Լրահոս
Օրվա լրահոսը

«Հետեւելու ենք, որ սեղմված գազի շուկայում չլինեն թելադրված գներ». Ֆինանսների փոխնախարար

Ապրիլ 05,2019 17:02

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում այսօր պատգամավորները քննարկեցին եւ հավանություն տվեցին ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին, որն առաջիկայում քննարկման կդրվի ԱԺ լիագումար նիստում:

Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը տեղեկացրեց՝ այս նախագծի կարգավորման առարկան ակցիզային հարկով հարկվող սեղմված բնական գազի հաշվարկման մեխանիզմն է: Փոխնախարարը նշեց, որ ՀՀ-ում 700.000 սպառող տրասնպորտային միջոցներ օգտագործելիս սպառում է սեղմված գազ. «Սպառողների իրավունքների ոտնահարման ռիսկեր կան: Հայտնի է, որ լցակայաններում արտաքին ազդեցությամբ՝ ջերմաստիճանի եւ ճնշման միջոցով, գազի ծավալը հեշտությամբ փոփոխության է ենթարկվում: Այսպես գազի թերակշռման ռիսկեր են առաջանում»:

Արման Պողոսյանը նշեց, որ լցակայաններում ներկայումս սեղմված գազի հաշվառումը կատարվում է խ/մ-ով, բայց եթե անցում կատարվի ավելի վերահսկելի չափման միավորի՝ կգ-ի, նման ռիսկերը կչեզոքացվեն. «Ինչ վերաբերում է սեղմված գազի գնի վերանայման ռիսկերին, նկատել ենք իրարանցում, բայց այն չի կարող կապ ունենալ այս նախագծի հետ, քանի որ այն ԱԺ-ում դեռ չի էլ քննարկվել: Տնտեսվարողները միշտ էլ փորձում են իրենց համար օգուտներ քաղել, բայց մենք հետեւողական ենք այս խնդրում, որպեսզի չարաշահումներ չլինեն, իսկ սպառողների իրավունքները՝ չոտնահարվեն»:

ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նախագծի վերաբերյալ մտահոգություն հայտնեց. «Տնտեսվարողները որոշակի «խաղեր» են տալիս ու շահույթ ստանում, ուստի պարզ է, որ սեղմված գազի գինը բարձրանալու է, ինչն էլ հարվածելու է սպառողի գրպանին»:

Արման Պողոսյանն արձագանքեց. «Վստահեցնում են, որ նախագծի միակ շահառուն սպառողն է: Այս ընթացքում տնտեսվարողները ստացել են չհիմնավորված գերշահույթներ, որովհետեւ թերի են գազը կշռել: Կա այսպիսի ռիսկ, բայց ՏՄՊՊՀ-ն լուրջ անելիքներ ունի այս հարցում: Հետեւելու ենք, որ շուկայում չլինեն գերիշխող դիրքի չարաշահումներ եւ թելադրված գներ»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

https://www.facebook.com/aravot.am/videos/270517850500187/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930