Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետ․ «Գերմանիայի կողմից համաձայնագրի վավերացումը մեզ համար չափազանց կարևոր էր»․ «Փաստ»

Ապրիլ 06,2019 11:45
Գերմանիան Երամիության անդամ 28 երկրներից տասներորդն էր, որը վավերացրեց Հայաստանի և ԵՄ-ի միջև կնքված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը: Խոսելով համաձայնագրի շուրջ առկա գործընթացի մասին՝ քաղաքագետ Սուրեն Սարգսյանն ընդգծում է՝ վավերացման գործընթացը սկսվել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի կնքումից անմիջապես հետո:

Իսկ թե ինպիսի՞ն է նշված գործընթացի տեմպը, քաղաքագետը նկատում է.

«ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների մի մասի օրակարգում այդ հարցը դեռևս չկա, բայց մի մասի օրակարգում հարցն արդեն ներառված է»,- «Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ նշվածը կապելով առաջիկայում Եվրախորհրդարանում սպասվող ընտրությունների, ինչպես նաև ԵՄ երկրներում սպասվելիք նախընտրական գործընթացների հետ։

«Սրանով է պայմանավորված այն, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրն այս պահի դրությամբ Եվրամիության ոչ բոլոր երկրներում են վավերացրել: Ինչ վերաբերում է Գերմանիայի կողմից համաձայնագրի վավերացմանը, ապա այն մեզ համար չափազանց կարևոր էր. Գերմանիան թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով Եվրամիության լոկոմոտիվ պետություններից է: Ընդհանուր առմամբ, վստահ եմ, որ գործընթացն արագ տեմպերով առաջ կգնա: Չեմ կարծում, որ այս տարի ԵՄ անդամ բոլոր պետությունները կվավերացնեն համաձայնագիրը, բայց հույս ունենանք, որ այդ պատկերը կտեսնենք հաջորդ տարվա սկզբին»,- նշեց քաղաքագետը:

Խոսելով վավերացման գործընթացում ՀՀ իշխանությունների անելիքների մասին՝ քաղաքագետը նշեց, որ կառավարությունն արդեն, ըստ էության, այս հարցում ոչինչ չունի անելու: «Այդ առումով շատ բան արդեն կախված չէ Հայաստանի կառավարությունից, որովհետև գործընթացը հիմա արդեն գործընկեր պետությունների խորհրդարանների դաշտում է: Այլ հարց է, որ համապատասխան պետություններում մեր ներկայացուցչությունները կարող են ակտիվ աշխատանք տանել: Բացի այդ, մեր խորհրդարանական դիվանագիտությունը կարող է որոշակի ակտիվություն մտցնել գործընթացի մեջ: Այդ ակտիվությունը կարելի է մտցնել թե՛ բարեկամական խմբերի ակտիվ աշխատանքի, թե՛ նույն խորհրդարանական դիվանագիտության միջոցով: Խորհրդարանական դիվանագիտությունը չափազանց կարևոր է, որովհետև ՀՀ-ն խորհրդարանական պետություն է: Եվ այս առումով խորհրդարանի պրոֆեսիոնալ, գրագետ և օպերատիվ աշխատանքն է պահանջվում»,-նշեց նա՝ ընդգծելով, որ այս առումով, ցավոք, բարեկամական խմբերն ընդամենը օրեր առաջ են ձևավորվել, և խմբերի ղեկավարները ընդամենն օրեր առաջ են ընտրվել:

Նշենք, որ, Գերմանիայի Բունդեսթագը ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման հարցի քննարկմանը հրավիրել էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, իսկ գործող ԱԺ-ից ոչ ոք չէր հրավիրվել: Անդրադառնալով ԵՄ նման մոտեցմանը՝ քաղաքագետը նշեց.

«Ես չգիտեմ, թե որո՞նք ենք գերմանական կողմի դրդապատճառները, ըստ որի՝ խորհրդարանից ոչ ոքի չեն հրավիրել: Պարոն Աշոտյանը, հավանաբար, օգտագործել է իր անձնական կապերը նաև եվրոպական կառույցներում: Բացի այդ, կարծում եմ, կարևոր դեր է խաղացել նաև ՀՀԿ-ի անդամակցությունը եվրոպական մի շարք կուսակցական կառույցների»:

 

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930