Լրահոս
Օրվա լրահոսը

Դա մշակույթի նախարարություն չէ, այլ՝ վերջարարություն․ «Ազգ»

Ապրիլ 06,2019 10:55

Վերջին օրերին Երեւանի Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի, ավելի շուտ՝ նրա գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Կոստանտին Օրբելյանի շուրջ ստեղծված տագնապը ստիպում է ինձ կենտրոնանալ այդ խայտառակ եւ մեր երկիրը խայտառակող երեւույթի վրա ու փորձել դույզն ինչ կանխարգելել խայտառակաբանության հետագա շարունակությունը:

Մաեստրոն Օպերային թատրոնի տնօրենի եւ գեղարվեստական ղեկավարի պաշտոնին հրավիրվել է, այսինքն՝ ընթացիկ մրցույթով չի անցել, այլ նշանակվել է, նախկին կառավարության որոշմամբ, նախկին նախարարի հրամանագրով: Եվ դա եղել է նախկին իշխանության դրական գործերից մեկը, քանզի մրցույթը, մանավանդ արվեստի բնագավառում ու հատկապես մեծ արվեստագետների պարագայում, անհեթեթ գործընթաց է: Իսկ ինչ վերաբերում է այն առարկությանը, թե հրամանագիրը կառավարության որոշման ուժի մեջ մտնելուց մեկ օր շուտ է ստորագրվել, իսկական տառակերության նմուշ է, որը ցույց է տալիս Մաեստրոյի հակառակորդների ճղճիմությունը: Օրենքը, օրենքներն ունեն երկու կողմ՝ տառ եւ ոգի: Այս դեպքում ոգին իսպառ բացակայում է:

Երկրորդ գլխավոր առարկությունը՝ տնօրենի եւ գեղղեկի պաշտոնների անհամատեղելիությունն է մեկ անձի մեջ: Մինչդեռ, այս պարագայում, գեղղեկի պաշտոնը գերազանցապես ստեղծագործական է: Եվ ո՛չ վարչական: Այլապես այդ պաշտոնի անունը կլիներ «ղեկավար», «պետ», «շեֆ», առանց «գեղարվեստական» բառի: Իսկ գեղարվեստը առանց ստեղծագործականության ոչ գեղեցիկ է եւ ոչ էլ արվեստ:

Երրորդ՝ մեր հասարակությանը տարակուսանք է պատճառել Մաեստրոյի, իբր, զույգ աշխատավարձ ստանալու «փաստը»: Մինչդեռ նա կես դրույքով է վարձատրվում այդ զույգ պաշտոնների համար: Իսկ որքան միջոցներ եւ օժանդակություններ է նա հավաքում օպերային թատրոնի համար, մշակույթի նախարարությանը բնավ չի հետաքրքրում: Չի հետաքրքում նաեւ այն, որ վերջին մեկ-մեկուկես տարում ռեպերտուարային ու երաժշտա-թատերական ի՞նչ նորություներ են նրա հետ եկել մեր օպերային թատրոն, ինչպիսի՜ գաստրոլներ են եղել Մոսկվայում, Քուվեյթում, Դուբայում:

Մատենադարան, հրաշալի պատկերասրահ ու թանգարան, սիմֆոնիկ եւ այլ նվագախմբեր, եւ վերջապես Օպերայի ու բալետի այսպիսի թատրոն ու հնամյա քաղաքակրթություն ունեցող մեր երկիրը չի կարող չօգտագործել իր բոլոր «փափուկ ուժերը»: Մինչդեռ մեր համապատասխան գերատեսչությունը ինքնահաստատողական ինտրիգներով է զբաղված:

Դա նախարարություն չէ, այլ՝ վերջարարություն:

 

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930