Այսօր ՀայԱրտ մշակութային կենտրոնում տեղի ունեցավ «Կինը կերպարվեստում» խորագրով խմբային ցուցադրությունը։ Ցուցահանդեսին ներկայացված էին ժամանակակից 25 արվեստագետների շուրջ 50 աշխատանքներ: Ներկա էին ցուցադրված գործերի բոլոր հեղինակները։ Կնոջ հմայքն ու ներաշխարհը իրենց կտավներում պատկերած նկարիչներն էին Շահեն Ասլանյանը, Էդուարդ Արծրունյանը, Կառլոս Աբովյանը, Նարգիզ Փաշայանը, Կարինե Գալստյանը, Սվետլանա Սարգսյանը, Հրանտ Թադևոսյանը, Մարիամ Համբարյանը, Գրիգոր Գուրզադյանը, Խաչիկ Աբրահամյանը, Լևոն Խաչատրյանը և այլք։ Կնոջը բնութագրող տարբեր հոգեվիճակները, նրա արտաքին գեղեցկությունը և նույնիսկ բնավորության գծերն էին պատկերված ներկայացված կտավներում։ Ցուցահանդեսի ընթացքում ներկաները վայելում էին դասական կենդանի երաժշտություն։
Զրուցեցինք մշակույթի կենտրոնի տնօրեն Ռ. Շառոյանի հետ:
– Տիկին Շառոյան, ինչո՞վ է պայմանավորված թեմայի այսպիսի ընտրությունը:
– Նախատեսել էինք այս ցուցահանդեսը անել հենց գարնան ամիսներին, քանի որ կինը ավելի շատ ասոցացվում է գարնան հետ, զարթոնքի գեղեցկության։ Գրեթե ամեն տարի գարնանը կազմակերպում ենք նմանատիպ միջոցառումներ։ Ցուցահանդեսի գաղափարը կնոջը ներկայացնելն է։
Կարդացեք նաև
Իսկ արվեստագետ Կարինե Գալստյանի հետ զրուցեցինք իր նկարների ներդաշնակ և ինքնատիպ գույների ընտրության և նշանակության մասին։ Նկարների գույները տաք էին, ստացված տպավորությունները վառ։ Տիկին Գալստյանը նաև իր կարծիքը հայտնեց մյուս նկարիչների գործերի մասին՝ ցույց տալով իրեն դուր եկած կտավները։
Իսկ այցելուներից սիրիահայ Յոլանդ Ռշտունին մեծ հետաքրքրությամբ խոսեց նկարներից ստացած իր տպավորությունների մասին, ասելով որ՝ յուրաքանչյուր նկար, իր կարծիքով, մի յուրահատուկ պատմություն ունի, և ամեն մի գույն նույնպես իր պատմությունն ունի։
Վերջում ներկաներին ողջունեց մշակույթի կենտրոնի տնօրեն Ռ. Շառոյանը, ութօրյա ցուցահանդեսը հայտարարելով բացված։
Թամարա Ավագյան