Իրանի այս ջրհեղեղը վերջին կես դարում և նման ծավալներով աննախընթաց է եղել: Իրանն ունի 1,648,195 քառակուսի կիլոմետր տարածություն, բաղկացած է 31 նահանգից. ունի մոտ 4,000 քաղաք և գյուղ: Վերջին առատ տեղումներից տուժել է քսան նահանգ՝ մոտ 1900 գյուղով և քաղաքով: Երկրի Դատաբժշկության կենտրոնը մինչ այժմ հաստատել է հեղեղի հետևանքով մահացության 70 դեպք, կա նաև մոտ 700 վիրավոր: Ավերվել են տասնյակ հազար տներ, վնասվել են հազարավոր հեկտար գյուղատնտեսական տարածք ու տեխնիկա՝ գործարաններ, քաղաքային շինություններ, տասնյակ կամուրջ, երկաթգիծ, կոմունիկացիա և այլ ենթակառուցվածքներ: Փակ են մի շարք դպրոցներ և այլ հաստատություններ:
Օդերևույթաբանների կանխատեսմամբ առջևում են նաև նոր և սաստիկ տեղումներ՝ նախ Պարսից ծոցին և Իրաքի սահմանին հարող Խուզիստան նահանգում, ապա Կասպից ծովի հարավային նահանգներում: Սպասվում է 15-50 միլիմետր տեղատարափ անձրև. տագնապալի վիճակում է հատկապես Խուզիստան նահանգը, որը երկրի ջրառատ, գյուղատնտեսական և արդյունաբերական տարածքներից է: Մասնագետների հաշվարկով առատ տեղումների հետևանքով ջրի խորանարդ մետրը մեկ վայրկյանում հոսքը դեպի գետերը և ջրամբարները՝ դեբիտը (m3/s), շատ բարձր է: Դրա հետևանքով բացվել են «Դեզ» ջրամբարի ջրառի փականները, որն իր հերթին «Քարուն» և «Քյարխե» գետերի վարարման պատճառ է դարձել: Տարհանվել են ափամերձ 110 գյուղի բնակիչ, որոնք հաստատվել են 43 վրանային ապաստարաններում:
Կարդացեք նաև
ԻԻՀ-ի նախագահի հանձնարարությանբ յուրաքանչյուր նախարար կցվել է տուժած որևէ նահանգի՝ անհրաժեշտ օգնությունները համակարգելու համար, տեղերում են նաև երկրի զինված ուժերի ինժեներա-տեխնիկական ստորաբաժանումները, փրկարար կազմակերպություններ:
Աստիճանաբար հասնում են նաև միջազգային օգնությունները. Ֆրանսիան ուղարկել է ջրահեռացման 114 պոմպ, Գերմանիան ուղարկել է փրկարարական 40 նավակ, Քուվեյթն ուղարկել է 40 տոննա մարդասիրական օգնություն, նպաստներ են տրամադրել Իրաքն ու Թուրքիան, Եվրոմիությունը հատկացրել է 1,2 միլիոն Եվրո. Հայաստանի խոստացած օգնությունից ՀՀ ԱԻՆ-ի կայքէջից կամ իրանական աղբյուրներից դեռևս տվայլներ չեմ գտել: Իրանն ու ԱՄՆ-ն մարդասիրական օգնության հարցով ևս տարաձայն են: Վերջինս հայտնել է իր պատրաստակամությունը տուժածներին օգնելու հարցում և հրահանգել է միջազգային կազմակերպությունների համար վերացնել կանխիկ փոխանցումների բանկային արգելքը, իսկ Թեհրանը հայտնում է, որ չի կարողանում ստանալ դրսի նպաստները և հատկապես համերկրացիների կանխիկ փոխանցումները:
Տիգրան ԴԱՎԹՅԱՆ