Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Վերջապես կունենանք միջազգային չափորոշիչներին համապատասխանող «Կինոյի մասին» օրենք

Ապրիլ 05,2019 22:20

Ինչպես տեղեկացանք, Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ արդեն մի քանի ամիս է, ինչ իրականացվում է «Կինոյի մասին» օրենքի նախագծի մշակումը՝ որպես Եվրոպական Միության և Հայաստանի միջև Համապարփակ և Ընդլայնված Գործընկերության Համաձայնագրի (ՀԸԳՀ) բաղկացուցիչ մաս» ծրագիրը: Այն իրականացվում է ««Ոսկե Ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի» կողմից:

Հիմնադրամի համահիմնադիրներից՝ Եվրիմաժի հայաստանյան ներկայացուցիչ, ծրագրի ղեկավար Սուսաննա Հարությունյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ աշխատանքները ծրագրի վրա սկսել են հունվարից:

«Ծրագիրն ըստ փուլերի նախանշում է իրականացվելիք աշխատանքները: Դրանք իրենց մեջ ներառում են Եվրոպական մի քանի երկրների կինոօրենսդրության պրոֆեսիոնալ ուսումնասիրություններ, Հայաստանում առկա կինոյի մասին օրենսդրական նախաձեռնությունների մասնագիտական հետազոտություններ, ամենատարբեր ֆոկուս խմբերի հետ հանդիպումներ և քննարկումներ, ինչպես նաև տեղական և միջազգային փորձագիտական շրջանակների ընդգրկում գործընթացում:

Ծրագիրը հնարավորություն է ստեղծում միավորել ինչպես տեղական, այնպես էլ հատկապես միջազգային կինոօրենսդրության փորձագետների ջանքերը, որպեսզի նրանք պրոֆեսիոնալ կերպով աշխատեն նոր նախագծի ստեղծման ուղղությամբ: Մինչև հունիս պատրաստ կլինի օրենքի նախագծի առաջին, նախնական տարբերակը, որն էլ կդրվի քննարկման Հայաստանում կինոարտադրությունում ընդգրկված ընկերությունների, մասնագիտական ամենատարբեր հանրույթների, իշխանության օրենսդիր և գործադիր մարմինների համապատասխան կառույցների հետ»,- ասաց Սուսաննա Հարությունյանը:

Նախագծի համակարգող, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահի գլխավոր խորհրդական Արայիկ Մանուկյանն էլ «Առավոտի» հետ հետ զրույցում նշեց, որ այս ընթացքում արդեն իրականացվել է մեծ ծավալի աշխատանք:

Բանակցություններ են վարվել մշակութային օրենսդրության ոլորտում մասնագիտացած «ԼեգալԼաբ» իրավաբանական ընկերության, նրա հիմնադիր Նարեկ Աշուղաթոյանի, կինոօրենսդրության ոլորտում զգալի փորձ և մասնագիտական հմտություններ կուտակած «Տեր-Տաճատյան» իրավաբանական ընկերության իրավաբան-փորձագետ Անդրանիկ Վահանյանի, «Բարս Մեդիա» ընկերության փոխնախագահ, ռեժիսոր, պրոդյուսեր Իննա Սահակյանի, որի նախագիծը վերջերս դարձավ առաջին հայկական նախագիծը, որը ստացավ Եվրիմաժի ֆինանսական աջակցությունը, պրոդյուսեր Մելիք Կարապետյանի, հարկային քաղաքականության գծով փորձագետ Կարեն Ֆիդանյանի և այլոց հետ, ուսումնասիրման համար նախանշվել են բոլոր այն երկրները, որոնք կինոօրենսդրության միջոցով կարողացել են խթանել կինոարտադրությունը և հասնել նշանակալի արդյունքների: Ուսումնասիրման փուլում են նաև հայաստանյան առկա նախագծերը:

«Ինչպես գիտեք, անցած տարիների ընթացքում Հայաստանում բազմաթիվ փորձեր են արվել՝ ստեղծելու Կինոյի մասին օրենք, բայց բոլոր այդ փորձերը ձախողվել են տարբեր պատճառներով՝ քաղաքական կամքի բացակայության, օրենսդրությունը կոնկրետ շահերի ծառայեցնելու և այլն: Կինոյի մասին օրենքի ստեղծման փորձեր եղել են Հայաստանի անկախացման առաջին տարիներից: Ցավոք, մենք չենք կարողացել ստեղծել օրենսդրական բոլոր հնարավոր ուղիները, որպեսզի Հայաստանում զարգանա կինոարտադրությունը և սա բացառիկ հնարավորություն է: Եվրոպական Միության ֆինանսական աջակցությունը թույլ է տալիս շատ պրոֆեսիոնալ կերպով մոտենալ աշխատանքներին: Այսինքն՝ բացի օրենքի մշակման մեթոդոլագիաներից, առկա են նաև հնարավորություններ՝ վճարել մարդկանց և պահանջել պրոֆեսիոնալ աշխատանք ու մոտեցում:

Արդեն կայացել են մի շարք հանդիպումներ ամենատարբեր ֆոկուս-խմբերի հետ, որոնց մասնակցել են ներկայացուցիչներ տասից ավելի պրոդյուսերական ընկերություններից: Հանդիպումներ են կայացել ԻՖԿԱ-ի՝ Հայաստանի անկախ կինոգործիչների ակումբի, հեղինակային իրավունքի, կինոոլորտում ֆինանսական, հարկային քաղաքականությունների մասնագետների, Ազգային կինոկենտրոնի, կինոռեժիսորների, կինոպրոդյուսերների, կինոսցենարիստների, կինոդերասանների, կինոնկարիչների գիլդիաների ներկայացուցիչների, կինոոլորտում օտարերկրյա ներդրումներ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների, ազատ ստեղծագործողների հետ:

Ստեղծվող նախագիծը թարգմանաբար կներկայացվի նաև միջազգային փորձագետների, իսկ արդեն հունիս ամսին Հայաստան կժամանեն միջազգային փորձագետներ, որոնք տեղում կաշխատեն օրենքի նախագծի վրա»:

«Փորձագետների առումով կարևորում եմ մեր համագործակցությունը Ազգային կինոկենտրոնի հետ, որը պայմանավորվել է Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնի (CNC) հետ հունիսին Հայաստան մասնագետ ուղարկելու վերաբերյալ: Զուգահեռ վերջերս մասնակցելով Եվրիմաժի խորհրդաժողովին, որտեղ հավաքված էր ամբողջ Եվրոպական կինոհամայնքը, ես բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել միջազգային հեղինակավոր փորձագետների հետ, որոնք պատրաստակամություն են հայտնել մասնակցել մեր օրենքի նախագծի մշակման աշխատանքներին և արդեն կան պայմանավորվածություններ Հայաստան գալու: Այս պահին ճշգրտվում են ժամանակացույցերը: Ծրագրի ընդհանուր նպատակն է ՝ օրենսդրական կարգավորումների միջոցով Հայաստանի Հանրապետությունում կինոոլորտի համապատասխանեցումը այդ ոլորտում Եվրոպական Միության չափորոշիչներին: Ծրագիրն ուղղված է «Կինոյի մասին» ՀՀ օրենքի մշակմանը՝ որպես Եվրոպական Միության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի բաղկացուցիչ մաս, որը մեծ խթան կարող է հանդիսանալ հայկական կինոարտադրության համար, քանի որ ուսումնասիրվում է Եվրոպական Միության անդամ երկրների կինոոլորտի օրենսդրական փորձը, աուդիովիզուալ արտադրանքի և ստեղծագործական ինդուստրիայի համաեվրոպական օրենսդրական բազան և քաղաքականությունները»,- ասաց ծրագրի ղեկավար Սուսաննա Հարությունյանը:

Արայիկ Մանուկյանն էլ ավելացրեց, որ «Նախագծի հիմքում դրվելու է ոչ միայն օրենսդրության միջոցով կինոոլորտը կարգավորելու խնդիրը, այլ նաև կինոարտադրությունը Հայաստանում զարգացնելու փիլիսոփայությունը, որը շատ կարևոր է: Եթե օրենքը չի նպաստելու կինոարտադրության զարգացմանը, կինոժառանգության պահպանմանը և հանրայնացմանը, կինոարտադրության հետ փոխկապակցված ամբողջ ուղղությունների մտածված, տրամաբանված գործակցությանը, հնարավոր չի լինի հասնել արդյունքի: Գիտեք, որ Եվրոմիության «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի Մեդիա բաղադրիչը շատ կարևոր գործիք է Եվրոպական Միության և Հայաստանի միջև տեսա-լսողական և մասնավորապես կինոյի ոլորտում համագործակցությունը զարգացնելու, բայց Հայաստանը, ցավոք, չկարողացավ միանալ Մեդիա բաղադրիչին անցած ժամանակահատվածում: Եվ խոչընդոտներից մեկն էլ հենց «Կինոյի մասին» օրենքի բացակայությունն էր: Հույս ունենք, որ օրենքի առկայությունը թույլ կտա նաև այս ճանապարհով մեծապես խթանել կինոյի զարգացումը Հայաստանում: Կինոն այսօր ժամանակակից աշխարհում նույնպես շարունակում է մնալ մեծագույն քաղաքականություն և կինոյի զարգացումը նաև տնտեսության զարգացման կարևորագույն խթանիչներից է ՝ սկսած զբոսաշրջությունից մինչև սպասարկման և ծառայությունների ոլորտներ, կինոկրթությունից մինչև արտադրական ենթակառուցվածքներ»:

 

Անահիտ ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930