Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ն պետք է լրտե՞ս որսա, թե՞ սոցիալական ցանցերի կեղծ օգտատերերի հետեւից ընկնի․ «Ազգ»

Ապրիլ 06,2019 11:22

Էս տարի եղանակը կառավարության կողմից է` ջուրն էնքան շատ է լինելու, որ ինչ վիշապ էլ խմի, մեկ է, հասարակ գյուղացուն հասնելու է, ջրառից հետո էլ դեռ Սեւանի մակերեսը մի 5-10 սանտիմետր բարձր է լինելու անցած տարվա համեմատ: էլ ինչ է ուզում կառավարությունը` բնությունն իր եւ մեր դաշնակիցն է, մնում են խելացի որոշումները`գյուղատնտեսությունը զարգացնելով սոցիալական վիճակը մեղմելու եւ արտահանման մեծացող պահանջարկը բավարարելու համար:

Առհասարակ կառավարության նիստին հետեւողներն ամեն շաբաթ հակասական զգացումներով են համակվում` նայած քննարկվող հարցերին վարչապետ Փաշինյանի վերաբերմունքի ուղղվածությանը, որը մեկ ոգեւորվում է ծրագրերի նպատակադրումներից, մեկ բարկանում` պատժի ենթակա նոր հասցեատեր հայտնաբերելով: Այս իմաստով կառավարության նիստը կոլիզիա, միզանսցեններ ու դրական կամ բացասական ֆաբուլա պարունակող մի ներկայացում է հիշեցնում սովորաբար:

Ուրեմն՝ գարունն ու հալոցքը որ ուշացել են`գետերը բավական երկար առատ ջուր կունենան, ջրամբարները 80-90 տոկոսով կլցվեն, բնությունն ու կառավարությունն էլ ձեռք-ձեռքի տված այս տարի կփրկեն մեր գյուղատնտեսությունը: Ու մի բանաստեղծություն էլ այս մասին պետք կլինի վարչապետից:

Դե լավ, կատակելու տրամադրությունը պահելու համար շատ ուրիշ գործոններ էլ են պետք: Այնպես որ` լրջանանք ու կառավարության մի նախաձեռնության մասին պատմենք` պետությունը «խելացի անասնագոմեր» ծրագիր է սկսում` որով գյուղացին մեքենայացված ու հարմարեցված գոմերում պետք է տասնհինգ կով պահի, դեռ ուսուցման ծրագիր էլ անցնի` ինչպես այդ բոլորն անել:

Ծրագիրը երեկ հաստատվեց, այդ ծրագրով նոր տեխնոլոգիաներով անասնագոմերի կառուցման ծախսերը պետությունը բոլորի համար 50 տոկոսով կփոխհատուցի, զինված ուժերի որոշ կոնտիգենտի եւ սահմանամերձ գյուղերի տնտեսավարողների համար` 70 տոկոսով: Մոտ 230 անասնագոմ պետք է կառուցվի ծրագրի շրջանակում: Նվազ տոկոսով վարկերի տրամադրման որոշումն էլ մինչ այս էր ընդունվել, գյուղացիների մի զգալի շերտի վարկային պատմություններն էլ մաքրվել են: Եթե այս ծրագրի իրագործումը հեռու մնա բյուրոկրատական քաշքշուկներից, տեղական իշխանությունների կամայական մոտեցումից եւ չվերածվի հասարակ գյուղացու անվամբ գրանցված խոշոր տնտեսավարողների ստվերային բիզնեսի, կամ մերոնքական եւ ձերոնքական տնտեսավարողների արհեստական բաժանման, ապա, իրոք, սա կարող է դառնալ գյուղը որոշ չափով ոտքի կանգնեցնելու ծրագիր: Դե գիտեք` հայերս մի առանձին շնորհք ունենք` «ուզում էինք լավ, բայց ստացվեց ինչպես միշտ» տարբերակով ապրելու:

Կառավարության վերջին նիստն ուշադրություն գրավեց նաեւ վարչապետի մի շատ սուր արձագանքով` գազի թանկացման վերաբերյալ որոշ նախկին օլիգարխների կողմից սոցիալական ցանցերում եւ ԶԼՄ-ներում առկա, իր խոսքով`մանիպուլյացիաներին: Նա խիստ տոնով ասաց, թե վերջին անգամ է զգուշացնում կեղծ լուրեր տարածողներին. «Որեւէ մեկը թող չտրվի գայթակղությանը՝ ժողովրդի վստահության կառավարության հակահարվածի ուժն իր ծնոտին է զգալու…»:

Չպետք է լինեն գազալցակայաններ, որ ՀԴՄ չխփեն, եւ դա չի կարող գազի գնի բարձրացման գործոն լինել, նշեց նա: Ըստ նրա` թեեւ մեր երկրում խոսքի եւ տեղեկատվության ազատությունը երաշխավորված է, բայց ազգային անվտանգության հարց է դառնում կեղծ լուրերով տրամադրությունների ստեղծումը: Նա ավելի առաջ գնաց, թե` անգամ հեղափոխական դրոշով ֆեյք (կեղծ) օգտատերեր կան, որ բռնության կոչեր են անում նախկին իշխանությունների ներկյացուցիչների հասցեին, որպեսզի ցույց տան, թե դա կապ ունի հեղափոխության հետ: Նա հանձնարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին զբաղվել դրանով: Հիմա ինչ` ԱԱԾ-ն, բանուգործը թողած, երկրի գլխավոր մարտահրավերներով զբաղվելու փոխարեն` պետք է թափառի ու խոշորացույցն առնի սոցիալական ցանցերի վիրտուալ տարածքնե՞րը:

Որքան էլ` Վանեցյանը լրագրողներին ասում էր, թե` զգույշ, մտածված ու խոսքի ազատությանն առանց վնասելու են անելու դա: Է, մի՞թե վարչապետի կոչերը բավարար չեն, որ նրա կողմնակիցները սոցիալական ցանցերում ատելություն չբուծեն, իսկ դե նախկինների «աբիժնիկությանը» մի կերպ կդիմանանք: Թե չէ` ԱԱԾ-ն պետք է լրտե՞ս որսա, կոռուպցիոների, ստվերային սուբյեկտի բացահայտի, թե՞ սոցիալական ցանցերի կեղծ օգտատերերի հետեւից ընկնի:

Վիեննայի հանդիպումից հետո

Այս բոլորն, իհարկե, չի կարող մոռացնել Փաշինյան-Ալիեւ վերջին հանդիպումն ու դրան հետեւած անորոշությունը, մանավանդ` որոշող երկրների ներկայացուցիչների, ինչպես նաեւ հարեւան երկրից հնչող տարատեսակ մեկնաբանությունները դա թույլ չեն տալիս: Հենց երեկ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան լղոզեց` ողջունում ենք Վիեննայի բանակցություններում գերիշխող կառուցողական մոտեցումը` նորից մատնանշելով, թե հակամարտությանը վերջ դնելու պատասխանատվությունն ընկած է կողմերի վրա, դրա համար քաղաքական կամք է պետք:

Հա, տեղ հասանք, ո՞ր քաղաքական կամքը, էն որ Ալիեւը բանակցելուց հետո իր երկիր է հասնում ու նորից հոխորտում ռազմական լուծման մասին, տարածքային ամբողջականության երգը կապում մի ձայնի, իսկ Մեհրիբանն էլ հարթմնի զառանցում է` Արցախի ամեն գյուղում ադրբեջանական դրոշ պետք է ծածանվի՞: Դե բա Զախարովայի` ադրբեջանական կայքի զրույցում ասած ակտիվ քաղաքականությունը ղարաբաղյան հարցում ինչի՞ն է վերաբերում`«հայտնի արտատարածաշրջանային ուժերի` իրենց քանոններով ԱՊՀ տարածքը վերաձեւելու անպատկառ ձգտումը», Անդրկովկասի ռազմական յուրացման ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի գործողությունները հրատապ կասեցնելու ռուսական խնդիրը չի թողնում, հա՞, տեսնել խնդրի արդար կողմը: Տեսնենք, թե ինչպես է պահելու համանախագահ ու մեզ բարեկամ այս երկիրը ղարաբաղյան կարգավորման իր «ակտիվ» դերը տարածաշրջանային կայունության պահպանման ռուսական քաղաքականության համատեքստում, Ադրբեջանի ռազմականացման ավելացման ֆոնին:

 

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930