Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան. «Ֆեյք լուրերի դեմ պայքարն անհրաժեշտ է եւ դեռ վաղուց էր պետք»

Ապրիլ 05,2019 15:24

«Ֆեյքերի դեմ պայքարի հարցում որեւէ առանձնացված օրենսդրական պաշտպանություն չունենք, սակայն մենք ունենք պաշտպանություն քաղաքացիական օրենսգրքի 1087 պրիմ 14 հոդվածով, որը սահմանում է պատիվը, արժանապատվությունը խախտելու դեպքում պաշտպանությունը, ինչպես նաեւ զրպարտության դեպքում»,-այսօր «Հենարան» ակումբում այս մասին ասաց փաստաբան Լուսինե Վիրաբյանն՝ անդրադառնալով վարչապետի՝  ԱԱԾ-ին տված հանձնարարությանը՝ պայքարել կեղծ լուրերի եւ կեղծ օգտատերերի դեմ, որոնք սպառնում են ազգային անվտանգությանը:

Այս հանձնարարության մասին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ասել էր՝ պայքարելու են զգույշ եւ մտածված:

Վիրաբյանն ասաց՝ որքան ավելացան սոցիալական կայքերը, այնքան էլ ավելացան ֆեյքերը եւ մամուլում նշված խնդրի հետաքրքրությունը:

Փաստաբանն ասաց, որ օրենսդրությամբ ֆեյք լուրերի աղբյուրը բացահայտելու համար  ոստիկանության կիբերհանցագործության վարչությունն ունի ռեսուրսներ: Մանրամասն՝ տեսանյութում

Aravot.am-ի հարցին՝ ինչպես է հնարավոր պարզել՝ լուրը մանիպուլացնող է, կամ կեղծ օգտատերը գրառումներ է կատարում՝ որոշակի գումարի դիմաց, հնարավո՞ր է պարզել հանցակազմ կա,՞ թե՞ ոչ, փաստաբանը պատասխանեց՝ եթե տվյալ կեղծ լուրն ազգային անվտանգությանն է սպառնում, պետք է այդ գործով զբաղվի ԱԱԾ-ն. «Լուրի բովանդակությունից կարելի է պարզել՝ կեղծ է, սպառնում է  ազգային անվտանգությանը եւ այլն»:

Ըստ փաստաբանի, պետականությանը վտանգող ապատեղեկատվություն տարածելու դեմ առանձնացված օրենք չկա, օրենսդրությունը լրամշակման կարիք ունի:

Մեր հարցին՝ արդյոք կարիք կա նման պայքարի, ինչպես որ վարչապետն է հայտարարել, Վիրաբյանը պատասխանեց՝  այո, նույնիսկ փաստաբանների կյանքն է վտանգված, երբ անձի պաշտպանություն իրականացնելիս ֆեյք լուրեր են լինում եւ ֆեյք օգտատերերի գրառումներ են լինում: «Պետությանն ու պետականությանը, մասնավոր քաղաքացիներին վնաս հասցնող, իրականությանը չհամապատասխանող լուրերի դեմ պայքարն անհրաժեշտ է, եւ դեռ վաղուց էր անհրաժեշտ»,-ասաց փաստաբանը:

Aravot.am-ի հարցին՝ արդյոք այս հանձնարարությամբ կսահմանափակվի խոսքի ազատությունը, Վիրաբյանը պատասխանեց՝ դա Սահմանադրությամբ երաշխավորված իրավունք է.«Բայց դա անսահման իրավունք չէ, եթե մեկի համար խոսքի ազատության, կարծիք արտահայտելու իրավունք է, ապա նաեւ պետք է լինի պարտականություն դիմացինին հարգելու եւ իր արտահայտած խոսքի, կարծիքի հետեւանքը կրելու»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    եթէ «Ֆեյքերի դեմ պայքարը» «վաղուց լինէր», այդ փողոցային միջոցներով իշխանափոխութիւն տեղի չէր ունենար

    նոյնիսկ եթէ շա՜տ գոհ էք ներկայ կացութեամբ, գոնէ մտաւորական տարրական պարկեշտութիւնը ունեցէք այս ակնյայտ իրականութիւնը ընդունելու, գոնէ դուք ձեզի

    յետոյ, կարող էք դուք ձեզ համոզել թէ՝ նպատակը կ’արդարացնէ միջոցները, եւայլն. այսինքն՝ ճերմակ ֆեյքերը ոչինչ, արդար պայքարը սեւ ֆեյքերի դէմ է…

    ամբողջ երկիրը մանկապարտէզ մըն է… տեւական զբոսանքի մէջ…

    • Հ.Շ. says:

      ի դէպ, ֆէյք լուրերի հիման վրայ մինչեւ իսկ ահաբեկչութիւն տեղի ունեցաւ Հայաստանի մէջ, ընտանիքի հայրեր սպաննուեցան

      արդարեւ, Յուլիս 2016-ի արիւնալի յիմարութիւնը ուղղակի կապուած էր Ապրիլ 2016-ի մասին ցնորական վարկածներուն… որոնք այժմու վարչապետին համար ալ քաղաքականօրէն նպաստաւոր եղան…

      իսկ Քոչարյանը մասին այդ բոլո՜ր թալանի-մալանի հեքիաթներէն ետք, իշխանութեան տիրանալով հանդերձ, կարողացան զայն ձերբակալել հիմնականօրէն քաղաքական բնոյթի մեղադրաքով մը – մէկ ալ այդ Տիկին Սիլվային զաւեշտալի ցուցմունքները… –

      խնդիրը այն չէ որ ֆէյք լուրերը շատ են Հայաստանում, քանի որ նոյնքան եւ յաճախ աւելի շատ են այլ երկիրներում… սակայն ի տարբերութիւն շատ մը այլ երկիրների, Հայաստանի բնակչութիւնը չափազանց խոցելի է, հեշտօրէն խաբուող, ինքնզինք կորսնցնող, նաեւ այդ ուղղութեամբ

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930