Այսօր ի պաշտպանություն «Սպայկա» ընկերության ղեկավար Դավիթ Ղազարյանի, ընկերության աշխատակիցներն ու գյուղացիները բողոքի ցույց էին անում վերջերս բացված այս ընկերության պանրի գործարանի բակում:
Գյուղացիները մտահոգված էին՝ եթե գործարանը չաշխատի, «Սպայկան» գյուղմթերքը չմթերի՝ իրենք խնդիրների առաջ կկանգնեն. «Վարկեր ունենք, բա ոնց ենք փակվելու»:
Որոշ գյուղացիներ էլ՝ մեր հարցին՝ ՊԵԿ-ը խոշոր չափերի հարկերից խուսափման գործով է տնօրենին կալանավորելու միջնորդություն ներկայացրել, պատասխանեցին. «Չենք հավատում: Ամբողջ ճանապարհը փակելու ենք»:
Երբ Դավիթ Ղազարյանը դուրս եկավ ընկերության վարչական շենքից, գյուղացիներն ու աշխատակիցներն «ուռա»-ներով դիմավորեցին:
Կարդացեք նաև
Հավաքվածներից մեկն էլ ասաց՝ «Ով որ «Սպայկային» կպնի՝ սրիկա է»:
Դավիթ Ղազարյանն էլ դիմելով հավաքվածներին հայտարարեց՝ «Ժողովուրդ ջան, կալանքի միջնորդությունը շինծու գործարք է իրենց կողմից: Ամոթ է: Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն, ու բոլորս ողջունում ենք: Մերսի, ես գնում եմ ընդեղ (նկատի ունի դատարան), ժողովուրդ»:
Այսօր ՊԵԿ-ը հայտարարել է՝ «ՊԵԿ քննչական վարչության աշխատակիցների կողմից կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպք»: Ըստ ՊԵԿ-ի՝ հանրորեն վտանգավոր արարքը կատարելու համար 2019թ. ապրիլի 4-ին Դավիթ Վենգերի Ղազարյանին («Սպայկայի» տնօրեն) մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով: Դավիթ Վենգերի Ղազարյանը չի ձերբակալվել, այլ ՊԵԿ քննչական վարչության քննիչի կողմից 04.04.2019թ-ին միջնորդություն է ներկայացվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Դավիթ Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Միջնորդության քննարկումն այսօր է ժամը 17:00-ին:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ