Լրահոս
Օրվա լրահոսը

«Չի կարող բնության մեջ գոյություն ունենալ մի նյութ, որ 2008-ին Ռոբերտ Քոչարյանը սահմանադրական կարգը տապալել է». Արամ Օրբելյան

Ապրիլ 05,2019 20:02

«Չկա որևէ նյութ, չի կարող բնության մեջ գոյություն ունենալ մի նյութ, որ 2008-ն Ռոբերտ Քոչարյանը սահմանադրական կարգը տապալել է, քանի որ սահմանադրական կարգը 2008-ին չի տապալվել»,- ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով բողոքի քննությունից հետո հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը:

Նշենք՝ այսօր՝ ապրիլի 5-ին, ՀՀ Վերաքննիչ դատարանում շարունակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքի քննությունը: Այն քննում է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուզաննա Բարսեղյանը:

Հարցին՝ ի՞նչ փաստարկներ ունեն, որոնց համաձայն պետք է փոխվի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, Արամ Օրբելյանը պատասխանեց. «Առաջին հանգամանքն այն է, որ առաջին ատյանի դատարանի որոշումը պատճառաբանված չէ: Սա ձևական պահանջ չէ: Առաջին ատյանում մի շարք փաստարկներ ենք բերել, դատարանը դրանց չանդրադարձավ: Եթե նախկին փուլում ընդհանուր ձևակերպում էր արվում, թե այս փուլի հարց չէ: Մենք բերել ենք Վճռաբեկի որոշումները, որ հենց այս փուլի հարց է: Կալանքի մասին որոշում ընդունելիս դատարանը պարտավոր է դրանց անդրադառնալ, բայց չի անդրադարձել: Սա թիվ մեկ և անկյունաքարային խնդիրն է, քանի որ հնարավորություն չի տալիս պաշտպանվել, եթե դատարանն այդ փաստարկների վրա անդրադարձ չի անում: Երկրորդ հարցը պարոն Քոչարյանի կարգավիճակին է վերաբերում: Վճռաբեկ դատարանի որոշում կա. որպեսզի անձը լինի մեղադրյալ, պետք է լինի մեղադրանքի էությունը: Արդար դատաքննության իրավունքի անկյունաքարային իրավունքն է մեղադրանքի էությունը իմանալ, ոչ թե ասել մարտի մեկի համար կամ այլ. պետք է հստակ գործողությունների և  անգործությունների որակումն իմանալ, հասկանալ՝ ինչ գործողություն է արել, չի արել»:

Արամ Օրբելյանն ասաց, որ իրենց փաստաբանական պրակտիկան ցույց է տալիս, որ միշտ, երբ գործը համեմատաբար թույլ է, փաստարկներ չունեն, փորձում են խառը, բարդ տեքստ լցնել իրար վրա, դատարանում կանցնի սկզբունքով»:

Փաստարկների հարցով Արամ Օրբելյանը հավելեց. «Անձեռնմխելիության հարցը լուծված չէ: Վճռաբեկ դատարանն այս հարցին վերջնական որոշում չի տվել: Վճռաբեկ դատարանը որոշել է սիրուն փաթեթավորել, բայց դա բերում է  մեկ այլ խնդրի, որ Վճռաբեկը չի կարող անդրադառնալ հիմա, քանի որ մեր բողոքը վարույթ չի ընդունում»:

Արամ Օրբելյանը չցանկացավ առանձին ցուցմունքների անդրադառնալ, քանի որ ցուցմունքներին անդրադարձ կատարելը նախաքննական գաղտնիքի բացահայտման վտանգ է պարունակում: Ըստ նրա՝ կա մեծ ռիսկ, որ դա կարող է խաթարել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանության գործընթացը. «Կամ մեկ էլ կարող է ՀՔԾ-ի մտքով անցնել խուզարկություն կատարել մեր գրասենյակում»:

Արամ Օրբելյանը պնդեց՝ որևէ նյութ, որը կլինի ապացույց, որը ինչ-որ ձևով չի տեղավորվում այն ընկալման մեջ, որ իրենք ունեն, չկա:

Մարտի 1-ի հարցով ասաց. «Որ մարտի մեկին տեղի է ունեցել ողբերգություն, դա փաստ է, և ակնհայտորեն ինչ-որ գործիքակազմով պետք է շարունակել այդ գործի քննությունը: Բայց հանցադեպը չկա, դրա համար էլ միջնորդում ենք փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը: Սահմանադրական կարգը տապալելու մասով մարտի 1-ի գործը չի կարող քննվել:

Հարցին՝ արտակարգ դրություն հայտարարելը օրինակա՞ն է եղել, Արամ Օրբելյանը պատասխանեց. «Կար հիմքը, իրավական կարգավորումը, պահպանվել է  ընթացակարգը»:

Հարցին՝ կալանքը գրավով փոխարինելու միջնորդություն ներկայացվե՞լ է, Արամ Օրբելյանը պատասխանեց. «Գրավի միջնորդություն չի ներկայացվում Վերաքննիչ դատարանում, եթե առաջին ատյանում եղել է գրավի միջնորդություն, մենք խնդրել ենք, որ պահպանվի դա: Դա պահպանվել է»:

Հարցին՝ գրավի համար գումարի նույն թի՞վն է մնացել, Արամ Օրբելյանը ժպիտով պատասխանեց. «Թիվ չկա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930