Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը նշում է ծննդյան 55-ամյակը: Այդ առիթով հոբելյարին հաճելի նվեր էին մատուցել ընկերները՝ Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի ՄՊՄԴ-ի աշխատակազմը՝ կազմակերպելով պատանեկան մրցաշար: Մարզադպրոցի տնօրեն, ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Գեւորգյանը Aravot.am-ին ասաց. «Լեւոն Ջուլֆալակյանը մեր մարզադպրոցի կոլեկտիվի անդամ է: Խորհրդակցելով նախարարության եւ օլիմպիական կոմիտեի հետ՝ որոշեցինք նրա ծննդյան օրը նշել պատանեկան մրցաշար կազմակերպելով, որին մասնակցում են Երեւանի եւ մի քանի այլ քաղաքների հարյուրից ավելի երեխաներ:
Եզրափակիչների ժամին մարզադպրոց այցելեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: «Լեւոն Ջուլֆալակյանն արդեն 20 տարի գլխավորում է հունահռոմեական ոճի մեր ազգային հավաքականը եւ նրա աշխատանքի շնորհիվ մեր ընտրանին աշխարհում դարձել է ճանաչված ու հարգված: Բոլորը գիտեն, որ նա օլիմպիական չեմպիոն է եւ որպես մարզիչ էլ մեր երկրին տվել է օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ եւ մեդալակիրներ: Շնորհավորում եմ ծնունդդ, մաղթում առողջություն, հաջողություններ: Դու քո աշխատանքով ես ապացուցել, որ արժանի ես հարգանքի: Լեւոն Ջուլֆալակյանն այսօր ամեն ինչ ունի, բայց մի բան է պակասում՝ ՀԱՕԿ-ի բարձրագույն պարգեւը՝ «Ոսկե Շղթան», որով այսօր սիրով պարգեւում եմ քեզ»:
Այնուհետեւ, հոբելյարն ու հյուրերը հետեւեցին պատանի ըմբիշների եզրափակիչ գոտեմարտերին:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ