Լրահոս
Օրվա լրահոսը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նվիրատվությունը՝ ՔՊ-ին. «Ասացինք՝ դուք արեք, մենք էդ փողը կտանք, ու տվել ենք». «Հրապարակ»

Ապրիլ 05,2019 11:56

Մարտի 25-ին պաշտոնական հայտարարությունների azdarar.am կայքում հրապարակվել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2018 թվականի հաշվետվությունը՝ ֆինանսական միջոցների աղբյուրների եւ ծախսերի, ինչպես նաեւ գույքի մասին։ Հրապարակված փաստաթղթի նվիրատվությունների բաժինն է ուշագրավ։ Ֆիզիկական անձանց կողմից իրականացված նվիրատվությունները կազմել են 81 միլիոն 420 հազար դրամ։ Նվիրատվությունների գումարների չափերը տատանվում են 100 հազարից մինչեւ 10 միլիոն դրամի միջակայքում, քանի որ հաշվետվության մեջ չեն նշվում նվիրատվությունների ժամկետները, ենթադրվում է, որ դրանք աճել են, երբ ՔՊ-ն ընդդիմությունից դարձել է իշխանություն։

Առաջին հայացքից աչքի է զարնում «Լուսավոր Հայաստան» կուսակցության անհասկանալի նվիրատվությունը՝ ՔՊ-ին է փոխանցել 118 հազար դրամ։ Թե ինչու է ընդդիմադիր կուսակցությունը գումար փոխանցել իշխող ՔՊ-ին, փորձեցինք պարզաբանում ստանալ կողմերից։

ՔՊ վարչության անդամ, պատգամավոր Վահագն Հովակիմյանը շեշտեց, որ փոխանցումը կատարվել է հեղափոխությունից առաջ՝ տարեսկզբին, երբ դեռ «Ելք» խմբակցությունը չէր տրոհվել, եւ «Լուսավոր Հայաստան»-«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների ճանապարհները չէին բաժանվել։ Կոնկրետ որ ամսին, որ օրը՝ Հովակիմյանը չհիշեց։ Իսկ ի՞նչ գումար է փոխանցվել։ «Երկու քաղաքական ուժերի միջեւ համատեղ միջոցառումների ժամանակ համաֆինանսավորում է գործել, միջոցառումներից մեկի ժամանակ պլուս-մինուս է եղել, եւ «Ելք» դաշինքի գործընկերն իր մասով, այսպես ասած, պարտք է մնացած եղել ու փոխանցել է պարտքը»,- ասաց ՔՊ վարչության անդամը, սակայն չհիշեց, թե կոնկրետ որ միջոցառման մասին է խոսքը։

Բացը լրացրեց Էդմոն Մարուքյանը, հայտնեց, որ անցած տարեսկզբին «Ելք»-ի կազմակերպած թանկացումների երթի համար պաստառների եւ այլ ծախսերի գումարն է։ «Ես, եթե հիշողությունս չի դավաճանում, ասացինք՝ դուք արեք, մենք էդ փողը կտանք, ու տվել ենք»,- ասաց Մարուքյանը։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930