Լրահոս
Օրվա լրահոսը

«Դավիթ Տոնոյանի խոսքը «տակտիկական թատրոն» էր»

Ապրիլ 06,2019 14:00

«Իսկ ո՞ւմ արյունը պետք է թափվի». Ռիչարդ Կիրակոսյանին զարմացրել-զայրացրել է Նյու Յորքի մեր հայրենակիցների արձագանքը` Դավիթ Տոնոյանի հայտարարություններին

Փաշինյան-Ալիեւ փարիզյան ոչ ֆորմալ հանդիպումն ավելի արդյունավետ էր, քան օրերս Վիննայում կայացած պաշտոնական հանդիպումը: Այս կարծիքին է քաղաքական եւ ռազմական վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը: «Առավոտի» հետ զրույցում պարոն Կիրակոսյանն ասաց` առհասարակ կարեւոր է եւ լավ, որ հանդիպումներ կան, քանզի դրանց այլընտրանքը պատերազմն է, իսկ Վիեննայի հանդիպումը նախորդ երեք հանդիպումներից տարբերվում է նրանով, որ պաշտոնական գործընթացի շրջանակում էր` Մինսկի խմբի համանախագահների հովանու տակ: «Ընդհանրապես, լավ էր, իբրեւ առաջին քայլ: Բայց, մյուս կողմից, կարող եմ ասել, որ անհանգիստ եմ»,-ասաց նա` իր անհանգստությունը բացատրելով նրանով, որ բանակցային իրական գործընթացի կամ Արցախի`բանակցություններին վերադառնալու մասին այս հանդիպումից հետո խոսել դեռ չենք կարող. «Եթե ուրախ ենք միայն նրա համար, որ հանդիպում եղավ, դա ինձ համար վատ չափանիշ է, քանի որ նշանակում է՝ մեր վերլուծաբանները մինիմալիստական պահանջներ են դնում եւ ուրախ են միայն նրա համար, որ հանդիպումները չեզոքացնում են պատերազմական գործողությունները: Մինչդեռ իրական բանակցային գործընթաց պետք է լինի»:

Թե ինչպե՞ս, ի՞նչ տարբերակներ պետք է գտնել` Արցախին բանակցությունների վերադարձնելու համար, մեր զրուցակիցը կարծում է, որ շատ բարդ է լինելու. «Ես ուզում եմ շեշտադրել այն հանգամանքը, որ Արցախը պետք է վերադառնա բանակցությունների, ոչ թե ներգրավվի բանակցություններում, քանզի Արցախը բանակցային գործընթացից դուրս էր մղվել Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին: Բայց այդ հարցն ավելի բարդ ու դժվար է լինելու, քան կարգավիճակի կամ որեւէ այլ հարց: Մյուս կողմից, ես որեւէ հույս չեմ տածում, որ բանակցային գործընթացը կարող է արդյունավետ լինել կամ ընդհանրապես բանակցային գործընթաց լինել` առանց Արցախի: Դա անկարելի է»: Մեր զրուցակիցը համաձայնեց դիտարկմանը, որ բանակցությունները չսկսված նորից հնարավոր է՝ մտնում են փակուղի, քանզի թե Ադրբեջանը, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դեմ են Արցախի` բանակցություններին վերադառնալուն: Միաժամանակ, նա նկատում է, որ Մինսկի խումբը շատ փակ եւ ոչ հրապարակային է գործում: Ռիչարդ Կիրակոսյանը կարծում է նաեւ, որ պետք է վերադառնանք իրական բանակցային գործընթացի` առանց օտարների: Այս համատեքստում, նա իբրեւ դրական օրինակ է բերում ժամանակին Ռոբերտ Քոչարյան-Իլհամ Ալիեւ ուղիղ հանդիպումները, որոնք տեղի էին ունենում հայ-ադրբեջանական սահմանին մոտ կամ Նախիջեւանում: Նա չի ընկալում, թե ինչո՞ւ են հանդիպումները Վիեննայում կամ մեկ այլ արտասահմանյան քաղաքում կայանում, երբ իրական գործընթացներն այս տարածաշրջանում են տեղի ունենում, երբ երկու կողմերի զինվորներն այս սահմաններում են զոհվում:

Վերլուծաբանից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպե՞ս է վերաբերվում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարություններին: Հիշեցնենք, Նյու Յորքում, հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ «տարածքներ խաղաղության դիմաց» ձեւաչափ այլեւս չի լինելու, դրան փոխարինելու է «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց» կարգախոսը։ Դավիթ Տոնոյանը նաեւ ընդգծել է, որ Հայաստանն ավելացնում է գրոհային ստորաբաժանումները. «Մենք այդ խրամատային վիճակից, անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք: Ավելացնելու ենք այն ստորաբաժանումների թվաքանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք»:

Ռազմական փորձագետին զարմացրել-զայրացրել է առավելապես Դավիթ Տոնոյանի հայտարարության արձագանքները. «Ես զայրանում եմ Նյու Յորքում նստած այն սփյուռքահայերի վրա, որոնք ուրախանում էին այդ հայտարարություններից, որ պատերազմ էին ուզում: Եվ հարց եմ տալիս նրանց` իսկ ո՞ւմ արյունը պետք է թափվի: Եթե ցանկանում են գալ եւ ապրել Հայաստանում` համեցեք եւ պայքարեք: Բայց եթե ռազմատենչ եք Նյու Յորքում նստած…»: Իսկ առհասարակ Դավիթ Տոնոյանի խոսքը նա համարում է «տակտիկական թատրոն»` ուղղված Ադրբեջանին, քանզի տարիներ շարունակ Ադրբեջանից ռազմատենչ հայտարարություններ ենք լսել, չի խանգարի, որ մենք էլ մի փոքր կոշտացնենք հայտարարությունները:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

05.04.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930