Կոմիտասի ծննդյան 150-ամյակին նվիրված ծրագրի շրջանակներում, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ «Կարոտի կռունկ» ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմը ներկայացրեց Հ.Հ. վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանը:
Ցուցադրման սկզբում Սարգիս Նաջարյանը խոսեց ֆիլմի ստեղծման մասին. «Ես որպես հայ մոտեցա այս գործին՝ իմ հոգին լցնելու և Կոմիտասով ապրելու: Ես հաճախում էի Կոմիտասի արխիվ: Եվ ստացվեց այնպես, որ ռադիոյում աշխատելու տարիներին պատրաստեցի Կոմիտասին նվիրված մեծ հաղորդումներ և հինգ տարբեր տեսաֆիլմեր: Այս ֆիլմը շրջեց հայկական գրեթե բոլոր համայնքներում՝ Գերմանիա, Հունաստան, ՌԴ, Հորդանան, Արաբական Էմիրություններ, ինչպես նաև Արցախ, Երևան, մարզեր եւ այլն»:
Ֆիլմ-ներկայացումը Կոմիտասի կերպարը ներկայացնում է այնպես, ինչպես այն եղել է իրականում ՝ ըստ արխիվային նամակների, հուշերի, մենախոսությունների, մտքի պայծառացումների և մթագնումների:
«Ինձ պետք էր Կոմիտասի կերպարը, անձը ներկայացնել, որովհետև Կոմիտաս անունը տալիս` բոլորը պատկերացնում են խելագարված մարդ, արյուն և մահ: Ինչո՞ւ: Կոմիտասը բոլորից հրաշք մարդ է եղել : Բառեր չեմ գտնում իրեն նկարագրելու: Այստեղ ես աշխատել եմ ոչ թե գեղարվեստական արժանիք ստեղծելու վրա, այլ առաջին պլանում դրել եմ Կոմիտաս մարդուն: Արժեքը և արժանիքը այստեղ Կոմիտասն է»,-ասաց Սարգիս Նաջարյանը:
Կարդացեք նաև
Ֆիլմում շոշափված են երկու իրական կերպարներ, որոնք մինչև եղեռնը Կոմիտասից գողացել են նրա բոլոր ստեղծագործությունները, և այդպես էլ հազարավոր երգեր և նոտաներ վերացել են և մեզ չեն հասել:
Ֆիլմը արժեքավոր է ոչ միայն իր փաստական-գեղարվեստական որակներով, այլև դաստիարակչական-ուսուցողական բնույթով այն ուղերձ է երիտասարդ սերնդին ու նաև օտարազգիներին:
ԱՐԵՎԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ