Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա վատ ուղերձ է՝ տեղական ընկերություններին». ՏՏ ոլորտի մասնագետները դժգոհում են՝ կառավարության նոր օրենքը աշխատաշուկան քարուքանդ կանի

Ապրիլ 06,2019 15:57

Օրերս ԱԺ-ում առաջին ընթերցմամբ քննարկվեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին ՀՀ պետական աջակցության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:

Կառավարության այս նախաձեռնությունը հարուցել է ոլորտի տեղական ընկերությունների լուրջ դժգոհությունը, արձագանքել է ԱՏՁՄ-ն՝ առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը: Երեկ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում ՏՏ ոլորտի մասնագետները ներկայացրել են իրենց դիտարկումները, բայց կառավարությունից առայժմ չկա արձագանք՝ ընդունո՞ւմ են, թե՞ մերժում դրանք: Կառավարության նախագծի համաձայն, օտարերկրյա ընկերությունների կողմից ՀՀ-ում ստեղծված դուստր ընկերությունների համար հարկային արտոնություններ են գործելու, ակնկալում են, որ դրա արդյունքում ներդրումներ են լինելու: Ընդ որում, արտոնությունը տրվելու է մինչեւ 30 աշխատող ունեցող ընկերություններին:

ԱԺ-ում քննարկմանը մասնակցել էր նաեւ ՏՏ ոլորտի մասնագետ Էդգար Մարուքյանը, որը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ որեւէ նորմալ հակափաստարկ չեն լսել՝ «Լիքը մանիպուլյացիաներ լսեցինք: Ուրեմն մենք ասում ենք, դրսի ֆիրմաներին խի՞ եք արտոնություն տալիս, իսկ տեղի ֆիրմաներին՝ ոչ, հակասահմանադրական բան եք անում, ու անարդար անհավասար մրցակցային դաշտ եք սարքում՝ նախապատվությունը տալով օտարերկրյա ֆիրմաներին։ Մեզ ասում են՝ մրցակցության մեջ ի՞նչ վատ բան կա, որ վախում եք: Լավ օրինակ հնչեց, ասեմ, որ պատկերացնեք իրավիճակի աբսուրդը։ Ոնց որ օրենք բերես, որով ֆրանսիական գինիներին ազատես Հայաստանում հարկ վճարելուց։ Ու տեղական ֆիրմաները գան բողոքեն դրա դեմ, ասես հա բայց ի՞նչ վատ բան կա դրա մեջ, դուք դե՞մ եք, որ հայ մարդիկ ավելի նրբաճաշակ համ վայելեն։ Դե հենա ամեն տարի մարդիկ նրբաճաշակ թուրքական լոլիկ են համտեսում էլի… բա էդ ինչի՞ են անընդհատ բողոքում տեղական արտադրողները»:

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Մարուքյանն ասաց, որ խոսքը վերաբերում է արտերկրում առնվազն 5 տարի գործունեություն ծավալած կազմակերպությանը, դա արդեն նորաստեղծ չի. «Դա արդեն կայացած ընկերություն է, որին Հայաստանը պատրաստվում է արտոնություն  տալ: Տեղական ընկերություններին նման արտոնություն չեն տալիս, տեղական 5 տարի աշխատած ընկերություններին չի ասում, որ դու կարող ես դուստր ձեռնարկություն բացես, թեկուզ ուրիշ մարզում ու էլի նույն 30 հոգանոց թիմով ստանաս արտոնություն: Մեզ չի ասում,  դրսի ֆիրմայի է ասում, սա շատ տարօրինակ է: Ո՞նց կարող է պետությունը առավելություն տա դրսի ֆիրմային՝ օտարերկրյա կազմակերպություններին: Կարծիք կա, որ գուցե այդ նորմը նաեւ հակասահմանադրական է: Իրենց հիմնավորումները ներդրումների մասով առնվազն զավեշտալի են: Եթե ինչ-որ մեկը գա այստեղ ցեմենտի գործարան բացի, ես կհասկանամ ինչ ներդրումների մասին է խոսքը, դա կոնկրետ սարքեր են, մեքենաներ, գործարան, իսկ մինչեւ 30 հոգանոց IT ֆիրմայի ներդրումը դա 30 հատ կոմպյուտերն է, մեկ էլ մի հատ օֆիս պիտի վարձեն, շատ ծիծաղելի է, էլի: Մինչեւ 30 հոգանոց ֆիրմայի ներդրումը ո՞րն է, ինձ ո՞վ կբացատրի: Դա իր հետ կբերի ածանցյալ խնդիրներ, իրենք աշխատաշուկան քարուքանդ կանեն, որովհետեւ մի ֆիրմային առավելություն տալով՝ դու թույլ ես տալիս, որ ինքը նույն ծախսով մասնագետին ավելի շատ կարողանա վարձատրել, քան ես՝ տեղական ֆիրման: Մենք էլ ասում ենք՝  տրամաբանությունը ո՞րն է: Առանց այն էլ մեր տեղական բոլոր կազմակերպություննեը միջազգային մրցակցության մեջ են գտնվում այսպես թե այնպես»:

Մեր դիտարկմանը, որ նախագիծը ներկայացնելիս հիմնավորում էին, որ իրենց նպատակը start up-երի զարգացումն է եւ այս արտոնությունը գործելու է մինչեւ 2022-ը, այսինքն, իրենք կարճ ժամանակ են տալիս, որ դաշտում նոր ընկերություններ ներգրավեն՝ Մարուքյանը պատասխանեց. «Իրենց ասածը start up չի: Եթե էդ ֆիրման դրսում գործել է 5 տարի ու պատրաստ է Հայաստանում մասնաճյուղ բացի, դա էլ ի՞նչ start up, պարզ է, չէ՞, որ դա start up չի»: Ինչ վերաբերում է աշխատողների թվաքանակի սահմանափակմանը՝ մինչեւ 30, Մարուքյանն ասաց, որ դա էլ ոչինչ չի նշանակում, որովհետեւ ՀՀ-ի ՏՏ ընկերությունների աշխատողների միջին թվաքանակը 10 հոգի է՝ մեկ-երկու մեծ ընկերությունները հանած, ընդ որում, այդ 10 հոգուց 1-2-ն են բարձր կարգի»:

Էդգար Մարուքյանի խոսքով՝ կառավարության այս նախագիծը վատ ուղերձ է տեղական ընկերություններին. «Անարժանապատիվ մեսիջ է»: Նա հիշեցրեց, որ այս նույն նախագիծն անցյալ տարի էլի դրել են շրջանառության մեջ, ԱՏՁՄ-ն բացասական կարծիք է տվել, մերժել են, հիմա նորից նախագիծը բերել են ու ասում են, թե ՏՏ ոլորտի մասնագետների հետ քննարկել ենք. «Ոլորտը բացասական կարծիք է տվել, բավարար չի ամբիոնից կանգնես ասես՝ քննարկել ենք»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930