Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի մոտ ընդունելության հրավիրվածներն Արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների կանայք ու մայրեր էին, սևանցի ազատամարտիկ կանայք, որոնք տասնամյակներ շարունակ արժանապատվորեն կրում են իրենց բաժին հասած ճակատագիրը և ապրում միայն իրենց հատուկ հպարտ կեցվածքով:
Չնայած բազմաթիվ դժվարություններին` նրանք ապրել և ապրում են պատվախնդրորեն` ամուր պահելով իրենց ընտանիքները:
Այժմ կրկին հավաքվել են մի հարկի տակ. ասելու շատ բան կա, սակայն հուզմունքն առավել է, և լռությունն էլ խախտում է համայնքի ղեկավարը:
Կարդացեք նաև
«Մեր հանդիպման առիթը Մայրության և գեղեցկության տոնն է, շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում առողջություն, տոկունություն, սակայն շնորհավորանքներից առավել ուզում եմ, որպեսզի մեր հանդիպումը լինի առավել կառուցողական: Բարեմաղթանքներից զատ խոսենք այն մասին, ինչն անհանգստացնում է ձեզ, ինչը համարում եք խնդիր»,- ասաց պարոն Մուրադյանը:
Հավաքված կանայք շնորհակալություն հայտնեցին նման ընդունելություն կազմակերպելու համար, կարևորեցին այն ուշադրությունը, որին արժանանում են ոչ միայն այսօր, այլ նաև մշտապես:
Համայնքի ղեկավարը ևս մեկ անգամ շեշտեց, որ կա և պատասխանատվություն, և պատրաստակամություն լսելու բոլորին, կանգնելու նրանց հոգս ու խնդիրների կողքին և, հնարավորության սահմաններում, լուծելու դրանք:
«Միաժամանակ կոչ եմ անում` լինել ակտիվ, մասնակցել համայնքային անցուդարձին, լինել նախաձեռնող, տեղական իշխանությունն էլ իր հերթին աջակցելու է ձեզ: Տոնական այս պահին էլ ցանկանում եմ կրկին շնորհավորել ձեզ, դուք մեր համայնքի արժանի քաղաքացիներն եք և ձեր ընտանիքների նկատմամբ մեր ուշադրությունն էլ պետք է լինի մշտական»,- նշեց համայնքի ղեկավարը:
Ընդունելությանը հաջորդեց պարգևավճարների հանձնման արարողակարգը:
Սևանյան քմահաճ գարնան հետքերով
Օրվա երկրորդ կեսը մշակութային էր: Դրսում գարնան ու ձմռան պայքարի վերջին ակորդներն էին, իսկ ներսում` Սևանի համայնքապետարանի վարչական շենքի նախասրահում, իրար էին հերթագայում լուսանկարչական և գեղանկարչական աշխատանքները, որոնք ներկայացվել էին «Շարժական ART GALLERY» ծրագրի շրջանակներում:
«Քմահաճ գարուն» խորագիրը կրող ցուցահանդեսը մեկտեղել էր տարբեր տարիքի և նախասիրությունների տեր ստեղծագործողների:
Ծրագրի շրջանակներում սա առաջին ցուցադրությունն էր` նվիրված Մայրության և գեղեցկության օրվան:
Ստեղծագործական ալիքը տարածվում էր աշխատանքից աշխատանք` ի ցույց դնելով պատկերներն ու գույները, տրամադրությունն ու ասելիքը: Ստեղծագործողներն իրենց հոգու ու մտքի, ներաշխարհի պատառիկներն էին ներկայացրել, որոնք ներկաներին պատճառեցին գեղագիտական մեծ բավականություն:
«Շարժական ART GALLERY» ծրագիրը Սևանի համայնքապետարանի և «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի համագործակցված աշխատանքի հերթական օրինակն է, որը չի սահմանափակվելու ծրագրի շրջանակներում:
Ինչպես նշեցին ցուցահանդեսի կազմակերպիչները, լավագույն գաղափարների իրագործումն առջևում է, և շարջական պատկերասրահը հնարավորություն է տալու ներկայանալ առանց սահմանափակումների, միաժամանակ համախմբել տարբեր ստեղծագործողների և մշակութասեր հասարակությանը:
Ինքնատիպ այս ցուցադրությունը մեկտեղել էր տարբեր սյուժեներ, որոնք գույների ու պատկերների լեզվով հաղորդում էին նոր զգացողություններ:
Ցուցադրությունն ուղեկցվում էր պատանի երաժիշտների կատարումներով:
Ինչպես նշեցին ցուցահանդեսի մասնակիցները, սա լավագույն հնարավորություն է ի ցույց դնելու ստեղծագործական ներուժը, մշակելու նոր ծրագրեր և սովորական օրն էլ դարձնելու տոն` երիզված գունախաղերով:
Լուսանկարչականից մինչև գեղանկարչական աշխատանք, բնապատկերից մինչև դիմանկար` ուներ ասելիք, որը նաև մասնակիցներին ներշնչեց իրենց գրառումները կատարել նոթատետրում:
Սևանյան գարունը ուշանում է, սակայն դա չի խանգարում, որ սևանցի ստեղծագործողները իրենց աշխատանքներում գարնանային գույներ պատկերեն` փոխանցելով լույս ու ջերմություն:
Հիշեցնենք, որ «Շարժական ART GALLERY»-ին իրողություն է դարձել «ԵՄ-ն հանուն երիտասարդության. հմտություններ ապագայի համար» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «ՕքսԵՋեն» հիմնադրամի և «Սեյվ դը չլիդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության համագործակցությամբ, Եվրամիության ֆինանսավորմամբ: Նպատակն է` նպաստել երիտասարդ արվեստագետների, ստեղծագործողների ինքնաարտահայտմանը, հանրային ճանաչմանը, ինչպես նաև համայնքի մշակութային կյանքի աշխուժացմանը:
Սևանի համայնքապետարան – «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ համագործակցությամբ կյանքի կոչված ծրագիրը լավագույն հնարավորություն է երիտասարդների համար բացելու մի նոր պատուհան ինքնարտահայտման և հանրայնացման ճանապարհին, ինչպես նաև համայնքային մշակութային կյանքում գրանցելու լուրջ տեղաշարժեր:
Առջևում նոր ցուցադրություններ են, որոնք կազմակերպվելու են տարբեր վայրերում:
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ