Աշխատանքային գրքույկում մասնագիտությունները գրված են եղել ռուսերենով
Մհեր Աղաջանյանը 2018 թ. հունվարի 10-ին հայցադիմում էր ներկայացրել վարչական դատարան՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության դեմ, արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակելուն եւ վճարման հաշվարկը պետական ծառայություն դիմում ներկայացնելու պահից կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին: Երրորդ անձ էր ճանաչվել ՀՀ ֆինանսների նախարարությունը: Կողմերը դատարան էին ներկայացրել իրենց առարկությունները:
Դատարանը հայցը բավարարել էր, իսկ նախարարության կողմից բերված բողոքի քննությունն ավարտվել է երկու օր առաջ, դատարանը հեռացել է որոշում կայացնելու համար:
Հայցվորի ներկայացուցիչը հայտնել էր, որ Մ. Աղաջանյանը 2017 թ. նոյեմբերի 30-ին դիմելով «Կենտրոն 2» տարածքային բաժին՝ արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակելու մասին պահանջով, տեղեկացրել էր, որ լրացել է իր 59 տարին, ունի 25 եւ ավելի օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից 20 եւ ավելի օրացուցային տարին աշխատել է վնասակար ծանր պայմաններում՝ ՀՀ կառավարության 2012թ. հունվարի 12-ի թիվ 12-Ն որոշմամբ հաստատված արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտությունով, մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ը՝ 10 եւ ավելի օրացուցային տարին աշխատել է վնասակար, ծանր պայմաններում եւ այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք:
Կարդացեք նաև
Մասնավորապես, Զոդի ոսկու հանքում, որպես էներգագետի օգնական, բացհանքի գլխավոր էներգագետ, էներգոարտադրամասի պետ, հանքի գլխավոր էներգագետ, Սոթքի հանքում՝ գլխավոր էներգագետ, գլխավոր էներգետիկ, գլխավոր էներգետիկի բաժնում գլխավոր էներգետիկ, «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ում որպես գլխավոր էներգետիկ:
Աշխատանքային գրքույկում մինչեւ 01.07.2005թ. մասնագիտական ստաժը հաշվելը մասնագիտությունները գրված են եղել ռուսերենով, գլխավոր էներգետիկի մասնագիտությունն էլ համապատասխանել է ՀՀ կառավարության 2012թ. հունվարի 12-Ն որոշմամբ հաստատված արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող 2-րդ ցուցակի մասնագիտությանը:
«Գլխավոր էներգետիկ» եւ «գլխավոր էներգագետ» մասնագիտությունները նույնն են, «էներգագետ» եւ «էներգետիկ» բառերը՝ հոմանիշներ: Հայցվորը դիմումին կից ներկայացրել էր նաեւ «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ի կողմից 2017թ.-ին տրված տեղեկանք, համաձայն որի՝ հայցվորը «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ում աշխատել է որպես գլխավոր էներգետիկ: Տեղեկանքում նշված է, որ ընկերության գլխավոր էներգետիկի պաշտոնական հրահանգով սահմանված՝ նրա կողմից իրականացվող աշխատանքային գործառույթները համապատասխանում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված գլխավոր էներգագետի գործառույթներին: Էներգետիկ եւ էներգագետ բառերը հոմանիշներ են:
Իսկ մեկ այլ ապացույցով՝ «ԳեոՊրոմայնինգԳոլդ» ՍՊԸ-ի կողմից տրված տեղեկանքի, վերահաստատվում է այն, որ գլխավոր էներգետիկը՝ նույն ինքը գլխավոր էներգագետը, ընկերությունում իրականացնում են նույնպիսի աշխատանքային գործառույթներ:
Սակայն հայցվորին մերժել են արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակել, պատճառաբանելով, որ հայցվորի կատարած աշխատանքը չի համապատասխանում արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությանների, պաշտոնների ցուցանիշների թիվ 2 ցուցակի հաստատելու մասին ՀՀ կառավարության 12.01.2012 թվականի թիվ 12-Ն որոշման լեռնային աշխատանքների բաժին 1-ին հատվածի բ/ ենթակետի իքս-ծածկագրով նախատեսված գլխավոր էլեկտրագետ, նրանց տեղակալներ (օգնականներ) աշխատանքին:
Ըստ հայցվորի ներկայացուցչի փաստարկների՝ «վարչական մարմինը ոչ թե պետք է գնահատեր հայցվորի կատարած աշխատանքի համապատասխանությունը վերոհիշյալ ծածկագրին, այլ վերլուծելով ապացույցները, որոնք հավաստում են հայցվորի կողմից գլխավոր էներգագետի աշխատանքը կատարած լինելու փաստը գնահատեր դրա համապատասխանությունը ՀՀ կառավարության նշյալ որոշմանը»:
Օրենքը հստակ պատասխանում է, թե պետական կենսաթոշակների տեսակների որ շարքին է դասվում արտոնյալ պայմաններով կենսաթոշակը:
«Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ «Արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակվում է 59 տարին լրացած անձին՝ եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, առնվազն 20 օրացուցային տարին աշխատել է վնասակար, ծանր պայմաններում, մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ն առնվազն 10 օրացուցային տարին աշխատել է վնասակար, ծանր պայմաններում եւ այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք»:
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին 2011թ. մայիսի 5-ին ընդունված ՀՀ կառավարության թիվ 665-Ն որոշման 2-րդ հավելվածի.. համաձայն՝ աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է»:
Գաղտնիք չէ, եթե անգամ չլիներ աշխատանքային գրքույկը, աշխատանքային ստաժը հաստատելու համար ընդունվում են արխիվային տեղեկանքներ, աշխատանքի ընդունելու եւ աշխատանքից ազատելու մասին հրամաններ կամ հրամանների քաղվածքներ, ինչպես նաեւ համապատասխան իրավահարաբերությունների առաջացման օրվա դրությամբ գործող աշխատանքային օրենսդրության համաձայն կնքված աշխատանքային գրավոր պայմանագրեր եւ համաձայնագրեր, հաշվառման տվյալների բազայում առկա տեղեկատվությունը:
ՀՀ կառավարության որոշումներից մեկի համաձայն էլ, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժի մասին տեղեկանք չի պահանջվում:
Պատասխանողը եւ նախարարությունը առարկություն էին ներկայացրել Մ. Աղաջանյանի 20 օրացուցային տարին վնասակար ծանր պայմաններում աշխատած լինելու հանգամանքի վերաբերյալ: Իրենց առարկությունները հիմնավորում են ոչ թե աշխատանքային գրքույկում առկա տվյալների հիմքով, որոնք ընդգրկում են հայցվորի կատարած աշխատանքի եւ աշխատանքային ստաժի մասին ամբողջական տեղեկատվություն, այլ նախկինում հայցվորի կողմից ներկայացրած տեղեկանքների եւ «անհայտ ծագում եւ բովանդակություն ունեցող ստուգման ակտի հիման վրա»: Սա այն դեպքում, երբ հայցվորն արտոնյալ պայմաններով կենսաթոշակ ստանալու հնարավորություն տվող աշխատանքով աշխատել է 30 տարի 7 ամիս:
Պատասխանող ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության առարկությունները.
Պատասխանող՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության կողմից ներկայացվել է առարկություն, որով հայտնվում է, որ անձը կարող է ձեռք բերել արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք՝ համապատասխան պայմանների միաժամանակյա առկայության դեպքում:
Ըստ այդ առարկությունների, գործում առկա երկու տեղեկանքներում նշված պաշտոնների եւ ծածկագրերի միջեւ նույնպես առկա են անհամապատասխանություններ: Տարածքային բաժնի կողմից իրականացվել է ստուգում, եւ նշված մասնագիտությունները չեն համապատասխանում դիմումին կից ներկայացված տեղեկանքներում նշված մասնագիտություններին, եւ դրանից ելնելով՝ պահանջվող 20 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ չունենալու հիմքով, տարածքային բաժնի կողմից մերժվել էր հայցվորի՝ արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակելու վերաբերյալ դիմումը:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
05.04.2019