Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂ հիմնահարցի կարգավորման համար հիմքեր առկա են. Մարիա Զախարովա

Ապրիլ 05,2019 13:03

Մոսկվան Բաքվին ու Երևանին անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի Վիեննայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև միջև տեղի ունեցած հանդիպման արդյունքներն իրականացնելու գործում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ադրբեջանական ՕՆԱ գործակալությանը տված հարցազրույցում: Հարցազրույցի տեքստը տեղադրված է գերատեսչության կայքում:

«Ռուսաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգում Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործում կողմերին աջակցության ցուցաբերումը դասվում է կարևոր արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում: Այդ հանգամանքը կարևոր նշանակություն է տալիս իրականացվող միջնորդական գործունեությանը, սահմանում է մեծ ուշադրություն դրա արդյունքների նկատմամբ,- ասել է Զախարովան:- Աշխատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ-երկրների (ԱՄՆ, Ֆրանսիա) հետ սերտ գործակցությամբ»:

Այդ համատեքստում անդրադառնալով Հայաստանում քաղաքական ղեկավարության փոփոխությանը՝ Զախարովան նշել է, որ դա «Հայաստանի ներքին գործն է»: «Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ բանակցային գործընթացը շարունակվում է: Կողմերը տրամադրվածություն են ցուցաբերում շարունակել աշխատանքը՝ ուղղված խաղաղ կարգավորման ձեռքբերմանը»,- ասել է նա:

Զախարովայի խոսքով՝ այդ տրամադրվածությունը գրանցվել է նաև Վիեննայում անցյալ շաբաթ Փաշինյանի և Ալիևի հանդիպումից հետո արված հայտարարություններում: «Ողջունում ենք կառուցողական մոտեցումը, որը եղել է բանակցություններում: Կողմերին կցուցաբերենք անհրաժեշտ աջակցություն՝ կյանքի կոչելու այն գաղափարները, որոնց հիման վրա փոխըմբռնման են հասել Ավստրիայի մայրաքաղաքում»,- ասել է դիվանագետը:

«Այնուամենայնիվ, ինչպես բազմիցս ընդգծել են համանախագահ-երկրների նախագահները հակամարտությանը վերջ տալու պատասխանատվությունն ընկած է դրանում ներգրավված կողմերի վրա,- ասել է Զախարովան: Դրա համար հիմքեր առկա են: Գլխավորը՝ ցուցաբերել քաղաքական կամք»:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930