Լրահոս
Օրվա լրահոսը

«Վիզաների ազատականացում՝ ՀՀ իշխանությունների «տնային աշխատանքի» կատարման դեպքում»

Ապրիլ 06,2019 13:30

Ըստ Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Արմեն Վարդանյանի՝ քանի որ չգիտենք՝ կոնկրետ ինչ հարցերի շուրջ է բանակցել Փաշինյանը, դեռ չպետք է նրան մեղադրենք իր խոստումը չկատարելու մեջ:

– ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան եւ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, իրենց ելույթներում անդրադառնալով Վիեննայի հանդիպումից հետո եղած իրավիճակին, դրական գնահատեցին բանակցային գործընթացը: Զախարովան նշեց, որ կողմերը ցույց են տալիս խաղաղ կարգավորման հասնելու ուղղությամբ աշխատանքը շարունակելու մտադրությունը: Իսկ Մոգերինին հայտարարեց, որ Վիեննայի հանդիպման արդյունքներն առաջընթացի հասնելու հույս են տալիս: Սակայն նրանցից ոչ ոք չքննադատեց Ալիեւի ռազմատենչ հայտարարությունները՝ ադրբեջանական հասարակության համար հնչեցված, հանդիպումից մեկ օր հետո: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս փաստը:

– Այն, որ Վիեննայում Փաշինյան-Ալիեւ հանդիպումը դրական մթնոլորտում է անցել, երեւաց նաեւ հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունից: Մասնավորապես, խոսքը վերաբերում է մարդասիրական գործողություններ իրականացնելու մասին կողմերի ձեռք բերած պայմանավորվածություններին: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու չեն դատապարտել Ալիեւի ռազմատենչ հայտարարությունները, ապա այստեղ պետք է ակտիվ աշխատի մեր ԱԳՆ-ն, որովհետեւ ադրբեջանական կողմի ռազմատենչ հայտարարությունները չեն նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը: Շատ հնարավոր է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ Ֆեդերիկա Մոգերինին բացահայտ հայտարարությամբ չդատապարտեն Իլհամ Ալիեւի հայտարարությունները, որպեսզի չսրվի լարվածությունը, բայց փակ հանդիպումների ժամանակ այդ հարցը դնեն Ադրբեջանի նախագահի առջեւ:

– ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարեց, որ վիզաների ազատականացման գործընթացում առաջընթաց կա: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռ մի բան էլ հետ ենք ընկնում ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ժամկետներից, արդյոք այդ առաջընթացը իրատեսակա՞ն է:

– Վիզաների ազատականացման գործընթացը մեծ հաշվով կապ չունի ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ժամկետների հետ: Հայաստանն արդեն վավերացրել է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ CEPA-ն, իսկ ԵՄ անդամ երկրների կողմից դրա վավերացումը ընթացքի մեջ է, եւ հավանաբար այս տարվա ընթացքում բոլորը երկրները կվավերացնեն: Իսկ ահա ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման համար Հայաստանը պետք է «տնային աշխատանքը» կատարի: Այս փուլում խոսքը գնում է վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու մասին: Կարծում եմ՝ մեր իշխանությունները հետեւողական են այս հարցում, կկատարեն այդ «տնային աշխատանքը» եւ այդ գործընթացը երկար չի ձգվի:

– ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Վիեննայի հանդիպումից հետո մեղադրում են, որ նա Վիեննայում չի բարձրացրել այն հիմնական սկզբունքները, որոնք քննարկվել են Ստեփանակերտում, օրինակ՝ Արցախի՝ բանակցային սեղան վերադարձը, Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի պայմանավորվածությունների վրա ուշադրություն դարձնելու հարցը: Համամի՞տ եք այդ մեղադրանքների հետ:

– Վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ բարձրացրել է այդ հարցը, սակայն Ալիեւը չի համաձայնվել դրան: Իսկ ընդհանրապես այս հարցում մանիպուլյացիա կա նախորդ իշխանության ներկայացուցիչների կողմից: Կարծեմ Փաշինյանն առաջին անգամ հայտարարեց, որ չի բանակցելու Ալիեւի հետ, բայց հետո ինքն իրեն ուղղեց կամ պարզեցրեց իր դիրքորոշումը՝ հայտարարելով, որ Ալիեւի հետ ինքը բանակցելու է միայն Հայաստանի մասով, իսկ Արցախի մասով պետք է բանակցեն Արցախի ներկայացուցիչները: Քանի որ չգիտենք՝ կոնկրետ ինչ հարցերի շուրջ է բանակցել Փաշինյանը, դեռ չպետք է նրան մեղադրենք իր խոստումը չկատարելու մեջ: Սա կառավարության դիրքորոշումն է, ոչ թե նախընտրական խոստում: Ինչ վերաբերում է Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները չեղարկելուն, ապա համաձայն եմ այն կարծիքի հետ, որ այդ հարցը արդեն «ջրվել» է եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը դա եւս փաստեց, քանի որ դրանց մասին ոչ մի խոսք չկար:

– ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը Վաշինգտոնում հայտարարել է, որ «Գոյություն ունի նոր խթան, նոր ակնկալիքներ հակամարտության կարգավորման: Մենք այժմ պետք է այդ խթանը վերածենք տեղերում որոշակի քայլերի»: Ի՞նչ քայլերի մասին կարող է խոսք լինել:

– Պետք է հասկանալ, որ ղարաբաղյան հակամարտությունն այնքան բարդ հակամարտություն է, որ դա լուծելու համար երկարատեւ եւ հետեւողական ջանքեր են պետք, եւ այն չի կարող միանգամից լուծվել, պետք է լուծվի քայլ առ քայլ: Դատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած վերջին հայտարարությունից՝ Փաշինյան-Ալիեւ հադիպումն անցել է կառուցողական եւ դրական մթնոլորտում եւ այն, որ կողմերը որոշել են մի շարք մարդասիրական նախաձեռնություններ իրականացնել, վկայում է այն մասին, որ կողմերը որոշել են բարձրացնել փոխվստահության մակարդակը: Օրինակ՝ դա կարող է լինել երկու կողմերի մոտ գտնվող գերիների փոխանակումը:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

05.04.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930