Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ». 10.000 քաղաքացի պահանջում է օրենք՝ հանուն կենդանիների փրկության

Ապրիլ 05,2019 23:33

Aravot.am-ի «ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ» նախագծի այսօրվա հրապարակումը նվիրված է առցանց հարթակում կենդանասերների նախաձեռնած ստորագրահավաքին: Մեր զրուցակիցն է կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Դինգո թիմ» հ/կ ղեկավար Օվսաննա Հովսեփյանը:

-Տիկին Հովսեփյան, վերջին ամիսներին կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հ/կ-ների «ֆեյսբուքյան» էջերում ավելի հաճախ հրապարակվեցին կրակոցով սպանված, հաշմանդամություն ձեռք բերած կենդանիների լուսանկարներ: Ինչո՞վ կպայմանավորեք նման սարսափելի դեպքերի թվի աճը:

-Այո, վերջին շրջանում կենդանիների հանդեպ մարդկանց դաժանությունն առանձնահատուկ թափ է ստացել: Պատճառն այն է, որ դաժանություն գործելուց հետո մարդիկ հիմնականում անպատիժ են մնում: Հաճախ մենք Ոստիկանության փոխարեն գտնում ենք այդ մարդկանց, ասել է թե՝ իրավապահների փոխարեն կատարում նրանց գործը, բայց նրանք ենթարկվում են լավագույն դեպքում 30 հազար դրամ տուգանքի: Ավելին՝ վերջին մի քանի դեպքի առնչությամբ Ոստիկանությունը մեզ ուղարկեց պատասխան այն մասին, որ համապատասխան վարչական մարմինը գոյություն չունի, այսինքն՝ այդ հոդվածը փաստացի չի կիրառվում(Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի դեպքերի համար սահմանում է տուգանք.-խմբ): Նման պատասխանն անհասկանալի է: Սա լուրջ խնդիր է դարձել, որովհետեւ մարդիկ սկսել են չարությունը թափել կենդանիների վրա՝ առանց պատժվելու վախի:

-Ի՞նչ լուծում է առաջարկում կենդանասերների համայնքը:

-Վերջերս նախաձեռնեցինք ստորագրահավաք: Արդեն 10 000 քաղաքացի պահանջում է քրեական հետապնդման ենթարկել կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի հեղինակներին:  Նման վերաբերմունքը եւ խոշտանգումը պետք է ենթադրեն քրեական պատիժ՝ ազատազրկում եւ մեծ չափի տուգանքներ: Այդ արատավոր երեւույթի դեմ մինչեւ վերջ պայքարել հնարավոր չէ անգամ այն երկրներում, որտեղ կենդանուն խոշտանգողներն ազատազրկվում են: Այնուամենայնիվ, օրենքը կնպաստի, որպեսզի նման դեպքերի թիվը նվազի:

-Ձեր մատնանշած դեպքերից մեկում կենդանուն կրակել էին մանկապարտեզի բակում, որտեղ նա ամենօրյա խնամքի ներքո էր: Սա ինքնաբո՞ւխ հաշվեհարդար էր, թե…

-2018թ. հուլիսից թափառող կենդանիների վնասազերծմամբ զբաղվող կազմակերպության գործունեության դադարից հետո որեւէ պետական կառույց չի զբաղվել խնդրով: Քաղաքապետարանի համապատասխան կառույցը մարտից է սկսել աշխատել: Կենդանիների թիվն ավելացել է: Չմոռանանք նաեւ նախորդ տարիներին չստերջացված շների մասին: Շատ դեպքերում մարդիկ փորձում են շան հետ ինքնադատաստան տեսնել: Բայց երբ կրակելով սպանում են փոքր շանը կամ ձագերին, դա բոլորովին ինքնապաշտպանություն չէ եւ չի կարող դիտարկվել որպես տարածքը շների խմբից պաշտպանելու միտում: Դա դաժան վերաբերմունքի ակնառու օրինակ է:

-Իսկ «շների կռիվ» կազմակերպե՞լը:

-Շնամարտերը նույնպես դասվում են կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի դեպքերի շարքին, հետեւաբար, դրանց հեղինակները նույնպես պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն, որովհետեւ նրանց  գործողությունների հետեւանքով կենդանին վնասվում է:

-Շատ երկրներում Ոստիկանությունն ունի կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բաժին, եւ, օրինակ, շանը սովի մատնած կամ խոշտանգած անձը հայտնվում է ճաղերի հետեւում: Զարգացող երկիր համարվող Հայաստանն ունի՞ նման կառույցի կարիք:

-Միանշանակ, ունենք նման ոստիկանության կարիք եւ ոչ միայն, բայց, կարծում եմ, առաջնային քայլը քրեական պատասխանատվության սահմանումն է, ինչից հետո միայն կարելի է անցնել մյուս խնդիրներին, որոնք քիչ չեն:

Զրուցեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

Հարգելի ընթերցող, եթե դու ունես՝

կենդանի, որի մասին կցանկանաս պատմել

կենդանիների խնամքի փորձ եւ խորհուրդներդ մեծ սիրով կծառայեցնես ընթերցողներին,

կենդանիների հետ դաժան վերաբերմունքի մասին ահազանգ, –զավեշտալի կամ հետաքրքիր պատմություն քո խնամքի ներքո գտնվող կենդանու մասին,

կենդանիների իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները բարձրաձայնելու եւ լուծումներ առաջարկելու պատրաստակամություն,

կամ՝ անասնաբույժ ես եւ կկամենաս ներկայացնել քո ձեռամբ փրկված կյանքերի պատմությունը, ապա «ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄԸ» սպասում է քո զանգին (095 85 99 06).

Հեղինակ՝ Լուիզա  ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930