«Ադրբեջանի հայտարարությունները փաստում են՝ Փաշինյանն ու Ալիեւը խոսել են այն օրակարգի շուրջ, որի մասին վարչապետը նշել էր Ստեփանակերտում»,-«Զարկերակ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով մարտի վերջին կայացած Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ առաջին պաշտոնական հանդիպմանը, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթեւ Հայրապետյանը: Նրա գնահատմամբ՝ հանդիպման արդյունքում Ադրբեջանը պաշտպանողական իրավիճակում է հայտնվել, քանի որ ամեն կերպ փորձում է կանխել Արցախի՝ բանակցային սեղանի շուրջը հնարավոր վերադարձը:
«Ադրբեջանն ընդդիմանում է այդ հանգամանքին, բայց հայկական կողմն այդ ուղղությամբ կատարում է մանրամասն աշխատանք միջնորդների հետ: Հայկական կողմի փաստարկներն այդ հարցում ծանրակշիռ են»,-համոզմունք հայտնեց Տաթեւիկ Հայրապետյանը: Իսկ թե ինչ փաստաթուղթ է Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային սեղանին, պատգամավորը միայն նշեց. «Որեւէ նոր փաստաթուղթ չի մշակվում, այդ մասին չի խոսվում: Գլխավոր օրակարգը, որը փորձում ենք առաջ մղել, համապատասխան մթնոլորտի ստեղծումն է: Առաջարկվելիք ցանկացած փաթեթ չի աշխատելու ատելության քարոզի պայմաններում: Եթե Ադրբեջանը պատրաստ չէ փոխզիջումների առումով որեւէ բան ձեռնարկել, մնացած խոսակցություններն ավելորդ են»:
Ըստ Տաթեւ Հայրապետյանի՝ հայկական կողմն այս փուլում կարեւոր խնդիրներ ունի՝ ստիպել Ադրբեջանին հարգել հրադադարի ռեժիմը, թույլ չտալ դիմել ռազմական ագրեսիայի, մարդասիրական քայլերի միջոցով առողջացնել մթնոլորտը, Արցախին վերադարձնել բանակցային սեղանի շուրջը:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
https://www.facebook.com/aravot.am/videos/291516095077615/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ