Ռուսաստանի հայերի միության Կամչատկայի երկրամասի տարածաշրջանային բաժանմունքի նախագահ Արթուր Խաչատրյանին այսօր՝ ապրիլի 5 -ին ընդունել է սփյուռքի նախարարի պաշտոնակատար Բաբկեն Տեր- Գրիգորյանը: Նա սփյուռքի նախարարության կողմից պարգեւատրել է Արթուր Խաչատրյանին ոսկե մեդալով:
Արթուր Խաչատրյանի անմիջական աջակցության եւ հովանավորության շնորհիվ է այսօր գործում Կամչատկայում հայ համայնքը, նրան կից կիրակնօրյա դպրոցը եւ շուտով ծրագրվում է, որ լինելու է նաեւ պարային համույթ: Նախարարի պաշտոնակատարը բարձր գնահատեց Արթուր Խաչատրյանի գործունեությունը՝ շեշտելով, որ քաջատեղյակ է նրա կատարած աշխատանքներին, Կամչատկայի հայ համայնքի ձևավորման, կայացման գործում ունեցած անչափ մեծ ավանդին և մեծ դերակատարությանը: Կամչակտայում շուրջ 500 հայ ընտանիք է ապրում, և չնայած հայերի ներկայությունն այնտեղ տասնամյակների պատմություն ունի, այն, որպես կայացած համայնք ձեւավորվել եւ սկսել է գործել 2015-ին:
Արթուր Խաչատրյանը, իր հերթին շնորհակալություն հայտնեց Տեր-Գրիգորյանին ջերմ ընդունելության համար եւ ասաց. «Ինձ համար մեծ պատիվ է հայրենիքում նման վերաբերմունքի արժանանալը»:
Կարդացեք նաև
Ըստ նրա՝ Հայաստանից դուրս ապրող հայերը պարտավոր են առնվազն մայրենի լեզվին տիրապետել: Այսօր կիրակնօրյա դպրոցում արդեն 25 աշակերտ է սովորում, նրանք 3 տարում սովորում են հայերեն գրել, կարդալ, ծանոթանալ Հայաստանի պատմությանը: Պատահական չի, որ Կամչատկայում առկա մյուս՝ ավելի մեծ թվով ներկայություն ունեցող ազգային փոքրամասնությունների կողքին հայերն ամենահզոր համայնքն ունեն: Դա նրա շնորհիվ է, որ հայերը իրենց արմատներին ամուր կառչած են:
Հանդիպման ընթացքում Արթուր Խաչատրյանը խոսեց հայաստանյան կառույցների, նախարարության հետ սերտ եւ արդյունավետ համագործակցության մասին: Հայտնի է, որ կառավարության կառուցվածքի փոփոխությամբ պայմանավորված՝ սփյուռքի նախարարության փոխարեն գործելու է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ: Պարոն Խաչատրյանը հույս հայտնեց, որ այդ գրասենյակը նույնպես սերտ համագործակցություն կծավալի Կամչատկայի համայնքի հետ, կշարունակեն ապագայում համատեղ նախաձեռնություններով հանդես գալ:
Բաբկեն Տեր-Գրիգորյանն արձագանքեց, որ գործելով վարչապետի աշխատակազմում և ունենալով համակարգման և վերահսկման լայն լծակներ՝ հանձնակատարի այդ գրասենյակը կկարողանա սփյուռքի հետ գործակցությունը տեղափոխել առավել մեծ արդյունավետության դաշտ, աջակցել համայնքներին, մշակել միասնական համահայկական օրակարգ՝ մշտական կապի մեջ գտնվելով հայ համայնքների հետ: Նախարարի պաշտոնակատարը փոխանցեց կառավարության մոտեցումը՝ անգամ ամենահեռավոր համայնքները պիտի զգան՝ Հայաստանն իրենց թիկունքին կանգնած է: