Լրահոս
Օրվա լրահոսը

2017-2018 թվականներին «Կոտայք» ջրօգտագործողների ընկերությունը խախտել է բաժանորդների հետ կնքված ջրամատակարարման ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագրերի ելակետային պահանջները

Ապրիլ 05,2019 18:02

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, նույն վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ «Կոտայք» ջրօգտագործողների ընկերությունում բացահայտվել են մի շարք չարաշահումներ:

Մասնավորապես, ըստ նախնական տվյալների, 2017-2018 թվականներին ընկերության տնօրինությունն, օգտվելով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի իրավասու աշխատակիցների կողմից իրենց ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու և ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված՝ ապօրինի ջրամատակարարման ու ջրօգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու պարտականությունները ոչ պատշաճ կատարելու արդյունքում ստեղծված հնարավորություններից, խախտել է բաժանորդների հետ կնքված ջրամատակարարման ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագրերի ելակետային պահանջները:

Ընկերության տնօրինությունը, քննությանը այս պահին հայտնի տվյալներով, առանց ջրաչափերի տեղադրման՝ մատակարարված ջրի ծավալները խորանարդ մետրով գրանցելու փոխարեն գրանցել է հեկտարներով և դրանով իսկ բաժանորդներին փաստացի զրկել մատակարարված ջրի ծավալները վերահսկելու հնարավորությունից: Ջրամատակարարման ընթացքում առաջացած 5-ից 30 տոկոս բնական կորուստների ծավալները հավելագրել է ջրօգտագործողների հասույթի գումարների հաշվին և այդ տվյալները ներառել էլեկտրոնային մատյաններում՝ փաստացի ուռճացնելով մատուցված ծառայությունների ծավալները:

Դրա արդյունքում բաժանորդների կողմից ընկերության հանդեպ ունեցած դեբիտորական պարտքի հաշվեկշիռը ծանրաբեռնել է ընդհանուր՝ 263.580.000 դրամով, ինչի արդյունքում ջրօգտագործողների և կազմակերպության համար առաջացրել է ծանր հետևանքներ:

Բացի այդ, կազմակերպության տնօրինությունն, ըստ նախնական տվյալների, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2017-2018 թվականներին ընկերության տրանսպորտային միջոցների լիցքավորման թերթիկներում մուտքագրելով շահագործման նպատակով բաշխված ավտոգազի, բենզինի և դիզելային վառելիքի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող, կեղծ տվյալներ, յուրացման կամ վատնման եղանակով հափշտակել է, նյութերի նախապատրաստման տվյալ փուլում պարզված, առանձնապես խոշոր չափերի շուրջ 4.000.000 դրամ:

Անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնական անփութության, ծանր հետևանքներ առաջացնելով զուգորդված կազմակերպության ծառայողների կողմից լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերով գումարներ յուրացնելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կեղծ փաստաթղթեր պատրաստելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ և ուղարկվել քննչական կոմիտե՝ նախաքննության:

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930