության մեջ, և, անշուշտ, ձեր գործունեության արդյունքն է, որ ունենք կայացած հանքահումքային արդյունաբերական համալիր:
Մեկ անգամ ևս ջերմորեն շնորհավորում եմ Երկրաբանի օրվա առթիվ, ձեր ընտանիքներին մաղթում ամենայն բարին, իսկ ձեզ` առողջություն և նորանոր նվաճումներ:
ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ