Լրահոս
Օրվա լրահոսը

Թեւան Պողոսյանը`Վիեննայի հանդիպման եւ Մեհրիբան Ալիեւայի հայտարարության մասին

Ապրիլ 05,2019 13:50

Մարտի 29-ին Վիեննայում կայացած Փաշինյան-Ալիեւ հանդիպումից Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թեւան Պողոսյանը ի սկզբանե որեւէ յուրահատուկ բան չի սպասել: Այսօր «Հենարան» մամուլի ակումբում անդրադառնալով այդ հանդիպման արդյունքներին, բանախոսն ասաց, որ որեւէ հիմք չկա չհավատալու Նիկոլ Փաշինյանին, որ ինքը խոսել է այն մասին, ինչի մասին հայտարարել է:

Թեւան Պողոսյանը զուգահեռաբար դիտարկում է, թե ի՞նչ խնդիր է Ադրբեջանն իր առջեւ դրել եւ ինչո՞ւ հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահը կրկին հանդես եկավ «այլընտրանքային» հայտարարությամբ` ասելով, թե բանակցություններում ամեն ինչ նույնն է մնացել: Իր պատկերացմամբ, Ալիեւի խնդիրը հայկական միասնականությունը կոտրել է, այդ պատճառով էլ հանդիպումից դուրս գալուց հետո Ալիեւը սկսել է կրկին «հատուկ մեսիջներով» աշխատել. «Դրա համար կարեւոր չի՝ ինքը համաձայնվել է, չի համաձայնվել նրան, ինչ խոսվել է, ինքը հանդիպումից դուրս գալուց հետո գիտեր, որ հատուկ մեսիջներով սկսելու է աշխատել ու ասել, որ ոչ մի բան չի փոխվել եւ, ինչպես Փաշինյանն իր մեծ ասուլիսում ասել էր՝ որեւէ երրորդ երկրում որեւէ չինովնիկ մի բան է ասում, Հայաստանն ալեկոծվում է: Իմանալով սա՝ Ալիեւն ամբողջությամբ իր ցանկությամբ սկսեց ներկայացնել իրավիճակը: Դա է իր խնդիրը ու ժամանակ շահելու մեխանիզմը»:

Թեւան Պողոսյանը վստահ է, եթե մեզ մոտ տնտեսությունը սկսի զարգանալ, Ալիեւն ավելի հզոր սրացումների կգնա: Բանախոսը հիշեց Կազանում կայացած Սարգսյան-Ալիեւ հայտնի հանդիպումը, որտեղ կարծես թե մի իրավիճակ էր, երբ կողմերը ընդհանրությունների էին հանգել: Վերլուծաբանը հիշում է, թե ինչպես էին Հայաստանում քննադատում կազանյան փաստաթուղթը եւ հիշեցնում, որ Ալիեւն ինքն էր ասել, թե մի փոքրիկ առաջարկ ունի`կանի, հետո պարզվեց, որ դա տաս կետից բաղկացած փաստաթուղթ էր, եւ նկատեց`եթե դա Ադրբեջանին ձեռնտու տարբերակ էր, ինչո՞ւ Ալիեւն այդպես վարվեց: Եզրակացնում է` խնդիրը հետեւյալն է` իրեն պետք է Արցախի ամբողջ տարածքը`առանց հայերի, նաեւ երկարատեւ երազանքն է`վերադառնալ Երեւան եւ Զանգեզուր, իսկ դրա համար ժամանակ է պետք: «Այսքանը լավ իմանալով, մենք պետք է օրակարգը մեր ձեռքը վերցնենք եւ սեփական այլընտրանքները հզորացնելով»,- ասաց նա:

Թեւան Պողոսյանը նույն ոճի մեջ է դիտարկում նաեւ Մեհրիբան Ալիեւայի հայտարարությունը`Արցախը վերադարձնելու մասին: Այդ հայտարարությունը, բանախոսը դիտարկում է նաեւ հակազդեցություն`Աննա Հակոբյանի`մարդասիրական նախաձեռնությանը: Ինքն ուրախ է, որ Դավիթ Տոնոյանի եւ ավելի վաղ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի` Արցախում արած հայտարարությունները`տարածքներ չզիջելու մասին, ոգեւորություն են առաջացրել հանրության շրջանում: Ասում է`դրանք պետք է վերածել իրական քաղաքականության: «Եթե մեր նպատակն է որեւէ բան չզիջել, ապա պետք է վերաբնակեցնենք, երկարատեւ`100, 200 տարվա ծրագրեր դնելով: Արցախյան խնդիրը մեզ համար դրված է 1918-ից, շնորհակալություն հայտնենք բոլոր նրանց`ովքեր կարողացել են պահպանել եղածը եւ հասկանանք, որ հիմա մեր հերթն է`ի՞նչ ենք մենք փոխանցելու մեր սերունդներին»,- ասաց նա` հավելելով. «Աննա Հակոբյանի առաջարկում ոչ թե խնդրի լուծումն է դրված, այլ՝ խաղաղություն քարոզելու, ինչը Մեհրիբան Ալիեւան փորձեց ջարդել ու ասել, որ իր պատկերացմամբ խաղաղությունն այն է, երբ Արցախի բոլոր գյուղերում եւ քաղաքներում ծածանվի ադրբեջանական դրոշը: Եթե այս խաղաղությունը չենք ընդունում, պետք է հասկանանք, որ այս նախաձեռնության մեջ պետք է ինչ-որ բաներ փոխենք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930