Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդիրը «ֆեյքերը» չեն

Ապրիլ 06,2019 10:00

Եթե որեւէ անձնավորություն Հայաստանի տարածքում քարոզում է ազգային եւ ռասսայական խտրականություն, ապա անկախ նրանից՝ նա ՀՀ քաղաքացի է, թե ոչ, օրենքով արգելված գործունեությունն իրականացնում է հրապարակում, թե սոցիալական ցանցում, ներկայանում է իր անունով, թե թաքնվում է «ֆեյքի» տակ, նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության: Այդ առումով ԱԱԾ-ն, իհարկե, իրավացի է եւ, ի դեպ, կարող էր չսպասել վարչապետի հանձնարարականին «գազային մանիպուլյատորների» մասին:

Բայց «ֆեյքերի խնդրի» հետ դա անմիջական կապ չունի՝ անգամ թույլ կտամ ինձ «համաշխարհային թրենդին» հակառակ տեսակետ արտահայտել եւ պնդել, որ առանձին վերցրած նման խնդիր ընդհանրապես գոյություն չունի: Ես կստորագրեմ այս նյութը «Արամ Աբրահամյան», թե «Պողոս Պետրոսյան»՝ դա իմ իրավունքն է: Ուրիշ հարց, որ ընթերցողն ավելի մեծ վստահություն պետք է ունենա իրական անուն-ազգանունով ստորագրած նյութին կամ մեկնաբանությանը:

Իսկ դա բոլորովին այլ ոլորտի խնդիր է: Հակադրությունը ոչ թե «ֆեյք»-«ոչ ֆեյք» հարթության մեջ է, այլ «մեդիագրագիտություն» – «անգրագիտություն», «լրատվամիջոց» – «ոչ լրատվամիջոց», «լրագրող» – «քարոզիչ» («ակտիվիստ», «գաղափարական մարտիկ») հարթության մեջ: Բայց այս հարցում ԱԱԾ-ն կամ որեւէ այլ իրավապահ մարմին գործ չունի՝ դա հասարակական, եթե ուզում եք՝ էթիկական խնդիր է:

Այնտեղ, որտեղ առկա է երկընտրանքի երկրորդ մասը, այնտեղ կա մանիպուլյացիա, փաստերի միտումնավոր ձեւախեղում: Եվ ժամանակակից տեխնոլոգիաներն, այո, հնարավորություն են տալիս բազմապատկել, հազարապատկել քարոզչական հնարքների ազդեցությունը: Մասնավորապես, ինձ թվում է, որ վարչապետի ամեն մի քայլը փառաբանող եւ «նախկիններին» վառելու կոչեր անողները (անկախ նրանից, նրանք «ֆեյք» են, թե «ոչ ֆեյք») կա՛մ «անկեղծորեն» արջի ծառայություն են մատուցում ներկա իշխանություններին, կա՛մ միտումնավոր աշխատում են այդ իշխանության դեմ: Բայց երկու դեպքում էլ դա քարոզչություն է, եւ ընթերցողի խնդիրն է դա հասկանալու եւ հետեւություններ անելու:

Բերեմ մեկ այլ օրինակ: Նազենի Ղարիբյան-Կոնստանտին Օրբելյան կոնֆլիկտում որեւէ կողմին հրեշտակ կամ հրեշ ներկայացնելը քարոզչություն է, իսկ երբ լրատվամիջոցը կամ ֆեյսբուքյան օգտատերն իր առաջ քարոզչական նպատակ է դնում, նա, շատ հավանական է, կգնա մանիպուլյացիների, եւ «դուշմանի» ցանկացած քայլ, ցանկացած բառ կներկայացվի բացասական լույսի տակ: Իմ անձնական վերաբերմունքն այս խնդրին հայտնի է. Օրբելյանը ո՛չ հրեշտակ է, ո՛չ Հերբերտ ֆոն Կարայանն է, ո՛չ էլ մեր օպերայի (հատկապես բալետի) վիճակն է իդեալական: Առաջնակարգ, միջազգային ճանաչում ունեցող դիրիժոր է, լավ կազմակերպիչ, զգալիորեն աշխուժացրել է օպերային թատրոնի աշխատանքը:

Մյուս կողմից՝ պետական պաշտոնյան, հատկապես մշակույթի ոլորտում չպիտի առաջնորդվի « я – начальник, ты – дурак» հայտնի ռուսական սկզբունքով: Հիմա բացառված չէ, որ իմ այս տեսակետը որեւէ մեկին «մանիպուլյացիա» թվա: Ի՞նչ է, այդ դեպքում ինձնով պետք է ԱԱ՞Ծ-ն զբաղվի:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Ինձ համար հայերը լինում են երկու տեսակ’ լավ հայեր, որոնք սեփական կամքով են շարժվում եւ վատ հայեր’ որոնք սեփական կամքով չեն շարժվում: Ես մեր նախկին ղեկավարներին մեղադրում եմ մենակ ոչ թե էս ինչ բանն են սխալ արել, այլ արել են թեկուզ լավ բան, բայց արել են ուրիշի թելադրանքով, իսկ այդ ուրիշները ՀԵՏՈ են ներկայանում իրենց արած լավության գինը, որը ստորացուցիչ ու ստրկական է, մենք նույնիսկ քնած ժամանակ պետք է մտածենք մեր հաջորդ քայլը որը պետք է լինի եւ տեղ չթողնենք ուրիշների թելադրանքին, մենք հայ արարող քաղաքակիրթ լինելով ուղղորդվել ուրիշների կողմից’ սա ազգադավ երեւույթ է: Հայեր ջան, կարեւոր չի ճիշտ թե սխալ ենք գործում, կարեւորը սեփական կամքին ենթարկվենք:

  2. Հ.Շ. says:

    Հայաստանի այժմու իշխանութեան գերագոյն ղեկավարի կեցուածքը համացանցային քարոզչութեան դէմ, մտահոգիչ է այն առումով որ… մտահոգութեան նշան է:

    Չորս ամիսներէ ի վեր միայն, ժողովրդային լայն համակրանք վայելող, քուէներու հսկայական մեծամասնութեամբ ընտրուած վարչակարգ մը, ո՞նց լինում է որ ինքզինք արդէն այդքան տկար, խոցելի եւ դիւրաբեկ կը զգայ, որ կ’ուզէ արդէն Համացանցի վրայ գրաքննութիւն կիրառել, այդ ալ ամենախիստ չափանիշներով… Նամանաւանդ երբ սոյն վարչակարգն ալ իր այդքան մեծ ու աշխուժ փաղանգը ունի քաղաքական մարտի այդ յատուկ դաշտին վրայ, նոյնիսկ այդ միջոցներու շնորհիւ է նաեւ որ կարողացած է դառնալ իշխանութիւն:

    Իսկապէս մտահոգիչ է այս կանխահաս եւ անտրամաբանական խուճապը, երբ որ տակաւին մօտ հինգ տարիներ պէտք է որ դիմանայ այս վարչակարգը, որպէսզի երկիրը արագօրէն չենթարկուի նորէն խորտակիչ ցնցումներու:

    ստորագրութիւն՝
    https://haytougchamlian.blog/

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930