ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը «Հայելի» ակումբում կայացած ասուլիսում ասաց, որ մշակութային դաշտում առկա երեւույթները, որ տեսնում է, ինչպես օրինակ, Համազգային թատրոնը ինստիտուտի հետ կցելը, կամ Նազենի Ղարիբյանի այն հայտարարությունը, թե ինքը չգիտեր, որ Համազգային թատրոնի հիմքը գցվել է, իրեն բերում է մի մտքի. «Շատ եմ հավանում պարոն Փաշինյանի այն թեզը, որ ժողովուրդն է այս իշխանության տերը: Բայց ցավոք, հենց որ վերեւներում ինչ-որ բան են որոշում առանց մարդկանց կարծիքները հարցնելու, նորից դառնում է ոչ թե ժողովրդավարություն, այլ հրամայավարություն»,-ասում է ռեժիսորը:
Զարմանում է, որ օպերային թատրոնում ընդամենը տեղյակ են պահել, որ Կոնստանտին Օրբելյանին ազատում են տնօրենի պաշտոնից, մինչդեռ, իր խոսքերով, պետք է գնային կոլեկտիվ, հանդիպեին մարդկանց հետ ու բացատրեին, թե ինչու են այդ քայլին դիմում:
«Ես տեսա հեռուստատեսությամբ, թե ինչպես Փաշինյանը եկավ, կետ առ կետ բացատրեց, թե ինչու են պարոն Օրբելյանին ազատել տնօրենի պաշտոնից: Ու ասաց, որ ինչ-ինչ տեղեկություններ սխալ են, ապա ինքը կպատժի այն իրեն փոխանցողներին:
Տեսա, որ մարդավարի խոսում է… Ես մտավորական եմ, ուզում եմ հարցը տարբեր ասպեկտներով վերլուծեն, որովհետեւ եթե չեն վերլուծում, ես դառնում եմ սովորական ֆեյսբուքյան օգտատեր` գոռում եմ, էս ինչ են անում եւ այլն: Տիկին Նազենին պետք է մինչ այդ հրամանը տալը, նախապատրաստեր, խոսեր»,-վստահ է ռեժիսորը:
Կարդացեք նաև
Նա դեմ է Կոնստանտին Օրբելյանին եւ մյուսներին աշխատանքից ազատելուն, ինչ է թե օրենքն այդպես է սահմանում: «Ըստ իս, օրենքը անընդհատ պետք է փոփոխել, եւ ոչ թե փոփոխել այն պատճառով, որ այդ պահին դա է ձեռնտու…Մեր հարեւան Վրաստանում, օրինակ, թատրոնի գեղարվեստական ղեկավարը եւ տնօրենը մեկ անձ է, դա կոչվում է թատրոնի կառավարիչ…Ի դեպ, մեզ մոտ էլ է այդպես եղել: Ժամանակին Վարդան Աճեմյանը եւ տնօրեն էր եւ գեղարվեստական ղեկավար, նույնը` Խորեն Աբրահամյանը… է փոխեք օրենքը, օրենքը հո բոբո՞ չի»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ