Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանն այցելել է ռուսական 102-րդ ռազմաբազա

Ապրիլ 05,2019 21:44

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրի աշխատանքային այցի շրջանակում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղեկցությամբ այցելել է Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազա: Ռազմաբազայի հրամանատարությունը կառավարության ղեկավարին է ներկայացրել զինծառայողների համար ստեղծված կենցաղային և աշխատանքային պայմաններն ու հարմարությունները: Վարչապետը եղել է ռազմաբազայի թանգարանում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, գրառում կատարել Պատվավոր հյուրերի մատյանում և այցելել ռազմաբազայի տարածքում գործող եկեղեցի:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է Գյումրիի քաղաքային ավտոկայան, որտեղ քաղաքային իշխանությունների և կառավարության պատասխանատուների հետ քննարկել է ավտոկայանի հետագա գործունեությանը, մասնավորապես՝ հիմնանորոգմանը և այն տրանսպորտային հանգույց դարձնելու հնարավորություններին վերաբերող հարցեր:

Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Գյումրու «Շիրակ» օդանավակայան, որտեղ հավատարմագրային կառավարիչ հանդիսացող «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ ղեկավարները վարչապետին են ներկայացրել ընթացիկ ներդրումային ծրագրերը: Նշվել է, որ արդեն իսկ «Շիրակ» օդանավակայանում իրականացվել է ենթակառուցվածքների բարելավմանը և տեխնիկական հագեցվածության ապահովմանն ուղղված ծրագիր: Ընթացիկ տարում նախատեսվում է օդանավակայանում նոր ներդրումների արդյունքում կառուցել ժամանումների նոր սրահ, վերանորոգել կառամատույցը և լուծել այլ լոգիստիկ խնդիրներ: Նշվել է, որ տարեկան ուղևորահոսքն արդեն իսկ հատել է 200 հազարի սահմանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է «Շիրակ» օդանավակայանի զարգացման ծրագիրը և համոզմունք հայտնել, որ Գյումրիում ընդհանուր առմամբ իրականացվող ենթակառուցվածքների բարելավմանը միտված քայլերը կնպաստեն քաղաքի գրավչության բարձրացմանը, տնտեսական աշխուժացմանն ու զբոսաշրջային ծավալների ավելացմանը:

Վարչապետն այցելել է նաև Գյումրիի քաղաքային ավտոկայանին հարակից տնակային ավան, հանդիպել է տեղի բնակիչներին, լսել նրանց բնակարանային խնդիրները: Կառավարության ղեկավարը եղել է մի քանի տնակներում և ծանոթացել բնակիչների կենցաղային պայմաններին:

Երևան վերադառնալիս վարչապետն այցելել է նաև Մարալիկ ու հանդիպել տեղի բնակիչներին, զրուցել նրանց հետ և լսել խնդիրները:

***

ՀՀ վարչապետի 2018 թ. դեկտեմբերի 20-ի որոշման համաձայն՝ Շիրակի մարզի քաղաքային և գյուղական բնակավայրերում իրականացվել է պետական, համայնքային, ինչպես նաև այլ անձանց սեփականությունը հանդիսացող տարածքներում տեղակայված ոչ հիմնական շինությունների փաստագրման գործընթաց: Փաստագրվել են թվով 3517 ժամանակավոր կացարաններ, որից Գյումրի քաղաքում՝ 2858, Արթիկում՝ 5 և 17 գյուղական բնակավայրերում՝ 654: Վարչապետի նույն որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբն իրականացնելու է 1988 թ. Սպիտակի երկրաշարժից հետո աղետի գոտու բնակավայրերում տեղադրված կամ կառուցված ոչ հիմնական շինություններում բնակվող ընտանիքների վերաբնակեցման՝ բնակարանային պայմանների բարելավման գործընթացի, այդ գործընթացում պետական պարտավորության ծավալները գնահատելու, տարածքները ոչ հիմնական շինություններից ազատելու, քաղաքաշինական փաստաթղթերի պահանջներին համապատասխանող շինություններն օրինականացնելու վերաբերյալ առաջարկություններ մշակելու, ինչպես նաև խնդրի լուծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը հաշվարկելու գործընթաց: Գործընթացն ավարտին է հասցվելու մինչև ընթացիկ տարվա հունիսի 30-ը: Գյումրու ավտոկայանի տնակային 104-րդ ավանում առկա է 164 տնակ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930