Լրահոս
Օրվա լրահոսը

Ներդրողներ ենք հրավիրում, բայց մութ ու ցուրտ տարիներին գրած օտարերկրյա ներդրումների մասին օրենքը մինչ օրս չի փոխվել

Ապրիլ 05,2019 18:25

Օտարերկրյա ներդրումները չեն կարող հաջողություն ունենալ, եթե 1994 թվականից ի վեր օտարերկրյա ներդրումների մասին օրենքը չի փոխվել: Այսօր այսպիսի մտահոգություն հայտնեց իրավաբան, Վերաքննիչ դատարանի նախկին նախագահ Անատոլի Մաթեւոսյանը՝ օտարերկրյա ներդրողների հետ հանդիպման ժամանակ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո, ներդրողներն այսօր մասնակցեցին «Տնտեսություն եւ գործարարություն» ակումբի նիստին՝ քննարկելու, թե ինչ խոչընդոտներ կան ներդրումային դաշտում:

Անատոլի Մաթեւոսյանի խոսքով, ներդրումների օրենքը գրվեց, երբ մութ ու ցուրտ տարիներ էին, «գազ չկար, տնտեսություն չկար, ամեն ինչ «ֆրոնտի» համար» էր. «Մինչեւ այսօր այդ օրենքը գործում է. հարց՝ 25 տարվա ընթացքում, մեր մոտ, հասարակական կյանքում, մեր տնտեսությունում ոչ մի բան չի փոխվե՞լ: Մենք օտարերկրյա ներդրողների համար նոր արտոնություններ, նոր պաշտպանություններ, բարենպաստ պայմաններ ստեղծելու ոչ մի բան չունե՞նք»:

Ըստ պարոն Մաթեւոսյանի, այդ օրենքում կոսմետիկ փոփոխությունները կատարվել են 2000, 2006 եւ 2007 թվականներին.«Այսինքն՝ մութ ու ցուրտ տարիներին ստեղծված այն կարգավորումները, որոնք մենք առաջարկում ենք օտարերկրյա ներդրողներին, մինչեւ այսօր նույնն են մնում, որովհետեւ օրենքում ոչ մի բան չի փոխվում»:

Ի պատասխան՝ նիստին ներկա տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության ներդրումների ներգրավման եւ համակարգման վարչության պետ Վահագն Լալայանն ասաց, որ ինքը համամիտ չէ, որ ներդրումների մասին օրենքը վատն է. «Ես չեմ կիսում այն մոտեցումը, որ եթե օրենքը հին է, ուրեմն այն վատն է ապրիորի: Օրենքի փոփոխության անհրաժեշտություն իրոք կա, բայց այն այդքան վատը չէ, որովհետեւ, նախ՝ մենք պետք է հասկանանք, օտարերկրյա ներդրումների մասին օրենքն ինչ է կարգավորում: Մեր գործընկերոջ նշած հարցերը շատ լայն սպեկտորի են եւ այդ մի օրենքով, հաստատ, չպետք է կարգավորվեն: Որովհետեւ այդ դեպքում, կմնային մյուս ոլորտները, կմտնեին դրա տակ: Բայց մենք ունենք այլ ոլորտներ՝ ՓՄՁ, գործարարության, տեղական ներդրումներ եւ այլ, եթե մենք այդ ամենը խառնենք, շիլա-շփոթ կլինի»:

Վահագն Լալայանն ասաց, որ համամիտ է այն մասով, օրենքը ուժեղացնելու տեղ ունի:

Անատոլի Մաթեւոսյանի խոսքով, օտարերկրյա ներդրումների մասին օրենքը 25 տարի չի փոխվում, բայց «Հարկային օրենսգիրքը ամեն օր, օրը երեք անգամ փոխվում» է. «Ընդ որում, որքան փոխվում է, այնքան տնտեսվարողների համար պայմանները խստացվում են:

 

Լուսինե ԲՈԻԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930