Լրահոս
Օրվա լրահոսը

«Չի կարող լինել երկրորդ սորտի քաղաքացի. հանդուրժել չի նշանակում հավանել, այլ ընդունել, որ մարդիկ տարբեր են». Սվիտալսկու կոչը՝ ՀՀ-ում խտրականության մասին

Ապրիլ 05,2019 12:54

«Մենք պիտի կարողանանք տաբուներ կոտրել: Սա միայն ԱԺ-ի, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը չէ: Մենք կընդունենք օրենքներ, որոնց ՕԳԳ-ն լինելու է զրո, մեռելածին օրենքներ են լինելու, մարդու իրավունքների պաշտպանության համար միասնական աշխատանք պետք է տարվի». ԱԺ-ում «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով լսումների ժամանակ ասաց Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Մինչ խորհրդարանի շենքում լսումներ էին անում, քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին ԱԺ շենքի դռների մոտ պառկած ցույց էր անում «Մի խաբեք մեզ եւ ձեզ» ցուցանակով: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ արդեն մոտավորապես գիտի, թե ինչ են խոսելու լսումների ժամանակ, բայց փաստ է, որ անգամ հեղափոխությունից հետո փակ հաստատություններում, բանակում մարդու իրավունքներ են խախտվում, «զոն նայողների» ինստիտուտը չի վերացել, բավականին խնդիրներ չեն լուծվել:

Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին ասաց, որ այսքան մեծաթիվ մարդկանց մասնակցությունը լսումներին ԱԺ դահլիճում ցույց է տալիս ձեր վերաբերմունքը մարդու իրավունքների նկատմամբ. «ԵՄ-ն ունի դեր, որ պիտի կատարի հայաստանյան մեր գործընկերների երկխոսության մեջ: ՀՀ-ԵՄ հարաբերություները հիմնված են համընդհանուր միասնական արժեքներ վրա եւ մարդու իրավունքները այդ արժեքների անքակտելի մասն են»:

Parliamentary hearings on the topic of the ‘Human Rights National Agenda. United Nations Universal Periodic Review’ took place at the RA National Assembly

Սվիտալսկին ասաց, որ մենք մշտական մարտահրավերներ ունենք մարդու իրավունքների առումով: Նա ասաց, որ 12 ամիսը քիչ ժամանակ է թվում, բայց փողոցներում մարդիկ իրավունք ունեն ակնկալելու փոփոխություններ: Նա ասաց, որ արդարադատության բարեփոխումները ԵՄ-ի համար կարեւոր են, բացի այդ, կան ոլորտներ, որոնք մեր օրակարգում բարձր տեղ չեն զբաղեցնում, խոսքը գենդերահավասարության, կանանց դերի բարելավման մասին է: Սվիտալսկու խոսքով՝ «ՀՀ-ն ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենք ունի, բայց հիմա  կատարման փուլում է այն, մենք կդիտարկենք, թե կատարման փուլն ինչպիսին է, Ստամբուլյան կոնվենցիան ստորագրվել է ՀՀ-ի կողմից, պետք է դիտարկենք, թե երբ է ԱԺ-ն վավերացնելու այն: Մենք, որպես ԵՄ, ակնկալում ենք, որ կյանքի ցանկացած ոլորտում կանայք ավելի հաճախ կնկատվեն առաջնորդող դիրքերում: Երկրորդ կարեւոր ուղղությունը ԵՄ-ի համար հակախտրականությունն է՝ չի կարող լինել երկրորդ սորտի, երկրորդ դասի քաղաքացի: Հանդուրժել չի նշանակում հավանել, նշանակում է ընդունել, որ մարդիկ տարբեր են: Բոլորս իրավունք ունենք արժանապատիվ կյանք ապրել: Մենք լիահույս ենք, որ ՀՀ-ն առաջընթաց կունենա այդ բնագավառում»: Նա ասաց, որ Սահմանադրությամբ ամրագրված է  կրոնական, սեռական կողմնորոշման հիմքով խտրականության արգելքը, հույս ունեն, որ դա կյանքի կկոչվի եւ կարտացոլվի օրենսդրության մեջ, դա խթան կլինի՝ հասկանալու, որ այդ արժեքները իսկապես կարեւոր են:

Աշխատանքային, սոցիալական իրավունքներին Սվիտալսկին նույնպես անդրադարձավ. «Լիահույս ենք, որ նոր Հայաստանում աշխատանքի եւ սոցիալական իրավունքի երաշխիքները կլինեն: Սա կարեւոր է նաեւ GSP+-ի համատեքստում, որտեղ աշխատանքային եւ սոցիալական իրավունքների հարցերը կարեւոր դեր ունեն»:

ՀՀ փոխարտգործնախարար Արտակ Ապիտոնյանն էլ իր ելույթում ասաց. «Մարդու իրավունքների ոլորտում խնդիրներ ունեն բոլոր պետությունները, նույնիսկ ամենաժողովրդավար համբավ ունեցողները: Այստեղ կարեւոր է ոչ թե խնդիրներ չունենալը, այլ կառավարության եւ հանրության պատրաստակամությունը՝ լուծելու այդ խնդիրները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930