Լրահոս
Օրվա լրահոսը

Սա խոսքի ազատությունը գնդակահարելու նոր քաղաքական տեխնոլոգիա է. Գևորգ Պետրոսյան

Ապրիլ 05,2019 17:19

«Նիկոլ Փաշինյանն անցնում է բոլոր հնարավոր կարմիր գծերը, և մենք տեսնում ենք մի հետաքրքիր վիճակ, երբ ոչ թե Ալիևն է դառնում ժողովրդավար, այլ Նիկոլ Փաշինյանը Ալիև»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սոցցանցերում կեղծ լրատվությունը վերահսկելու մասին ԱԱԾ-ին ուղղված հանձնարարականին:

Նարեկ Սամսոնյանն ասաց, որ բաց նամակով դիմել է ԱԱԾ պետին և նշել, որ պատրաստ է օգնել նրանց, որ գտնեն այդ կեղծ օգտահաշիվների հիմնական ուղղությունները: Ըստ Նարեկ Սամսոնյանի՝ խնդիրն ունի երկու կողմ: Նա մանրամասնեց. «Նիկոլ Փաշինյանն ասում է՝ մանիպուլյացիա անող ֆեյքերը նախկին հանցավոր իշխանության հանցավոր մարդկանց կողմից վարվող էջերն են: Երբ ընդդիմադիրն ասում է, որ երկրում գոյություն ունեն հանցավոր պաշտոնյաներ, տեղին է, բայց երբ գործող իշխանության ղեկավարն է նման հայտարարություն անում, դա հասկանալի չէ, քանի որ հենց նրա առաքելությունն է այդ հանցավոր տարրերի դեմն առնելը: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ այն մարդիկ, որոնք տեղեկություն են տարածում, ինչն իրենց հաճո չէ, պետք է պատժվեն»:

Նարեկ Սամսոնյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը փաստացի ուժի կիրառման սպառնալիք է հնչեցնում արդեն ներքաղաքական համատեքստում. «Անգամ անցնում է ժողովրդական լեզվով ասած բոլոր տեսակի չափերն ու սահմանները: Ասում է՝ ովքեր մանիպուլյացիոն տեղեկություններ են տարածում, նրանք իրենց ծնոտին պիտի զգան կառավարության հակազդումը: Քուչի բառապաշարը Նիկոլ Փաշինյանին վատ խմբագրի մակարդակից առաջ չի տարել և ուժի սպառնալիքով փորձում է լռեցնել այն մարդկանց, որոնք անգամ կարող են ֆեյք ունենալ»:

Նարեկ Սամսոնյանին հետաքրքրում է՝ ինչո՞ւ են մարդիկ ֆեյքեր բացում: Ըստ նրա՝ դա այն պատճառով է, որ ՀՀ-ում ստեղծված է վախի մթնոլորտ, որ ՀՀ-ում ասֆալտին են փռում, ծեփում պատերին, ծնոտին են ուտում. «Նիկոլ Փաշինյանի ալիևացման պրոցեսը հետաքրքիր հետագիծ է թողնում: Երեկ նաև այդ նույն մարդը խոստովանեց, որ իր ցուցումով քրեական գործ է հարուցվում: Ալիևն էլ է սա անում, պարզապես նա բացահայտ չի ասում: Նիկոլ Փաշինյանի ֆեյքերը տասնյակ հազարների են արդեն հասնում: Մենք բացահայտել ենք վեց հազարին մոտ կեղծ օգտահաշիվ»:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի կարծիքով՝ սա խոսքի ազատությունը գնդակահարելու նոր քաղաքական տեխնոլոգիա է, որը ներդրվել է այս իշխանությունների օրոք. «Չեմ ասում, որ նախկինների ժամանակ չկային, բայց այսօր ահռելի կազմակերպված մարդկանց խումբ է, տպավորություն է, որ մի քանի հարյուր հոգի սպասում են այսինչի ելույթին՝ նշանակություն չունի՝ ինչից ես խոսում, իրենք պատրաստ կանգնած են այդ գործի վրա: Չհասկացա, թե ինչու այդ հանձնարարությունը տրվեց ԱԱԾ-ին: Իմ կարծիքով՝ ԱԱԾ-ն շատ ավելի կարևոր խնդիրներ ունի լուծելու, քան դրանով զբաղվելն է: Դա ըստ էության ոստիկանության խնդիրն է. կարծում եմ՝ նրանք պիտի լծվեն այդ գործին: Սա խոսքի ազատությունը օրորոցում խեղդելու տեխնոլոգիա է»:

Այն դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է դաշտը կարգավորել, պատգամավորն արձագանքեց. «Եթե իրականում այդպես է, ողջունում եմ Փաշինյանի նախաձեռնությունը և հորդորում, որ օբյեկտիվությունը պահի, և միայն իրենց հայհոյողներին չպատժեն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930