Ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունից 100 օր առաջ, Հյուսիսային պողոտայում՝ նորաբաց Եվրոպայի հրապարակում, տրվել է խորհրդանշական ժամացույցի հետհաշվարկի հանդիսավոր մեկնարկը: Այն ազդարարել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը: Հուլիսի 14-27-ը Երևանում կհավաքվեն Եվրոպայի մինչև 19 տարեկանների ուժեղագույն հավաքականները: Տարիքային այս խմբի՝ աշխարհամասի գլխավոր տիտղոսի համար 2 շաբաթ կպայքարեն Պորտուգալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Չեխիայի, Իռլանդիայի և Նորվեգիայի հավաքականները: Նրանց, որպես կազմակերպիչ երկիր, կմիանա Հայաստանի ընտրանին:
Կարևորելով մայրաքաղաքում նման կարգի մրցաշարի անցակացումը՝ Հայկ Մարությանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանն իր հերթին կանի հնարավորը, որպեսզի մրցաշարն անցնի հավուր պատշաճի:
«Սա մեր երկրի պատմության մեջ երևի թե խոշորագույն սպորտային միջոցառումն է լինելու: Երևանն ու Հայաստանը հուլիս ամսվա ընթացքում դառնալու են իսկապես Եվրոպայի կենտրոնը: Երևան քաղաքը պատրաստ է ընդունելու մասնակիցներին և զբոսաշրջիկներին»,- նշել է քաղաքապետը:
Քաղաքապետ Հայկ Մարությանն ու ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը գնդակներ են նվիրել միջոցառման մասնակիցներին ու անցորդներին:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն