Հայաստանում Գերմանիայի դեսպանության և Գյոթե կենտրոնի համատեղ ջանքերով ներկայացվեց նկարչուհի Տաթև Մնացականյանի մշակութային նախագիծը. առաջին անգամ Հայաստանում “Human Art Poetry Dialogue” նախագիծը համատեղ ցուցահանդեսի և գրքի շնորհանդեսի շրջանակում ներկայացրեց հայ նկարիչ, քանդակագործ Ցոլակ Սիմոնյանին և գերմանացի նկարիչ, ճարտարապետ Օտտո ֆոն Քոցեբուին:
Միջոցառմանը ներկա էր Գերմանիայի դեսպանը, որին էլ տրվեց առաջին խոսքը։ Վերջինս կարևորեց Գյոթե կենտրոնում նմանատիպ միջոցառումների անցկացումը, և կենտրոնն անվանեց իր երկրորդ գրասենյակ։
Տաթև Մնացականյանի “Human Art Poetry Dialogue” նախագիծը միավորել է ոչ միայն ճարտարապետությունը, գծագրությունը, քանդակագործությունն ու պոեզիան, այլև հայ ու գերմանացի երկու արվեստագետների, որոնք իրենց ստեղծագործություններով ընդգրկուն և համապարփակ երկխոսության մեջ են մտել։ Գերմանացի ճարտարապետ, նկարիչ Օտտո ֆոն Քոցեբուի ջրաներկերը, երկար ճանապարհ անցնելով, հասել են Հայաստան՝ ոգեշնչելով հայ քանդակագործ և բանաստեղծ Ցոլակ Սիմոնյանին, ինչի արդյունքում էլ ծնվել է գրողի պոեզիան։
Կարդացեք նաև
Տաթև Մնացականյանը նշեց, որ Օտտո ֆոն Քոցեբուի հետ ծանոթացել է Մյունխենում։ «Եվրոպայում ընդունված է ձեռագիր նամակներ գրելը, և դրանք փոստով ուղարկելը, որը մարդկային շփման էլեգանտ ընթացք է համարվում։ Պարոն Օտտոն անընդհատ ինձ նամակներ էր գրում, ես էլ իրեն պատասխանում էի։ Եվ ահա այդքան նամակների մեջ այս գեղեցիկ նկարներն էին, որոնք մեկը մյուսին հաջորդող ֆանտաստիկ պատմություններ էին»,- պատմում է Տաթևն ու հավելում, որ հենց այդպես էլ առաջացել է պարոն Օտտոյի գծագրերը արվեստագետ Ցոլակ Սիմոնյանին ներկայացնելու գաղափարը։
«Իմ ստեղծագործական փորձից ելնելով՝ ես զգացի, որ հանդիպել եմ խորը ստեղծագործող մարդու, իրականության և երևակայության ճիշտ ընկալումը ինձ հոգեհարազատ էր։ Ես ստեղծագործեցի ամեն գործի շուրջ, և կարծես թե լավ է ստացվել»,- ասաց քանդակագործ Ցոլակ Սիմոնյանը։
Գրքի բանաստեղծությունները հայերենից գերմաներեն թարգմանել է Կարինե Եգանյանը։ Վերջինիս հետ էլ միջոցառման ընթացքում Ցոլակ Սիմոնյանը մի քանի բանաստեղծություն ընթերցեց։
Գայանե ՀՈՎՍԵՓՅԱՆ