ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի հերթական նիստում այսօր ԲՀԿ-ի ներկայացրած օրենքի նախագիծը հավանության չարժանացավ: Պատգամավորներն առավելապես «դեմ» քվեարկեցին: Օրենքի նախագիծը վերաբերում էր «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում փոփոխություններ մտցնելուն, որով սահմանվում էր, որ պատգամավորի օրինական գործունեությանը խոչընդոտած անձինք պետք է վարչական պատասխանատվության ենթարկվեն:
Նախագծի զեկուցող, ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը հայտարարեց՝ առաջարկվող փոփոխությունն անհրաժեշտություն է, քանի որ լինում են պատգամավորի օրինական գործունեության խոչընդոտման դեպքեր, նրա գրավոր հարցումներն անարձագանք թողնելու միտում:
Պետրոսյանը որպես օրինակ նշեց, որ վերջերս չի կարողացել մուտք գործել ձերբակալվածների պահման վայր, քանի որ իրեն ասել են՝ «Արդարադատության նախարարի թույլտվությունն է պետք»: «Ի՞նչ է՝ պետք է զանգեմ նախարարից թույլտվություն վերցնե՞մ: Պատգամավորն ունի իրավունք անարգել մուտք գործել այդ վայր»,-ընդգծեց Գեւորգ Պետրոսյանը:
Կարդացեք նաև
Հանձնաժողովի անդամներից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը Պետրոսյանի մտահոգության հետ չհամաձայնեց՝ կարծիք հայտնելով, որ նրա ներկայացրած օրինագծում քաղաքական կոռուպցիայի ռիսկ կա:
Սա վրդովվեցրեց Գեւորգ Պետրոսյանին: Նա լրագրողների հետ զրույցում ասաց. «Քաղաքական հայտարարություն եմ անում՝ իմ նախագծերը միտումնավոր մերժում են: Սա արդեն 4-րդ դեպքն է: Կարծում եմ՝ սա կուսակցության դեմ չէ ուղղված, այլ իմ: Պատճառը գուցե այն է, որ ես իմ ելույթներում քննադատում եմ կառավարությանը: Անգամ լիագումար նիստում առաջարկս քննարկելու հնարավորություն չտվին: Սա՞ է համերաշխության մթնոլորտը»:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ