Լրահոս
Օրվա լրահոսը

Կեղծ լուրերի հիմնական նպատակը հասարակական կարծիքն իշխանությունների դեմ տրամադրելն ու դրանից քաղաքական օգուտներ քաղելն է. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 05,2019 13:12

Մի կողմից՝ սոցկայքերի «ֆեյք» օգտատերերի գոյությունը քրեորեն հետապնդելի չէ, լրատվամիջոցների տարածած այս կամ այն լուրի ճիշտ կամ սխալ լինելը պարզելն էլ հատուկ ծառայությունների անելիքը չպիտի լինի՝ դրա համար այլ կառույցներ ու մեխանիզմներ կան։ Բայց ակնհայտ է նաեւ, որ միտումնավոր տարածվող կեղծ լուրերն ու հասարակական կարծիքի մանիպուլյացիաներն իսկապես կարող են ազգային անվտանգության համար սպառնալիք լինել։ Օրինակ՝ եթե համառորեն «հավաստի աղբյուրներից» տեղեկություններ են հաղորդվում, թե «վերջ, ամեն ինչ որոշված է, հինգ աշխատանքային օրվա ընթացքում Ադրբեջանին ենք վերադարձնելու երեք շրջան, ու դրա դիմաց նրանք համաձայնվելու են բանակցել Ղարաբաղի հետ», դա կարող է ուղղակիորեն ազդել բանակի մարտական ոգու եւ հետեւաբար՝ նաեւ մարտունակության վրա։

Կամ եթե լուրեր են տարածվում, թե կառավարությունը որոշել է առաջիկայում հայկական դրամն արժեզրկել, ասենք, 15-20 տոկոսով, դա բացասական ազդեցություն է ունենում ֆինանսական համակարգի կայունության վրա, ինչը նույնպես անվտանգության կարեւոր բաղադրիչ է:

Կարելի է այսպիսի բազմաթիվ օրինակներ բերել, բայց ընդհանուր պատկերը նույնն է՝ կեղծ լուրերի հիմնական նպատակը հասարակական կարծիքն իշխանությունների դեմ տրամադրելն ու դրանից քաղաքական օգուտներ քաղելն է (եթե անգամ տուժում է պետությունը)։

Իսկ այս ամենի դեմ պայքարելու ի՞նչ մեխանիզմներ ունեն իշխանությունները։ Ենթադրենք՝ որեւէ նախկին բարձրաստիճան պաշտոնյա մի 300 հոգու ամսական, ասենք, 150 հազարական դրամ է տալիս, որպեսզի սրանք սոցկայքերում օրը մի քանի անգամ ստատուսներ գրեն «ara es inch urodneri erkir sarqiq» ոճով, հո չե՞ն կարող հարկային մարմինները ստիպել, որ պատվիրատուն, ասենք, այդ «ֆեյքերին» ՀԴՄ կտրոններ տա, կամ նրանք իրենց ստացած 150 հազարից հարկեր վճարեն (այլ կերպ ասած՝ «ֆեյքահարկ» սահմանեն)։ Ոչ էլ ոստիկանությունը կամ ԱԱԾ-ն իրավունք ունեն այդ մարդկանց թեւերը ոլորել ու «ասֆալտին փռել»։ Եթե անգամ այդ «ֆեյքերը» հանդես են գալիս որպես հեղափոխության նվիրյալներ ու կոչ անում աջուձախ ավերել ցանկացած «հին» արժեք՝ դրանով իսկ գիտակցաբար բացասական վերաբերմունք ձեւավորելով իշխանությունների նկատմամբ։ Նախկիններից սա առանձնապես մեծ ֆինանսական ծախսեր չի պահանջում, տարեկան մի քանի միլիոն դոլար։ Չնչին գումար՝ համեմատած այն թվերի հետ, որ նրանք «վաստակել են» պաշտոնավարման տարիներին եւ կարող են կորցնել, եթե չկարողանան այս իշխանություններին «տուն ուղարկել»։

Այո, խոսքի ազատությունը երաշխավորելն ու զուգահեռաբար քարոզչական մանիպուլյացիաների դեմ պայքարելն իսկապես բարդ գործ է, որովհետեւ սահմանը շատ նուրբ է, եւ շահարկումների հնարավորությունները մեծ են (շահարկումներն, ի դեպ, սկսվեցին վարչապետի ելույթից հաշված րոպեներ անց)։ Բայց կա շատ արդյունավետ ձեւ: Հասարակությանը պետք է պարզապես տեղեկացնել, թե ում կողմից են ֆինանսավորվում եւ ում պատվերներն են կատարում ապատեղեկատվություն տարածող լրատվամիջոցներն ու «ֆեյքերը», եւ վերջ։ Եզրակացություններ անել պետք չէ, հետապնդումների ենթարկել՝ առավել եւս։ Պարզապես տեղեկացնել։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930