Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ» անհանդուրժելի տեսակետը պետք է արմատախիլ արվի»

Ապրիլ 06,2019 14:59

Մշակութային հայտագրերից մեկն այսօր հրավիրում է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նկուղ: Թեեւ հայտագրի վրա կարդում ենք՝ «Ազատությունը արվեստի միջոցով» ուսանողական ցուցահանդես, բանախոսներ՝ Սամվել Կարաբեկյան, Արման Գրիգորյան, Հովհաննես Մարգարյան», այնուամենայնիվ, արվեստասերների շրջանում բուռն քննարկման նյութ է դարձել ընտրված վայրը՝ նկուղը:

«Առավոտին» հետաքրքրող այս եւ այլ հարցերին սպառիչ պատասխան հնչեցրեց կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, պրոֆեսոր Սոնա Հովհաննիսյանը: «Ուրախ եմ, որ մեր ուսանողները լուսավորել են կոնսերվատորիայի անհրապույր նկուղային տարածքը՝ դարձնելով արվեստի ազատ դրսեւորման վայր: Սա մշակութային միջբուհական նախաձեռնություն է, կազմակերպիչն էլ կոնսերվատորիայի Ad libitum խումբն է: Առանց փակագծեր բացելու նշեմ միայն, որ կցուցադրվեն բացառապես ուսանող արվեստագետների բարձրարվեստ ստեղծագործություններ, այդ թվում՝ նկարներ, քանդակներ…»,- հայտնեց տիկին Հովհաննիսյանը:

Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին փոխանցեցինք իր՝ մի քանի հաստիք զբաղեցնելու մասին վերջերս շրջանառվող լուրերի առիթով մեզ հետ զրուցած արվեստագետների տեսակետները: Նրանք համոզմունք են հայտնում, որ հատկապես մասնագիտական կրթության համակարգում ավանդաբար չլուծված խնդիրներ կան, սակայն կան դրանք շտկելու մեթոդներ, որոնք թերեւս ընդունելի կլինեն բոլոր երկրների եւ ժամանակների համար։

Եթե փորձենք ընդհանուր առանցք գտնել կրթության կազմակերպման պատմության մեջ, ապա դա հանգում է վարպետ-աշակերտ, ուսուցիչ-սան փոխհարաբերությանը՝ իր գրեթե անսահման դրսեւորումներով։ Իսկ կրթության բուն էությունը ավագ սերնդի ձեռքբերումները կրտսեր սերնդին փոխանցելն է: Այդ դասընթացը իրականանում է փոքրիկ սենյակներում, արհեստավորների արհեստանոցներում, նկարիչների արվեստանոցներում, գիտական լաբորատորիաներում, դպրոցներում, բուհերում, հետբուհական համակարգերում, մասնագիտացված կրթօջախներում եւ ըստ էության անսահման է իր դրսեւորումներում։ Սակայն գլխավոր էությունը մեկն է՝ ուսուցիչը պետք է իր գործի բարձրակարգ վարպետը լինի, որպեսզի ոչ թե իրավունքի ուժ ունենա, այլ ուսուցիչ լինելու բարոյական իրավունք նվաճի: Մնացած բոլոր ճանապարհները դատապարտված են չեղարկման։

Սոնա Հովհաննիսյանի խոսքը վերը շարադրվածի օրգանական շարունակությունն էր եւ ըստ էության շրջանառվող խոսակցությունների պատասխանը. «Կոնսերվատորիայում դասավանդում եմ 34 տարի: Վստահեցնում եմ, որ տասնամյակների գործունեությունս իմաստ չէր ունենա, եթե այսօր չպատրաստեի իրավահաջորդ: Ինչպե՞ս կարելի է չնկատել, չաջակցել մեր հրաշալի երիտասարդներին, որոնց թվում կարող եմ նշել բազմաթիվ անուններ, ովքեր այսօր ծավալում են ինքնուրույն ստեղծագործական գործունեություն: Ասածիս վկայությունն է նաեւ խմբավարական արվեստում ներկայումս գործող բազմաթիվ խմբավարների առկայությունը: «Ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ» անհանդուրժելի տեսակետը պետք է արմատախիլ արվի:

Մի քանի տարի է, ինչ Նարինե Ոսկանյանը հանդիսանում է «Հովեր» պետական կամերային երգչախմբի իգական կազմի «Լե» երգչախմբի ղեկավար: Նրանք հանդես են եկել ոչ միայն հայաստանյան, այլեւ բազմաթիվ միջազգային հարթակներում: Նրա բացարձակ երաժշտական օժտվածությունը նկատելի է մերօրյա խմբերգային արվեստում: Ես իսկապես մեծագույն հարգանքով, ավելին՝ ուրախությամբ ու հպարտությամբ նրան եմ հանձնել «Հովերի» գեղարվեստական ղեկավարի պաշտոնը՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելուն պես (ճանաչված խմբավարը, փաստորեն, գիտեր իր «գլխի գալիքը»- Ս. Դ.):

Ես էլ ստանձնել եմ ավելի քան քառորդ դար առաջ իմ հիմնած «Հովերի» խմբավարի պարտականությունը, ինչը ստեղծագործական գործունեություն է (Սոնա Հովհաննիսյանը ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է 2018թ. նոյեմբերից): Ի դեպ, որպես ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար կամ ռեկտոր, իրավունք ունեմ ունենալ նաեւ 320 ժամ դասախոսական ծանրաբեռնվածություն, որից օգտվում եմ 180-ի չափով: Առայժմ այսքանը, քանի որ առաջիկայում ռեկտորի ընտրություններ են»:
Սոնա Հովհաննիսյանը մի հավելում էլ արեց. «Առաջիկայում ընտրություններ են, կլինեն, կծագեն բազմաթիվ այլ հարցեր եւս: Պատրաստ եմ դրանց պատասխանել»:

 

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ashot says:

    Օգտվելով առիթից, հիշեցնեմ, որ կոնսերվատորիաի ստեղծագործական ամբիոնի վարիչը պետք է լինի հզոր, խոշորամասշտաբ ստեղծագործող կոմպոզիտոր, որ կարողանա երիտասարդների մեջ զարգացնել, նաև, մոնումենտալ մտածողություն: Մի քանի խմբերգերի և փոքրածավալ գործիքային գործերի հեղինակը չի կարող այդ բանը անել … Հարգանքով՝ Աշոտ Բաբայան

  2. Գևորգ says:

    Վանաձորի թատրոնի գեղարվստական ղեկավարին էլ փոխեք, խնդրում ենք:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930