Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ դատավորները իրենք պետք է նամուս ունենան, հրաժարական տան, գնան, թոշակներն էլ կապահովեք». Սաքունց

Ապրիլ 05,2019 14:25

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն այսօր Մարդու իրավունքների մասին խորհրդարանական լսումների ժամանակ իր ելույթում ասաց. «Նախորդ իշխանությունների օրոք վերցված պարտավորությունները շարունակում են օրակարգում մնալ նաեւ նոր իշխանության պարագայում: Օրակարգային խնդիր է նախկին ժամանակահատվածում մարդու իրավունքների զանգվածային շարունակական խախտումներից տուժած մարդկանց իրավունքների տարածումը՝ դրանք քաղաքական հետապնդման, խոշտանգումների զոհերն են, սեփականության իրավունքից զրկվածները, ԶՈւ-ում սպանվածները եւ այլն: Պետությունը պետք է քաղաքական գնահատական տա, դրանից հետո պետք է տրվի իրավական գնահատական»: Նա ասաց, որ բոլոր այն քաղաքացիներին, որոնց իրավունքները կոպտորեն խախտվել են նախկինում, պետությունը պիտի նրանց բարոյական եւ նյութական փոխհատուցում տա: Բայց այստեղ հարց է առաջանում՝ ինչպե՞ս պետք է ճանաչվեն այդ իրավունքները, դա պետք է արվի դատարանով, բայց մարդու իրավունքները խախտվել են հենց դատարաններում: Մարդկանց սեփականության իրավունքներից զրկել են դատավորները, ու հիմա այդ նույն դատավորները պետք է ճանաչեն նրանց իրավունքնե՞րը:

Սաքունցը հայտարարեց, որ քաղաքական կամքը կա ճշմարտությունը բացահայտելու. «Քաղաքական կամքի առկայության մասին կարեւոր են ոչ միայն հայտարարությունները, այլեւ գործողությունները, դա նշանակում է քայլեր անել: Շատերը վախենում են անցումային արդարադատությունից, ալերգիա ունեն, հոգեխանգարմունքի մեջ են, բայց անցումային արդարադատության բուն էությունը ճշմարտության բացահայտումն է»:

Խոսելով դատավորների մասին՝ Արթուր Սաքունցն ասաց. «Առանց դատական իշխանության անկախության ապահովման, մենք որեւէ երաշխիք չենք կարող ունենալ, որ թավշյա հեղափոխության արդյունքում մերժված ավտորիտար կառավարումը չի կարող վերականգնվել, սա ընդունենք՝ որպես աքսիոմա: Մենք չենք կարող մեր ժամանակը, ռեսուրսները անիմաստ վատնենք, եթե այդ խնդիրը չկատարենք: Պետք է զտում կատարենք ու դատական իշխանությունն ազատենք այն դատավորներից, որոնք անմիջականորեն պատասխանատու են եղել մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար: Դրանց վերաբերյալ կան որոշումներ ՄԻԵԴ-ում, այդ դատավորները իրենք պետք է նամուս ունենան, հրաժարական տան, գնան, այդ դատավորների թոշակներն էլ կապահովեք, պետք է ազատել դատական իշխանությունը նման մարդկանցից: Առանց դրա մենք առաջընթաց չենք ունենա»:

Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը համաձայնեց Սաքունցի հետ՝ ասելով. «Առանց արդար դատական համակարգի, առանց իր մեջ ստրուկը մշտապես գուրգուրած մարդկանցից ազատվելու չի լինի: Ես չեմ հավատում նման տրանսֆորմացիաների, չեն կարող փոխվել նրանք, դա հոգեբանություն է, էություն է: Եթե կան մարդիկ, որ հավատում են դրան, ես վատատես եմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930