Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում տնտեսական աճի կրճատման պայմաններում ֆինանսավորման հասանելիությունը կարող է առանցքային դեր խաղալ երկարաժամկետ մարտահրավերների հաղթահարման հարցում

Ապրիլ 05,2019 16:02

2018 թ.-ին տնտեսական աճը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի (ԵԿԱ) տարածաշրջանում կրճատվել է մինչև 3.1%, ընդ որում այսօր հրապարակված Համաշխարհային բանկի «ԵԿԱ տնտեսական ամփոփման» համաձայն` համաշխարհային տնտեսության աճի հապաղման և անորոշ հեռանկարների պայմաններում 2019 թ.-ին  կանխատեսվում է մինչև 2.1% հետագա անկում:

Տարածաշրջանի երկրներում աճի տեմպերը տարբեր են: Տարածաշրջանի խոշորագույն տնտեսության՝ Ռուսաստանի ավելի բարձր ՀՆԱ-ի կանխատեսումը, Ալբանիայում, Հունգարիայում, Լեհաստանում և Սերբիայում աճի արագացման հետ մեկտեղ էապես նպաստեցին տարածաշրջանի տնտեսական աճին: Միևնույն ժամանակ, ֆինանսական շուկայի և արժութային ճնշումների հետևանքով Թուրքիայում արձանագրվեց լուրջ տնտեսական անկում, ընդ որում 2019թ.-ին կանխատեսվում է ընդամենը 1% տնտեսական աճ, որը 2017 թ.-ի  7.4% -ի համեմատ աննախադեպ մեծ անկում է:

Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Սիրիլ Մուլերը նշում է.  «Համաշխարհային աճի անորոշությունը խնդիրներ է առաջացնում ԵԿԱ երկրների համար, որոնք ստիպված են դիմակայել մի շարք լուրջ երկարաժամկետ մարտահրավերների, այդ թվում՝ բնակչության ծերացմանը, արտադրողականության նվազեցմանը, ներդրումների թուլացմանը և կլիմայի փոփոխությանը: Լավ նորությունն այն է, որ կան մի շարք քաղաքականության տարբերակներ, որոնք կարող են խթանել աճը և մեղմացնել այդ խնդիրները»:  «Երկրները պետք է լուծեն ներդրումային խնդիրները, բարելավեն կառավարումը, ավելի խորը ներգրավվեն համաշխարհային արժեշղթաներին և ապահովեն ֆինանսական ծառայությունների՝ այդ թվում բանկային հաշիվների և թվային վճարումների, մատչելիությունը ավելի շատ մարդկանց համար»:

2020-21 թթ.-ներին տարածաշրջանում ակնկալվում է չափավոր աճ, քանի որ Թուրքիայում սպասվող տնտեսության աստիճանական վերականգնումը կչեզոքացնի Կենտրոնական Եվրոպայում տնտեսական զարգացման դանդաղեցումը: Այնուամենայնիվ, տարածաշրջանի երկարատև մարտահրավերները դեռևս չափազանց մեծ են:

Տարածաշրջանում աշխատունակ տարիքի բնակչության մասնաբաժինը զգալիորեն նվազել է՝ հիմնականում 1990-ականներին ծնելիության մակարդակի նվազման պատճառով: 2013-2014 թթ․-ի ընթացքում արտադրողականությունը կրճատվեց 0.8%-ով: Ներդրումների աճը կտրուկ նվազել է․ համաշխարհային ֆինանսական ճգնաժամին նախորդող հինգ տարիների ընթացքում 15%-ից բարձր ցուցանիշի համեմատ 2014-18 թթ.-ներին այն միջինում կազմել է 1.6%: Բացի այդ, տարածաշրջանի որոշ շրջաններ, մասնավորապես Կենտրոնական Ասիան և Արևմտյան Բալկանները, խիստ խոցելի են կլիմայի փոփոխության հետևանքների՝ երաշտների, ջրհեղեղների և ավելի հաճախակի դարձած բնական աղետների նկատմամբ:

Զեկույցում նշվում է, որ ֆինանսավորման հասանելիությունը կարող է օգնել Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներին դիմակայել այդ մարտահրավերներին, քանի որ ֆինանսական ծառայությունների մատչելիությունը նպաստում է, որ մարդիկ ներդրումներ կատարեն իրենց առողջության, կրթության և բիզնեսի համար՝ նպաստելով զարգացմանը և աղքատության կրճատմանը:

«Ֆինանսավորման հասանելիությունը կարող է նպաստել աճին և կարևոր դերակատարություն ունենալ տարածաշրջանի երկարաժամկետ մարտահրավերների լուծման գործում», – ասում է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գլխավոր տնտեսագետ Ասլի Դեմիրգյուչ-Կունտը: «Բանկային հաշիվ ունենալը գործող ֆինանսական համակարգ մուտք գործելու առաջին քայլն է, որը հեշտացնում է աշխատավարձ, ընկերների և ընտանիքի անդամների փոխանցված գումարներ ստանալը և պետական տուրքերի հավաքագրումը: Այն նաև խրախուսում է ինչպես խնայողությունը, այնպես էլ փոխառությունը: ԵԿԱ զարգացող երկրներում բանկային հաշիվներ ունեցող բնակչության մասնաբաժինը 2011թ.-ին 45% -ից աճել և 2017 թ.-ին հասել է 65%-ի, ինչը խոստումնալից միտում է: Սակայն շատ երկրներ դեռ երկար ճանապարհ պետք է անցնեն»:

2017թ.-ին Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում, մասնավորապես Ռուսաստանում, Թուրքիայում, Ուզբեկստանում, Ուկրաինայում և Ռումինիայում, մոտ 116 մլն մեծահասակներ չունեին բանկային հաշիվներ: Բանկային համակարգում չընդգրկվելը հիմնականում պայմանավորված է աշխատուժից դուրս մնալու, կրթության ցածր մակարդակի և բնակչության ամենաաղքատ 40%-ում լինելու հանգամանքով: Ֆինանսական հաստատությունների նկատմամբ վստահության պակասը լուրջ խնդիր է մարդկանց համար, որի հետևանքներն են տարածաշրջանում բանկային խնայողությունների ցածր մակարդակը և ոչ ֆորմալ փոխառությունների լայն տարածումը: Պահպանվում է նաև այդ հարցում գենդերային անհավասարությունը։ Տարածաշրջանում բանկային հաշիվներ չունեցողների 58%-ը կանայք են:

Զեկույցում նշվում է, որ տեղափոխելով բնակչության սովորական վճարումները բանկային համակարգ՝ այդ երկրների կառավարությունները կարող են էապես նպաստել բանկային հաշիվներ ունեցողների թվի կտրուկ ավելացմանը: Նման վճարումների թվում են պետական հատվածի աշխատողների աշխատավարձը, պետական կենսաթոշակները, գյուղատնտեսական վճարները և սոցիալական նպաստները կարիքավոր մարդկանց: Թվային տեխնոլոգիաների զարգացումը և բջջային հեռախոսների ավելի լայն օգտագործումը նույնպես մեծ հնարավորություններ են ընձեռում կառավարությունների համար՝ ընդլայնելով տարածաշրջանի երկրներում ֆինանսավորման հասանելիությունը, գենդերային բացերի վերացումը և տնտեսական աճի խթանումը:

Համաշխարհային բանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930